Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՌՆ ԱՌԱՎԵԼ Է ԹԵԺԱՑԵԼ ԹԱԼԻՆՈՒՄ

Օգոստոս 10,2007 00:00

Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին ընտրողները պիտի ընտրություն կատարեն պատգամավորության վեց թեկնածուների միջեւ:

Լուսանկարապատում

Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքն ընդգրկող գրեթե բոլոր բնակավայրերում գերազանցապես 2 թեկնածուների լուսանկարներ են՝ ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի եւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի: Նրանց հին՝ մայիսի 12-ի ընտրություններից մնացած, ու նոր՝ օգոստոսի 26-ին ընդառաջ պատկերներով են կարծես պաստառապատված այդ տարածքի սյուները, կանգառները եւ այլն: Շատ ավելի հազվադեպ հանդիպում են նաեւ ՀՅԴ անդամ Գուրգեն Շահինյանի լուսանկարները: Երեկ մենք չկարողացանք զրուցել այս թեկնածուի հետ՝ Երեւանում էր, մասնակցում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ նիստին: Չկարողացանք հանդիպել նաեւ մեկ այլ թեկնածուի՝ Արմավիրի մարզային ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ Էմին Կարապետյանի հետ, որը հեռախոսով հայտնեց, թե գյուղերում հանդիպումների է: Իսկ մնացած թեկնածուների հետ մեր զրույցներից ահա այս պատկերը պարզվեց ընտրարշավի ընթացքի մասին:

Հանդիպումների կգնա գիշերո՞վ

Թալինում իր նախընտրական շտաբում էր Մնացական Մնացականյանը, որը մեր հարցին՝ խոչընդոտների հանդիպո՞ւմ է ընտրարշավի ընթացքում, ինքնավստահ պատասխանեց. «Մեզ ո՞վ կարա խոչընդոտի»: Պնդեց, թե հուլիսի 22-ից սկսված քարոզարշավն առայժմ հանգիստ է անցնում. «Մենք դեռ նույնիսկ չենք սկսել հանդիպումները: Քանի որ անցած անգամ շատ ինտենսիվ, բոլոր համայնքներում հանդիպումներ ենք ունեցել՝ երեւի էս անգամ մի քիչ ավելի կարճեցված գրաֆիկով շրջենք համայնքներում: Իմ կարծիքով, պետք չի ավելորդ անգամ մարդկանց ձանձրացնել»: Թալինի քաղաքապետը նշեց, որ օգոստոսի 13-14-ից կսկսի հանդիպումները. «Չնայած ասեմ՝ մանավանդ Արարատյան դաշտավայրում մարդիկ շատ զբաղված են այսօր: Երեւի թե՝ պետք է հանդիպումները գիշերներն անցկացնենք»: Կեսկատակ հետաքրքրվեցինք, թե տատական բառապաշարով ասած՝ դուք հո «գյոռմափշտի՞կ» չեք, որ գիշերներով շրջեք: «Չէ, գոնե ժամը 8-9-ից հետո, որ մարդիկ վերադառնան, հոգնած են,- պարզաբանեց պրն Մնացականյանը:- Անցած անգամ էլ գնում էինք, եւ ակտիվություն ես չեմ զգացել: Մարդկանց մեջ մի տեսակ կարծես հուսալքություն կա: Ասում են՝ դե, ով էլ լինի, նույնն է, էլի»:

Դժգոհեց, որ սուտ լուրեր են տարածվում. «Ասում են, թե Մնացականյանը հանելո՜ւ է իր թեկնածությունը, դաշնակի՜ն է պաշտպանելու: Անկապ ինֆորմացիաներ են: Իհարկե, դրանք ինձ քիչ են հուզում, քանի որ համոզված եմ՝ մարդիկ տեղյակ են, մեր շտաբների հետ կապերը կան»:

Սակայն հիշեցրինք, որ իր մրցակիցը՝ Խաչիկ Մանուկյանը, հենց իրեն է մեղադրում սեւ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ, մասնավորապես փաստարկելով 2 այլ Խաչիկ Մանուկյաններ առաջադրելը: «Հասկանում եմ, որ եթե իրոք Դուք եք դա արել՝ հիմա չեք հաստատելու»,- մեր այս դիտարկմանը պրն Մնացականյանը դրականորեն արձագանքեց: Կարելի էր այդքանով եւ սահմանափակվել, բայց հավելյալ հարցին՝ «ո՞վ, եթե ոչ Դուք կարող էիք նման բան անել», պատասխանեց. «Դե, երբեմն այնպիսի տեղերից են նման բաներ դուրս գալիս… Ոչ մի բան բացառված չէ: Ենթադրենք, ես էի արել. մեկին գտնեի, երկրորդին որտեղի՞ց գտնեի: Ինքը, բնական է, պետք է ամեն ինչ ուղղի դեպի իր հիմնական մրցակիցը: Դա էլ իր խնդիրն է: Բայց ինձ համար երբե՛ք այդ սեւ տեխնոլոգիաները, ինչ-որ մութ գործերով զբաղվելը կամ ինչ-որ տեղ՝ խարդախությունները, որ հենց ի՛ր մասնագիտությունն են… ինքն է անցած անգամ կեղծիքներ արել: Ու չգիտեմ՝ ինձ համար անհասկանալի էր, թե ո՞նց է ընտրված պատգամավորը դիմում գրում, հրաժարվում մանդատից ու մեկնաբանում, թե ուզում է հազարավոր ձայների տարբերությամբ ընտրվել: Այսինքն, եթե մարդը հավաքել է 17 հազարից ավելի քվե՝ դրանք ձայն չի՞ համարում եւ ուզում է մի հազար էլ ավելի՞ լինեն: Օրինակ, ինձ եթե մի ձայնի առավելությամբ էլ մանդատ տային, ես չէի հրաժարվի հաստա՛տ»:

Նկատենք, որ Թալինի քաղաքապետը գրեթե նույնչափ սուր արձագանքեց իր մեկ այլ մրցակցի՝ «Ժառանգության» ղեկավարի անվան հիշատակմանը. «Ընտրողները չեն հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավոր լինելու դեպքում՝ նորից իր առաջադրվելու իմաստը: Ու գալիս նույնիսկ մեզնից են մեկնաբանություններ հարցնում: Ես պարզ բացատրում եմ՝ եթե պատգամավոր է, ենթադրենք, ուզում է մի հոգի ավելացնի խմբակցությունում՝ ի՞նչ է տալու: Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է իր, այսպես ասած (եթե կա՝ չգիտեմ՝ կա՞ թե՞ չկա եւ ի՞նչ կարգի է) իմիջն օգտագործի եւ ինչ-որ անհայտ մեկին մտցնի ԱԺ իր հետեւից: Դե, եթե էդ խնդիրն ուներ՝ թող ինքն իր կուսակցությունով բերեր, մեկին առաջադրեր՝ այդ 8-րդին, որը պետք է մտնի ԱԺ, որ մարդիկ էլ իմանային, թե կոնկրետ ո՛ւմ հետ գործ ունեն: Հիմա կարող ենք շատ օրինաչափ հարց տալ՝ պատգամավոր ես, եթե խնդիրներ կան, ի՞նչ տարբերություն՝ մեծամասնականո՞վ ես ընտրվել, համամասնականո՞վ, Թալինի՞ց թե՞ Աշտարակից կամ Գավառից՝ ներկայացրո՛ւ այդ խնդիրները»:

«Ժառանգության» միջոցները սուղ են

Երբ զրուցում էինք թալինցիների հետ, նրանք էլ մեզ տվեցին նույն հարցը, որի մասին ասում էր քաղաքապետը. «Րաֆֆի Հովհաննիսյանը եթե անցել է, ինչի՞ է երկրորդ անգամ ինքն իր թեկնածությունը դրել»: Եվ այդ հարցն ուղղեցինք նրա նախընտրական շտաբի Թալինի պատասխանատու Տիգրան Սարգսյանին: Բայց մինչ նրա պատասխանը փոխանցելը՝ նշենք, որ Թալինում Րաֆֆի Հովհաննիսյանն ունի միայն մի շտաբ: Այն գտանք դժվարությամբ, քանի որ չկար եւ ոչ մի ցուցանակ: Եվ շտաբն էլ մեր այցելության պահին փակ էր: «Ժառանգության» Երեւանի պատասխանատուների միջամտությամբ հաջողվեց գտնել Տիգրան Սարգսյանին: Եվ նա մեր հարցին, թե ինչո՞ւ է շտաբը գործում նման պայմաններում՝ պատասխանեց. «Մենք շտաբ հասկացությունն էլ չենք օգտագործում: Սա ուղղակի տարածք է, ընկերոջս տունը: Մեր տանն էլ ենք հավաքվում կամ փողոցում: Մնացածը ֆինանսական ծախսեր են պահանջում, եւ ինձ թվում է՝ չենք կարող ամեն գյուղում, ամեն տեղամասում շտաբ բացել: Իսկ միջոցները մեզ մոտ սուղ են»: Կարծում է, թե նման պայմաններով կարելի՞ է հաղթել, մանավանդ որ՝ պաստառներից դատելով, մրցակիցներից առնվազն 2-ը բավական լուրջ միջոցներ են ներդրել ընտրարշավում: «Մենք պաստառներ չունենք, բայց դրա փոխարեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրում է անմիջական շփման ձեւը,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը:- Պաստառների քանակով չեն որոշվում անձի արժանիքները, հեղինակությունը կամ գործունեությունը»:

Հետաքրքրվեցինք, թե այլ թեկնածուների վարած քարոզարշավը օրինականությա՞ն շրջանակներում է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի Թալինի պատասխանատուն նշեց. «Չեմ կարող ոչ հստակ տեղեկատվություն ասել. ես ընտրակաշառքի փաստեր չեմ կարող նշել: Բնականաբար, շատ ուժեղ աշխատում են վարչական լծակները: Աշխատում է ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն: Ի՞նչ է նշանակում, որ Խաչիկ Մանուկյանի կամ մյուս թեկնածուների կողմից օգնություններ են տրվում համայնքներին՝ կենցաղի տանը կամ մշակույթի օջախներին՝ գույք, սպասք»:

Օրերս թերթերից մեկը հրապարակել էր, թե, ըստ Թալինում շրջանառվող լուրերի, բանակցություններ են վարվում ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջեւ, որ Գուրգեն Շահինյանը հրաժարվի հետագա ընտրապայքարից՝ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի: «Կտրականապե՛ս ժխտում ենք, թե կա նման որեւէ ներքին պայմանավորվածություն,- ասաց Տիգրան Սարգսյանը:- Մենք լուրջ ենք մտել պայքարի մեջ, ճիշտ է՝ աշխատաձեւի առումով ոչ ստանդարտ մտածելակերպ ունենք»: Նա նշեց, որ իրենց էլ են շատ տալիս այդ հարցը, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր լինելով՝ էլի առաջադրվում. «Ես էլ մասնավորապես պատասխանում եմ, եթե ԱԺ-ում ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն է, ինչի՞ է Խաչիկ Մանուկյանը նորից առաջադրվել»:

«Հոգով ամենագեղեցիկ» թեկնածուն

Թիվ 15-ում իր թեկնածությունն առաջադրել է նաեւ անկուսակցական Վահագն Պետրոսյանը, որի մասին Թալինի քաղաքապետն ասաց. «Անցած անգամ դրեց, թեկնածությունը հանեց: Հիմա նորից դրել է: Ես նրա դնելու կամ հանել-չհանելու տրամաբանությունը չեմ հասկանում»: Նշենք, որ մայիսի 12-ի ընտրություններից առաջ Վահագն Պետրոսյանն ինքնաբացարկ հայտարարեց՝ պաշտպանելով Խաչիկ Մանուկյանի թեկնածությունը: Եվ այժմ էլ, երբ փոխանցեցինք, թե իր դարձյալ առաջադրվելը մրցակիցն անտրամաբանական է համարում՝ Վահագն Պետրոսյանն ասաց. «Նա մտավախություն ունի, որ նորի՞ց կմիանամ Մանուկյան Խաչիկին, եւ նա հաղթանակ կտանի: Երեւի դրանից է վախենում: Դե, թող վախի մեջ էլ մնա»:

Այս թեկնածուն շատ յուրօրինակ մտքեր էր արտահայտում: Ասենք, երբ նրանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չունի շտաբներ ու պաստառներ՝ կեսկատակ պատասխանեց. «Բայց սա գեղեցկության մրցույթ չէ, որ լուսանկարներով ընտրեն: Իսկ ով մեզ ճանաչում է՝ գիտի, որ հոգով ամենագեղեցիկը ե՛ս եմ: Այսօր մի երկու լենինյան լոզունգ գրելով, թե մենք ձեզ հե՜տ ենք, կսատարե՜նք գյուղացիներին ու բանվոր դասակարգին… այդպե՛ս չեն սատարում: Պետք է մարդկանց հոգեբանորեն ճանաչել, հանդիպել, զրուցել, իմանալ նրանց հոգսերը: Իսկ շտաբները… յուրաքանչյուր ազնիվ հայի, տարոնացի մարդու տունն ինձ համար շտաբ է»:

Այս թեկնածուն պատմեց, որ ընտրատարածքային հանձնաժողովի անդամներին մի քանի անգամ ասել է. «Ճիշտ է, օրենքը չի պարտադրում, որ բոլորը միասին գնան հանդիպումների, բայց ճիշտ կլիներ, որ թեկնածուները բոլորը միասին գնան, ասենք, Վերին Սասնաշեն: Նույնիսկ օրինակ բերեցի: Ենթադրենք, մարդիկ գնում են աղջիկ ուզելու, նայում են՝ որն է սիրուն, որն է խելոք, որն է բարոյական կամ անբարոյական: Հիմա ամեն մեկը գնում է՝ ասում է, ե՛ս եմ»: Նշենք, որ այս առաջարկի կողմնակից է նաեւ Խաչիկ Մանուկյանը:

Հարցին, թե այս անգամ մինչեւ վե՞րջ կմասնակցի ընտրարշավին՝ Վահագն Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Իմ հավաքական կերպարի բացակայությունը զգացվում է ԱԺ-ում: Երեւի թիվ 15 ընտրատարածքի ընտրողների համար ավելի արդյունավետ կլինի՝ գործնական իմաստով, եթե Վահագն Պետրոսյանը լինի իրենց պատգամավորը: Քանի որ ԱԺ-ում հիմա կան Խաչիկներ, Րաֆֆիներ, Մնացականներ, Գուրգեններ, բայց չկա՛ Վահագն: Եթե ժողովուրդը Վահագնի կարիք է զգում՝ կընտրի»:

Մի խումբ թալինցիների «զոհը»

Իսկ այժմ՝ այն թեկնածուի մասին, որի պատճառով էլ օգոստոսի 26-ին թիվ 15-ում դարձյալ կլինեն ընտրություններ: «Որպես մարդ՝ ոչ մի բան չեմ կարող ասել Խաչիկ Մանուկյանի մասին: Բայց որպես պատգամավոր՝ մենք ոչ մի լավ բան իրենից չտեսանք: 5 տարի ԱԺ-ում էր՝ մի անգամ Թալինի համար մի ինչ-որ հարց չի շոշափել, մի գործի, մի աշխատանքի… Ոչ մի անգամ ինքը ելույթ չի ունեցել: Դրա համար էլ ճիշտ չենք համարում, որ ինքը 2-րդ անգամ ընտրվի»,- ասաց մեր զրուցակից թալինցի կանանցից մեկը: Նկատենք, որ նման դժգոհություններ արտահայտվել էին անգամ վարչապետ Սերժ Սարգսյանի՝ Արմավիրի մարզ ապրիլի 17-ի այցելության ժամանակ, եւ հենց նրան էին ասել, թե Խաչիկ Մանուկյանը 4 տարի է՝ Թալին չի եկել: «Միայն Թալին քաղաքում է այդպես, որ մի խումբ մարդիկ ունեն նման դժգոհություններ: Կարող եմ նրանց բոլորին անուն-ազգանուններով նշել,- ասաց Խաչիկ Մանուկյանը:- Նրանց համար կապ չունի՝ ո՜վ է պատգամավորը, ո՜ւմ համար են աշխատում. նրանք իրենց առաքելությունն են կատարում: Անցած անգամ իմ քարոզարշավին էին լծվել, հիմա՝ Մնացի: Եթե նա էլ նրանց ձեռք չտա, կամ ինչ-որ առաջարկ ստանան՝ կլծվեն Դաշնակցության կամ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին: Այդ մարդկանց աշխատանքը դա՛ է՝ միայն փնովելը: Ընդամենը 6-7 ամսվա պատգամավոր էի՝ այդ մարդկանց խումբը հեռագիր էր ուղարկում ԱԺ, թե՝ մենք չենք կարողանում հանդիպել մեր պատգամավորին: Եվ այդպես՝ 4 տարի շարունակ նույն բանն էին ասում: Ես Թալինում էի՝ նրանք հեռագիր էին ուղարկում ԱԺ՝ մի խումբ թալինցիների անունից, գալիս էին ձեր թերթի խմբագրություն եւ այլն»:

Խաչիկ Մանուկյանը հերքեց այն լուրերը, թե այժմ օգնություններ է բաժանում համայնքներին. «Բացարձակապե՛ս նման բան չկա: Ուղղակի բոլոր համայնքներում տարվում են աշխատանքներ՝ ճշտվում են ծրագրերը, որոնք պիտի շարունակվեն կամ իրականացվեն իմ աջակցությամբ»: Որպես սեւ տեխնոլոգիայի կիրառում՝ պատմեց իր նախընտրական շտաբներից իրեն փոխանցված լուրերի մասին. «Ասում են, թե Մանուկյան Խաչիկի անունից ինչ-որ բաներ են հայտարարում, թե Մանուկյան Խաչիկը պիտի փող տա եւ այլն: Ուշադրություն չեմ դարձնում»: Երբ նրան փոխանցեցինք իր մրցակցի պնդումը՝ «եթե ինձ մի ձայնի առավելությամբ էլ մանդատ տային, ես չէի հրաժարվի», Խաչիկ Մանուկյանն ասաց, որ օգոստոսի 26-ից հետո այլեւս չի հրաժարվի՝ «եթե թեկուզ 1 ձայնի առավելությամբ էլ հաղթեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել