Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաշենում ջուր չկա

Օգոստոս 10,2007 00:00

Այստեղ բնակիչները ողջ տարին ջուր են կրում

Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամասի հարակից տարածքում գտնվող «Կապավոր» այգեգործական ընկերությունը, որը հեկտարներով այգիներ է մշակում, արդեն քանի տարի է՝ ոռոգման ջրի խնդիր ունի, ինչի հետեւանքով հաստաբուն ծառերը չորանում են:

Ընկերության անդամներից ոմանք իրենց այգիներում մշտական բնակություն են հաստատել, իսկ ոմանք էլ միայն ամռանն են այստեղ ապրում: «Առավոտի» հետ զրույցում բնակիչները դժգոհեցին. «Մոտակա խմելու ջրի աղբյուրը մոտ 1500 մետր հեռավորության վրա է՝ Ջրաշենի կենտրոնում: Ամեն տարի հունիսից սեպտեմբեր մեր տների ծորակներից ոռոգման ջուր է գալիս, այն էլ 7 օրը մեկ անգամ, որը լի է ջրիմուռներով: Գոնե այդ «կանաչ» ջրով լողանում ենք ու լվացք անում, իսկ խմելու եւ ճաշ եփելու համար ամբողջ տարին ջուր ենք կրում: Մեր երեխաներն այնքան են ջուր կրել՝ արդեն մկանուտել են: Մոտակա տներից էլ, որտեղ մաքուր է ջուրը, չենք կարող բերել, ջրաչափով է, թույլ էլ չեն տա, իսկ գյուղի մեջի ջուրն անընդհատ ապարդյուն հոսում է, այնինչ, մենք այդ ջուրը մեր տներում կարող ենք օգտագործել եւ դրա դիմաց գումարներ վճարել»: Վահան Սարգսյանի խոսքերով էլ. «Աշխարհից կտրված ենք, հեռախոս չունենք, եթե հանկարծ մի բան պատահի՝ չենք կարող շտապօգնություն կանչել: Կանչենք էլ՝ չեն գա, մեր քարուքանդ փողոցներով չեն կարող մեքենան քշել: Դիմում ենք տարբեր չինովնիկների, ոչ մի բանով էլ չեն օգնում»:

«Կապավոր» ընկերութան նախագահ Հարություն Մանուկյանն էլ հավաստիացնում էր, որ իրենք պատրաստ են տներում խմելու ջուր ունենալու համար խողովակներն անցկացնել իրենց գումարներով. «Մեզ ուղղակի թույլտվություն է պետք, որպեսզի ամեն ինչ օրինական լինի»:

Այս ընկերությունը դեռեւս հու նիս ամսին է դիմել «Երեւան Ջուր» ընկերությանը: Նամակին պատասխանել է ընկերության պատասխանատու Մխիթար Բաբաջանյանը՝ հայտնելով, որ Ջրաշեն համայնքում ներկայումս ջրի անբավարարություն կա եւ վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Մ. Բաբաջանյանը նաեւ պատասխանել է, որ հաշվի առնելով թաղամասի դիրքը, տեխնիկական պայման հատկացնել հնարավոր չէ:

Իսկ թե ինչ վերակառուցման աշխատանքների մասին է խոսքը, եթե տվյալ տարածքում հնարավոր չէ տեխնիկական պայմաններ ապահովել «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Երեւան Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ «կպարզաբանենք առաջիկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել