Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Աբրահամը պետք է որ հաղթի»

Օգոստոս 09,2007 00:00

Այսպես է մտածում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը:

«Առավոտը» մշտական կապ է պահպանում Վախթանգի հետ՝ որտեղ էլ նա գտնվելիս լինի, եւ նրան վերաբերող ամեն մի տեղեկատվություն անմիջապես փոխանցում իր ընթերցողներին: Երեկ հերթական անգամ հեռախոսով կապվեցինք Վիկի հետ եւ փորձեցինք նրա կարծիքն իմանալ օգոստոսի 18-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ Հալլե» սրահում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) չեմպիոնական գոտու համար հայաստանցիներ Արթուր Աբրահամի եւ Խորեն Գեւորի միջեւ կայանալիք մենամարտի մասին:

– Հայաստանում եղած ժամանակ քո մամուլի ասուլիսներից մեկում դու ասացիր, որ լավ ես ճանաչում Արթուր Աբրահամին ու նրա հետ ոչ շատ հաճախ, բայց ժամանակ առ ժամանակ հեռախոսով զրուցում ես: Հետաքրքիր է, Խորեն Գեւորի հետ ի՞նչ հարաբերություններ ունես:

– Խորենին էլ լավ գիտեմ: Նա Ավստրալիայում մենամարտ անցկացրել է: Գեւորը նույնպես լավ հարվածների է տիրապետում, ինչպես բոլոր հայ բռնցքամարտիկները, ու դա պրոֆեսիոնալ ռինգում ապացուցել է արդեն 15 անգամ: Նկատի ունեմ ժամանակից շուտ տարած հաղթանակները: Իսկ նրա ձեռքը, եթե չեմ սխալվում, ի նշան հաղթանակի, մրցավարները բարձրացրել են 27 անգամ:

– Այստեղ մտածում ենք՝ մի կողմից լավ է, որ չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու են երկու հայեր, ով էլ հաղթի, գոտին էլի մնում է մեր հայրենակցի մոտ: Մյուս կողմից՝ անսովոր է, որ ռինգում միմյանց դեմ մերոնք են դուրս գալու:

– Սպորտը մնում է սպորտ: Այն ազգություն չի ճանաչում: Ինձ թվում է, որ Աբրահամ- Գեւոր մենամարտը շատ ոգեւորիչ ու դիտարժան է լինելու: Դրանից շահելու է հանդիսատեսը:

– Քո կարծիքով՝ ո՞վ կհաղթի, հնարավո՞ր է, որ նոկաուտ գրանցվի:

– Շատ դժվար հարցեր եք տալիս: Նրանք միմյանց արժանի մրցակիցներ են: Այդուհանդերձ, իմ կարծիքով՝ Արթուրի հնարավորությունները մի փոքր գերադասելի են: Բայց սա բռնցքամարտ է, պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Նոկաուտ կարելի է սպասել երկուսից էլ:

– Հիմա մի քիչ էլ քո մասին խոսենք: Մեր նախորդ հեռախոսազրույցում ասել էիր, որ ապագա մրցակիցդ, ամենայն հավանականությամբ, հարավաֆրիկացի է լինելու: Նրա հետ բանակցություններ էին վարվում: Բայց օրերս ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե հոկտեմբերի կեսերին մենամարտելու ես կամ Էդեն Սոնսոնի, կամ Ալեքս Բանալի հետ, որոնք երկուսն էլ ֆիլիպինցի են:

– Այո, աֆրիկացին հրաժարվեց մարտից: Հիմա հավանական մրցակիցս, իսկապես, ֆիլիպինցի է: Անունը կասեմ մոտ օրերս, երբ մինչեւ երկուշաբթի նրա հետ պայմանագիրը ստորագրեմ: Նպատակս մի քանի ֆիլիպինցիների հաղթելն է, որպեսզի Նոնիտո Դոներին պարտադրեմ ինձ հետ ռեւանշ մրցամարտ անցկացնել: Կրկնում եմ՝ անպայման ապացուցելու եմ, որ պարտվեցի իմ սխալի պատճառով, այլ ոչ թե նրա համար, որ նա ինձնից ուժեղ էր:

– Եթե հերթական մենամարտդ կայանալու է հոկտեմբերի կեսերին, ժամանակ քիչ է մնում: Ե՞րբ ես սկսելու նախապատրաստվել:

– Պատրաստվել արդեն սկսել եմ: Հիմա հիմնականում աշխատում եմ ընդհանուր եւ հատուկ պատրաստվածության վրա:

– Քո ու ֆիլիպինցու մարտը քանի՞ ռաունդ կտեւի:

– Ռաունդների քանակը չեմ կարող ասել, բայց որ մարտին շատ լավ պատրաստ կլինեմ, հաստատ է:

– Նորածին որդիդ ինչպե՞ս է:

– Փառք Աստծո, լավ: Նա իմ ոգեւորության գլխավոր աղբյուրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել