Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Օգոստոս 11,2007 00:00

2007-ի ԱԺ ընտրությունները դարձան Հայաստանի ընտրական գործընթացների պատմության մեջ առաջինը, որոնցից հետո պատասխանատվության կանչվեցին առանձին ընտրակեղծարարներ:

ԿԸՀ հրապարակած՝ «Մայիսի 12-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ» հաղորդագրությունը ներառում է նաեւ տվյալներ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ «10 գործով դիմումներ են ներկայացվել դատարաններ՝ պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրենքին հակասող (ապօրինի) ակտը (գործողությունը) վիճարկելու մասին պահանջով»: Մի գործով դիմումը բավարարվել է, 7-ով դիմումները մերժվել են, 2 գործով որոշում է կայացվել դիմումի ընդունումը մերժելու մասին: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վերացրել է դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումները, որից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դիմումներն ընդունել է վարույթ: Մեկ գործով վերջնական արդյունքում վճիռ է կայացվել գործի վարույթը կարճելու մասին:

44 գործերով դիմումներ են ներկայացվել ընդդեմ ԿԸՀ-ի՝ պետական մարմնի օրենքին հակասող անգործությունը վիճարկելու պահանջներով: Դրանցից 39-ը մերժվել են, 1 գործով որոշում է կայացվել դիմումի ընդունումը մերժելու մասին, որը բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, 4 գործով որոշում է կայացվել դիմումը վերադարձնելու մասին, որից 3-ը բողոքարկվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը 2 գործով բողոքը բավարարել է եւ վերացրել դիմումը վերադարձնելու մասին որոշումը:

5 գործերով դիմումներ են ներկայացվել դատարաններ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին: 5 գործերով էլ որոշում է կայացվել դիմումի ընդունումը մերժելու մասին: Մեկ գործով դիմում է ներկայացվել դատարան՝ քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալու վարչական իրավախախտման վերաբերյալ: Որոշում է կայացվել վարչական տուգանք նշանակելու մասին՝ 200.000 դրամի չափով:

Առաջին ատյանի դատարաններն ընտրությունների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քննել են 3 քրգործ, դատապարտվել են 12 անձինք: Եվ մասնավորապես՝ Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանի դատավճռով, թիվ 15/16 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ա. Էլոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը) դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով եւ կալանքի վերցվել դատարանի դահլիճում: Նույն հանձնաժողովի քարտուղար Գ. Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամանակով: Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարանի դատավճռով՝ թիվ 14/55 ՏԸՀ-ի նախագահ Ջ. Սարգսյանը ՔՕ 150-րդ հոդվածով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը) դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամանակով եւ կալանքի վերցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել