Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ Է»

Օգոստոս 10,2007 00:00

Համոզված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

– Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը շարունակում է այցերը մարզեր, եւ դրանց մասնակցում է նաեւ Ձեր կուսակցությունը: Կշարունակե՞ք պնդել, որ դրանք պարզապես ընկերական հանդիպումներ են եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ որեւէ առնչություն չունեն:

– Դրանք ավելի շուտ շփումներ են մարդկանց, քաղաքական գործիչների հետ: Լ. Տեր-Պետրոսյանը, ըստ երեւույթին, փորձում է ավելի լավ տիրապետել երկրում ստեղծված իրավիճակին: Այսօրվա երկիրը բացարձակ կապ չունի նրա հետ, ինչի մասին երազում էին 90թ.-ին երկիրը ստեղծողները: Այսօր երկիրն անհայտ ուղղությամբ անկում է կատարում, եւ դա, բնականաբար, մտահոգում է ինչպես մեր ողջ ազգաբնակչությանը, այնպես էլ 1-ին նախագահին: Դա է պատճառը, որ նա փորձում է տարբեր մարզերում մարդկանց լսել, իմանալ նրանց տեսակետները: Սա է այցերի նպատակը, բայց այն մարդիկ, որ ուղեկցում են նրան մարզերում, տեսնում են, որ ժողովուրդը պահանջում է նրա վերադարձը մեծ քաղաքականություն: Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս չի պատասխանում այդ հարցադրումներին, բայց նա լսում է, նաեւ զգում է, որ պարտավորված է այդ մարդկանց նկատմամբ, որովհետեւ 88-90-ին հասարակարգը փոխելու ժամանակ նա իր համախոհների հետ ժողովրդին նկարագրում էր լրիվ այլ երկիր, քան այսօր կա: Կարծում եմ, որ ժողովուրդը վճռականորեն պահանջելու է նրա վերադարձը, ու համոզված եմ, որ այս ամենի արդյունքում նա դա անպայման կանի:

– Դուք համոզո՞ւմ եք նրան վերադառնալ:

– Չէ, չենք համոզում: Ես, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, որպես այս երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցը վերջին քսան տարիների ընթացքում, ուղղակի պահանջում եմ նրա վերադարձը:

– Նա այդ պահանջներին ինչպե՞ս է արձագանքում:

– Առայժմ՝ լռությամբ, բայց ինքն էլ է, ըստ երեւույթին, հասկանում, որ պարտավոր է վերադառնալ:

– Չե՞ք կարծում, որ նա մեծ քաղաքականություն կարող է վերադառնալ միայն հաղթելու պայմանով: Իսկ Դուք, որ պահանջում եք նրա վերադարձը, վստա՞հ եք այդ հաղթանակում:

– Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ հաշվարկած լինի, որ ինքը միանշանակ հաղթելու է, այլապես չի վերադառնա: Իսկ իր առաջադրման դեպքում ես ու նաեւ այն մարդիկ, որ այսպես խոսում ենք, ուղղակի համոզված ենք, որ ինքը հաղթելու է: Այդ կալիբրի քաղաքական գործիչ այսօրվա դրությամբ ասպարեզում չկա:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական թեկնածուով:

– Ես դեռեւս այդ թեմայի շուրջ չեմ զրուցել պարոն Գեղամյանի հետ, սակայն, կարծում եմ, որ նա դրանով իշխանություններին ուզում է հասկացնել, թե անիմաստ է իրենց կողմից որեւէ թեկնածություն առաջադրելը, որովհետեւ հասարակության մեջ նրանք որեւէ հենարան չունեն:

– Իսկ ընտրակեղծարարներն ու կաշառք բաժանողնե՞րը:

– Սա այն դեպքը չէ, որ 2003թ. կամ 2007թ. ընտրությունների նման ուղղակի նկարեն թղթի վրա իրենց ցանկացած արդյունքը: Ապագա նախագահական ընտրություններում այս իշխանությունները որեւէ նկարչության հնարավորություն չեն ունենալու: Կարծում եմ՝ սա է ասել Գեղամյանը եւ հասկացրել՝ ավելի լավ է ինքներդ փորձեք համախմբվել ընդդիմության միասնական թեկնածուի շուրջը: Ազգային միասնության ինչ-որ գաղափար է նա երեւի առաջ քաշել:

– Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ նկարչություն չեն անի:

– Նախ, Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում ես դա անհնարին եմ համարում, ապա՝ ընդդիմությունն արդեն ունի այնքան փորձ եւ հնարավորություն, որ դա այլեւս թույլ չի տա, եւ, վերջապես, կարծում եմ, որ ժողովուրդն ինքը դա թույլ չի տա:

– Այդ նույն ժողովուրդն այս տարի մեծ ջերմությամբ եւ խանդավառությամբ ամեն տեղ ընդունում էր ընդդիմությանը, ընտրության օրը գնաց, վերցրեց իր 5-10 հազար դրամն ու քվեարկեց իշխանության համար: Այդ ի՞նչ պիտի փոխվի մի տարում:

– Կարծում եմ՝ այն ժամանակ լրիվ ուրիշ քաղաքական իրավիճակ էր: Երբ մարտ ամսին ընդդիմությունը չմիավորվեց, ժողովուրդը որոշեց դաս տալ, պատժել ընդդիմությանը: Ստեղծվեց անտարբերության մթնոլորտ եւ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ որեւէ ակնկալիք չունենալով, ամեն մեկն անհատական մոտեցում ունեցավ: Միեւնույն ժամանակ եղան լցոնումներ, նոր, ապօրինի անձնագրեր եւ այլն…

– Իսկ այս ընտրություններում ընդդիմությունը միավորվելո՞ւ է:

– Կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջադրվելով, կդառնա ֆավորիտ, անկախ այն բանից՝ իշխանությունները հանդես կգան մի թե մի քանի կամ էլ Գեղամյանի սցենարով՝ ոչ մի թեկնածուով: Գուցե ընդդիմությունը եւս ունենա այլ թեկնածուներ, բայց դա կարեւոր չի լինի, որովհետեւ ամենամեծ համախմբումը տեղի կունենա Լ.Տեր-Պետրոսյանի շուրջ, եւ նա կդառնա քաղաքական ծանրության կենտրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել