Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդի՛կ, դիմեք ոճաբաններին»

Օգոստոս 10,2007 00:00

Կոչ է անում դիզայներ-ոճաբան Սոնյա Դավիդովան՝ օրինակ բերելով օտարերկրացիներին:

Դիզայներ-ոճաբան Սոնյա Դավիդովայի անունը հայտնի դարձավ 2005թ. «Հայաստանի նորաձեւության շաբաթ» մրցույթից հետո, որտեղ արվեստագետի «Ես եւ ժամանակը» հավաքածուն շահեց «Գրան պրի»: Այնուհետեւ մրցույթին հետեւեցին մի շարք ցուցադրություններ, իսկ այս տարվա փետրվարին Օդեսայում անցկացվող դիզայներների ու ոճաբանների ամենամյա 8-րդ միջազգային մրցույթում տարբեր երկրների 35 ներկայացուցիչների թվում հայուհին ընդգրկվեց լավագույն տասնյակում, արժանանալով տարբեր պարգեւների, այդ թվում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Ս. Դավիդովան սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Մեր իրականությունում զգալի տեղաշարժ չի նկատվում նորաձեւության ոլորտում, թեեւ հայ դիզայներներդ մեկնում եք տարբեր մրցույթների, արժանանում պարգեւների, վերադառնալով շարունակում ձեր գործունեությունը հայրենիքում…

– Այսօր ունենք դիզայներ-ոճաբաններ, որոնք իրենց ասելիքը կարող են թելադրել աշխարհին: Ես լավատես եմ. կգա այն օրը, եւ ինչպես Ֆրանսիան է ասոցացվում «Շանել», «Դիոր» հանրահայտ պատվանունների (բրենդ) հետ, այնպես էլ մեր երկիրը կճանաչեն հայ դիզայներներով: Մենք նոր-նոր ենք առաջին քայլերն անում այս ոլորտում, մինչդեռ դիզայներ-ոճաբանի մասնագիտությունը Արեւմուտքում ամենաթանկ վճարվողներից է: Երբ Հայաստանը պետք է ներկայացվի երգի որեւէ միջազգային փառատոնում, անմիջապես գտնվում են հովանավորներ՝ անգամ վերեւներից, իսկ դրսում մեր դիզայներ-ոճաբանները արտերկրի հեղինակավոր մրցույթներին ներկայանում են իրենց ուժերով… Հաճախ հիանում ենք ոչ միայն արտերկրի շոու-բիզնեսի, այլեւ տեղի պաշտոնյաների հանդերձանքով: Դա մշակույթ է, որը նոր է ձեւավորվում մեզանում: Դիզայներ-ոճաբան ասելիս հայերիս մեծ մասը հասկանում է միայն սանրվածք, դիմահարդարում եւ զգեստ, մինչդեռ դա այդպես չէ: Ոճաբանը «հղկում» է ոչ միայն իր հաճախորդի արտաքինն ու պահվածքը, այլեւ երկարատեւ աշխատանքի արդյունքում ստեղծում նրա ամբողջական կերպարը:

– Դուք նշեցիք, որ հիանում եք Արեւմուտքի քաղաքական դեմքերի, աստղերի կերպարներով ու ոճերով: Ինքներդ բախտ ունեցե՞լ եք աշխատել որեւէ հայ քաղաքական գործչի հետ:

– Այո, աշխատել եմ ե՛ւ քաղաքական գործիչների, եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք միայն իգական սեռի են: Այս պահին ես ոչ մի անուն չեմ տա: Բայց ուզում եմ մեր տղամարդկանց կոչ անել՝ ժամանակն է, որ իրենք էլ դիմեն ոճաբանների, հրաժարվեն «հայ տղամարդու» բարդույթից: Եթե հարցնեք՝ ո՞ր քաղաքական գործչի կամ շոու-բիզնեսի տղամարդ ներկայացուցչի ոճն եմ հավանում, պատասխանս կլինի լռությունը: Սա այն դեպքում, երբ արտերկրում հենց նրանք են պաշտոնի ու գործի բերումով մի ամբողջ ժողովուրդ ու երկիր ներկայացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել