Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո պարտությունը

Օգոստոս 10,2007 00:00

Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ չգիտակցված ձգտումը անմահության:

Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները՝ օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար, անձնապաստան, հացը ծնկին ուտող եւ հանճարամերժ արարած:

Եվ նրա ուժը դառնում է աստվածամերժ բթությունը եւ անկարողությունը հասկանալու, որ ինքը մենակ ու անօգնական է ջրհեղեղների, երկրաշարժերի, հրդեհների եւ շարունակվող երեւութական եւ աներեւույթ աղետների առջեւ: Եվ ճիշտ է թերեւս այն, որ պետություններն ուժեղ են, քանի դեռ եղանակը լավ է: Նույնիսկ այն պետությունները, որոնց ինքնավստահ բթությունն այնքան է կարծրացել, որ իրենց իրավունք են վերապահում կարգի հրավիրել ուրիշ ժողովուրդների, նրանց տան ներսը կահավորել այնպես, ինչպես իրենց է հաճո՝ թքած ունենալով տանտերերի հազարամյակներով հավաքած սրբազան մասունքների վրա…

Հետո ինչպես Դուդու Բարեպաշտը, որը չորս կրոն էր դավանում եւ գերմանական Կայսրի նշանավոր լրտես էր Բաթուխանի բանակում, անմեղ տեսքով որեւէ տաճարում աղոթում են ի տես ուրիշների եւ ոչ հանուն Աստծո կամ արդարության: Եվ լսելով ուրիշներին մոլորեցնող այդ անհոգի աղոթքները՝ Աստված ամեն օր պարտվում է: Քանզի մտնել տաճար եւ բարեկեցություն խնդրել կամ աղերսել կյանք մահվանից հետո, դեռ չի նշանակում առնչվել Աստծուն:

Այնինչ Աստված այդ կյանքը մեզ շնորհել է ի սկզբանե, եւ այդ կյանքը կա, միայն թե ոչ մի կերպ մենք չենք հասկանում մի բան, որ գալիքն է ձեւավորում-իմաստավորում անցյալը:

Այսինքն թե՝ մեր երազանքը, մեր ձգտումն է ձեւավորում մեր ներկան, այսինքն թե՝ մենք մեր երազանքն ենք: Սակայն, ափսոս, որ մենք այնքան ենք զբաղված մեր առտնին հաճույքներով եւ մեր խղճուկ ցանկությունների մեծարումով, որ չենք էլ զգում, թե ինչ է մտածում երեխան աշխարհ գալուց առաջ. Տեսնես այս կյանքից դուրս ուրիշ կյանք կա՞,- հարցնում է նա: Եվ նրան՝ այդ անմեղ երեխային, պատասխանում է մեր ներսի չնչհավատը. Չգիտեմ, այն աշխարհից դեռ ոչ ոք չի վերադարձել: Այսինքն թե՝ Աստված ի սկզբանե գիտի իր պարտության մասին, բայց սիրելով մեզ, հնարավորություն է տալիս նորից ծնվել, քանի դեռ չենք ծնվել որպես Նրա կատարյալ տեսիլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել