Լրահոս
Օրվա լրահոսը

AEPLAC-Ը ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է,ԲԱՅՑ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ

Օգոստոս 10,2007 00:00

Ըստ տնտեսագետների, Հայաստանն իր տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում ոչ թե 5-րդն է, այլ՝ 120-րդը:

Օրերս «Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը» (AEPLAC) Հայաստանի նախորդ տարվա տնտեսական զարգացումների աճի մասին զեկույց հրապարակեց: Զեկույցի հեղինակները վերլուծության են ենթարկել մեր երկրի տնտեսության բոլոր հիմնական ոլորտները եւ կատարել բավականին ուշագրավ դիտարկումներ: Մասնավորապես այն, որ Հայաստանն իր տնտեսական աճի զարգացման ցուցանիշներով աշխարհի 181 երկրների շարքում 5-րդն է: Ավելին՝ AEPLAC-ի փորձագետների կանխատեսմամբ՝ եթե Հայաստանն առաջիկա մի քանի տարիների ընթացքում տարեկան 10% տնտեսական աճ ապահովի, ապա մեր երկիրն իր տնտեսական զարգացման ցուցանիշներով կհամապատասխանի Եվրամիության միջին ցուցանիշներին: Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Կենտրոնական բանկը, Համաշխարհյին բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը փայլուն վիճակում է եւ ոչինչ չի խանգարում, որ առաջիկա մի քանի տարիներին էլ երկնիշ՝ 10-12 տոկոս տնտեսական աճ ապահովենք, կարելի է ասել, որ 2009-2010-ին արդեն Հայաստանը ոչ միայն կհասնի, այլեւ կգերազանցի Եվրամիության միջին ցուցանիշները:

Սակայն AEPLAC-ի այդպիսի լավատեսական դիտարկումների հետ համաձայն չեն անկախ տնտեսագետներն ու փորձագետները: Ըստ նրանց, Հայաստանի պես խոշոր արտաքին պարտք ունեցող երկրի համար եթե մինչեւ 8 տոկոս տնտեսական աճ ապահովենք՝ կուրախանանք: Տնտեսագետ Սամսոն Դավոյանի մեկնաբանմամբ՝ «Այն, որ AEPLAC-ը գտնում է, որ տնտեսական աճով հնարավոր է հասնել Եվրամիության միջին ցուցանիշներին՝ աբսուրդ է, նման համեմատությունն ընդհանրապես անտեղի է: Ամեն մի երկիր ունի զարգացման իր տեմպերն ու չափանիշները: Նույն թվերը տարբեր երկրների համար տարբեր բան են նշանակում: Եթե, օրինակ, Լյուքսեմբուրգում մեկ բնակչին բաժին հասնող ՀՆԱ-ն տարեկան $60 հազար է, իսկ Հայաստանում նույն ցուցանիշը $2000-ից էլ պակաս է, ապա ինչպե՞ս կարող ենք Հայաստանը համեմատել Եվրամիության երկրների հետ»: Ըստ Ս. Դավոյանի, «եթե նույնիսկ հնարավոր լինի առաջիկա տարիներին ապահովել մեր իշխանությունների կանխատեսած երկնիշ տնտեսական աճը, ապա միեւնույն է, մենք այդ ցուցանիշով չենք կարող Եվրամիության տնտեսական աճի միջին չափանիշներին հասնել, դա անմտություն է: Մեր տնտեսության զարգացման նման տեմպերով աշխարհում հազիվ 120-րդը լինենք»: Տնտեսագիտական համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Համազ Ղուշչյանն էլ վստահ է, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ գրանցելը տնտեսության իրական աճի հետ ոչ մի կապ չունի: Նրա խոսքերով՝ «Մեզ ամենաքիչը 40 տարի ժամանակ է պետք, որ կարողանանք Եվրամիության միջին ցուցանիշներին գոնե մոտենալ: Մեզանից տնտեսապես շատ ավելի զարգացած երկրներ կան, որ այդ ցուցանիշից դեռ շատ հեռու են: Մեր պետությունը զարգացման բավականին ցածր մակարդակի վրա է ու եթե անգամ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ենք արձանագրել, դա դեռ չի նշանակում, որ մենք եվրոպական երկրների հետ համեմատվելու որեւէ հավակնություն ունենք»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում AEPLAC-ի տնտեսական զեկույցի հեղինակներից մեկը՝ տնտեսագիտական հարցերով ավագ փորձագետ Արտաշես Շաբոյանը մեկնաբանեց. «Զեկույցի հրապարակման ժամանակ մենք համադրել ենք եվրոպական տարբեր երկրների տնտեսական զարգացման միջին ցուցանիշները մեր երկրի նույն ցուցանիշների հետ: Եթե Եվրամիության վերջին 5 տարիների տնտեսական միջին աճը 1.9% է, ապա այն Հայաստանում գրեթե 13.3% է: Ընդամենը պարզ մաթեմատիկական հաշվարկ է, եւ համադրելով այս թվերը՝ մենք կանխատեսել ենք, որ դա հնարավոր է: Չնայած պետք է նկատի ունենալ, որ Եվրամիության 1.9%-ը դոլարային արտահայտությամբ շատ ավելի է, քան Հայաստանի 13.3%-ը: Թեեւ վստահ չենք, որ 10% տնտեսական աճ ապահովելով՝ իսկապես կհասնենք Եվրամիության միջին ցուցանիշներին, սակայն զուտ թվերն այլ բան են թելադրում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, վերոնշյալ ցուցանիշն առաջիկա տարիներին հնարավոր չի լինի ձեւավորել»: Այսինքն՝ չնայած AEPLAC-ը կանխատեսել է, որ առաջիկա տարիներին տարեկան 10% տնտեսական աճ ապահովելու դեպքում Հայաստանը կհասնի Եվրամիության միջին ցուցանիշներին, բայց իրենք՝ AEPLAC-ի մասնագետներն էլ գտնում են, որ մեր երկիրը դժվար թե առաջիկա տարիներին նման աճ ապահովի եւ իրենց կանխատեսումը հազիվ թե իրականանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել