Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳԻՐ ԷԻՆ ՍՏԱՑԵԼ

Օգոստոս 10,2007 00:00

Հետախուզվողը Հայաստանում անձնագրի տեր դարձավ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Բաբկեն Սարգսյանի, Սպարտակ Մալխասյանի, Գայանե Զաքարյանի եւ Զուրաբ Կասոեւի նկատմամբ: Վերջինս Վրաստանի Հանրապետության քաղաքացի է:

Կասոեւը անցյալ տարվա հուլիսի 3-ին սպանության մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող եղբոր՝ Վիտալիի հետ եկել է Հայաստան: Հանդիպելով իրենց ծանոթին՝ Յուրի Նազարյանին, համաձայնության են եկել կեղծ անձնագիր ձեռք բերելու շուրջ: Զուրաբը դառնալու էր Արմեն, Վիտալին՝ Ռոման Մարտիրոսյան:

Կեղծ փաստաթղթերի թվում էին, մասնավորապես, Թբիլիսիի անձնագրային ծառայության պետի կողմից տրված, իբր հաշվառումից դուրս գալու մասին տեղեկանքները, կեղծ զինվորական գրքույկները, ծննդյան վկայականները: Այդ փաստաթղթերը Յու. Նազարյանը ներկայացրել է քավորին՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի անձնագրային բաժանմունքի պետ Բաբկեն Սարգսյանին: Վերջինս դրա հիման վրա Կասոեւներին պետք է հաշվառեր Լոռու մարզի Սարամեջ գյուղում: Կեղծ գրանցումն իրականացվել է 2001թ. նոյեմբերի 5-ի թվագրությամբ:

Անձնագրայինի պետը իր գրանցումն անելու համար դիմում է նաեւ Սարամեջի գյուղապետ, իր մտերիմ Սպարտակ Մալխասյանին, որն էլ անձնական շահագրգռությունից ելնելով, իր համայնքի անդամ է դարձնում «Արմեն եւ Ռոման Մարտիրոսյաններին», գյուղապետարանի քարտուղար Գայանե Զաքարյանի միջոցով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ներկայացնելու համար տալիս է 476 եւ 477 համարների կեղծ տեղեկանքները: Ըստ այդ տեղեկանքների էլ վրացիները դառնում են սարամեջցի՝ ստանալով AH0282698 եւ AH0282697 համարի անձնագրերը: Հանցագործությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ «նոր հայերը» «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ անցակետով ՀՀ պետական սահմանով փորձել են մեկնել ՌԴ՝ Մոսկվա: Նրանք մեկնում էին հետախուզման մեջ գտնվող իրենց մյուս եղբորը՝ դեռ «հայ չդարձած» Խանիկ Կասոեւին տեսակցելու:

Նախաքննության ժամանակ «քավորն» իրեն մեղավոր է ճանաչել եւ ասել, որ զղջում է կատարածի համար:

Մեր տեղեկություններով, քառյակի գործը ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել