Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՌԱՆՑՔԸ

Օգոստոս 10,2007 00:00

«Էրկուսուհիսունանոց կարմիր գազարը»՝ իբրեւ լավագույնի մերօրյա էտալոն

Արդեն կես տարի հայկական TV-ներով «պտտվում» են «Արմատ» պրոյեկտի երկու՝ «Գազար» եւ «Սասունա սար» երգերի տեսահոլովակներն ու հայտնվում հիթ-շքերթների լավագույն հորիզոնականներում: Տեսահոլովակների ռեժիսորն է Սուրեն Թադեւոսյանը:

Առաջին երգը կատարում է Վազգեն պապիկը (այդպես է նա ներկայացված տիտրերում), երկրորդը՝ Լաուրա Մինասյանը:

Երկու տեսահոլովակում էլ նույն «սցենարն» է՝ «Հայկական շոու-բիզնեսի ընդունելության քննություններ» ալ կարմիր պաստառի տակ նստած հանձնաժողովը քննում է տարեց, բայց նորաթուխ երգիչներին: Ռեժիսորը փորձել է նոր շունչ տալ հին երգերին՝ «ձեռքի հետ» էլ իբր ակունքներին վերադառնալու փորձ արել, ինչը այնքան էլ չի հաջողվել, որովհետեւ թեկուզ նորովի մատուցվող գեղջկականությունը ամենեւին էլ հայեցիություն չէ:

Բացի դրանից, ամեն ինչից «խորհրդային» հոտ է փչում: «Արամուսի լավ գազարը/ Զարդարել է մեր բազարը,/ Ատամ չունիս՝ տար քից ատամ,/ Չմնաս հոգուդ պարտական…»,- երգում է Վազգեն պապիկը ու «սիրելի էրկուսուհիսուննոց կարմիր գազարով» կաշառում քննական հանձնաժողովի անդամներին (Սիրուշո, Նազենի Հովհաննիսյան, Հասմիկ Կարապետյան, «Կարգին հաղորդման» Հասո եւ այլք): Նրանց այնքա՜ն է դուր գալիս պապիկի խոսքով՝ «շոկոլադի տեղ ծախվող գազարը», որ սկսում են իրարից խլել, մեծ ու փոքր ջոկել, անգամ էրոտիկ հայացքներով ու ժեստերով դիտել, զննել ու կծել այն… Երգն ավարտվում է «բրավոների» տարափով՝ պապիկն ընդունված է, նրան այլեւս փայլուն ապագա է սպասվում հայկական շոու-բիզնեսում: Մեր տեղեկություններով, Վազգեն պապիկի եվրոպաբնակ տղաների պատվերն է այս երգը: Նրանք ցանկացել են նաեւ եթերից առնել իրենց «թագավոր հոր» կարոտը: Տեսահոլովակի վերջում պապիկը դուրս է գալիս քննասենյակից ու մյուս դիմորդին՝ Լաուրա տատիկին հանգստացնում. «Տեսա՞ր, որ դժվար չի»: Ստացվում է՝ հայկական շոու-բիզնես մտնելու համար ընդամենը պիտի կարողանաս «հանձնաժողովի» սիրտը շահելու, նրան կաշառելու այլեւայլ ճանապարհներ փնտրել, այսինքն՝ այն, ինչ արվում է այսօր: Վկան՝ հեռուստադիտողին պարտադրվող բազմաթիվ անճաշակ, իրարից թխված, հաճախ օտարներին անհաջող կապկելու դրսեւորումներով տեսահոլովակները, որոնցով «ծփում» է հայկական TV-ների եթերը:

Ի տարբերություն Վազգեն պապիկի, երեկ մեզ հաջողվեց կապվել Լաուրա տատիկի հետ: «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս սկսվեց իր եւ «Արմատ» պրոյեկտի նախաձեռնողների հետ համագործակցությունը, Լ. Մինասյանը պատասխանեց. «Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան ընդունված թոռնիկիս հետ պարապելիս տղաները խնդրեցին, որ այդ երգը` «Սասունա սարը», ես կատարեմ՝ լսեն, թե ինչպես է հնչում»: Իսկ ինչո՞ւ համապատասխան տարազով հանդես չի եկել: «Հիմա ռեժիսորները ինքնասածի են, ավելի քիչ է մեր կարծիքը հաշվի առնվում: Ես այդ երգը պատկերացնում էի՝ եթե ոչ Սասունա սարում, որն անհասանելի է, ապա գոնե Ալագյազի փեշերին: Մինչդեռ ժամանակի շունչը պարտադրում է, որ շոու-բիզնեսում ավելի շատ թեթեւսոլիկ երգեր հնչեն: Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը եւ պրոդյուսեր Արմեն Ալավերդյանը, որ հոյակապ մարդիկ են, երեւի մտածել են, թե տատիկը սարերի ու դաշտերի ֆոնին՝ տհաճ տպավորություն կթողնի ջահելների վրա, դրա համար էլ կլիպում «Ֆերարի» կա, ժամանակակից հագուստներ եւ այլն»: Տիկին Լաուրան տեղեկացրեց, որ Առաջին «Արմատ» պրոյեկտում ինքը կատարում է նաեւ «Մոդեն էսպես է» երգիծական երգը, եւ արդեն ընթացքի մեջ է 2-րդ «Արմատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել