Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՒՇՈՆ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼ», ԷՄՄԻՆ՝ «ԵՎՐԱ-ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳ»

Օգոստոս 09,2007 00:00

Երգչուհիները «կմենամարտեն» տարբեր «արենաներում»

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» մրցույթի առիթով տարբեր երկրներում վաղուց գործում են ակումբներ, որտեղ մրցույթներն իրարից բաժանող մեկ տարի ժամանակաընթացքում եվրատեսիլագետները հանդես են գալիս կանխատեսումներով ու վերլուծություններով:

«Եվրատեսիլը» 1956թ. հիմնած 7 երկրները՝ Շվեյցարիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը եւ Իտալիան, իրենց ազդեցությունն են ունենում մրցույթի արդյունքների վրա: Այս միտքը «Առավոտի» հետ զրույցում (28.04.07թ.) հաստատեց մեզանում առայժմ միակ եվրատեսիլագետ, գործիքավորող, երգահան Արա Թորոսյանը (Մուրզիկ), նշելով. «Մի բան հաստատ է՝ «Եվրատեսիլը» քաղաքականացված միջոցառում է»: Երեկ կապվեցինք արվեստագետի հետ, պարզելու՝ արդյո՞ք Հայաստանում էլ են արդեն սկսվել եվրատեսիլյան կանխատեսումներն ու միջոցառումները: Ա. Թորոսյանն ասաց, որ իր կանխատեսումները կանի միայն հոկտեմբերին:

Մինչ Սերբիայում կայանալիք «Եվրատեսիլ 2008»-ի շուրջ դեռ ոչ մի պաշտոնական խոսքուզրույց չի արվում, հայաստանցի երաժիշտների շրջանում շրջանառվում են խոսակցություններ, որ հաջորդ տարվա մրցույթի հավանական թեկնածուներն են Սիրուշոն եւ Էմմին: Որոշ մասնագետներ էլ կատակում են, թե ինչու հայտ չներկայացնեն նրանց մայրերը՝ Սյուզան Մարգարյանն ու Նադեժդա Սարգսյանը, փաստելով, թե «Եվրատեսիլ 2006»-ին Հունաստանը ներկայացնող երգչուհի Աննա Վիսին 54 տարեկան էր:

Հ1-ին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ վստահեցնում են, որ հաջորդ տարի միանշանակ «Եվրատեսիլ» է մեկնելու Սիրուշոն: Նույն աղբյուրների պնդմամբ, Էմմին, իբր տեղյակ լինելով, որ արդեն ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է, որոշել է աշնանը մասնակցել քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությանը: Այդ առիթով երգչուհու «քավորն» է Հ1-ի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Կապվեցինք Էմմիի հետ: Երգչուհին չհերքեց լուրը. «Ամեն ինչ սկսվեց «Խենթ ու գեղեցիկ» երգի տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Տեսահոլովակի ռեժիսոր Սամուել Դինը երգի նկարահանումները տեսնում էր միայն բոքսի ռինգում, իսկ Կարեն Գիլոյանը խորհուրդ տվեց՝ չհեռանալով սպորտից, այն անցկացնել քիք-բոքսինգի ռինգում: Ընդհանուր հայտարարի գալուց հետո սկսեցի մարզումներս քիք-բոքսինգի հավաքականի մարզիչ Արամայիս Հայրապետյանի մոտ: Երկշաբաթյա մարզումներից հետո մարզիչս խնդրեց ինձ նկարահանումների ժամանակ տղաներին չվնասել, քանի որ նրանք մեկնելու էին միջազգային մրցումների: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ պետք է որեւէ սպորտաձեւի տիրապետի: Քիք-բոքսինգը, փաստորեն, կռվի ձեւ է, հետեւաբար՝ ինքնապաշտպանության միջոց: Հավատացնում եմ՝ ավելի մեծ հաճույքով կմասնակցեմ քիք-բոքսինգի մրցումներին, քան «Եվրատեսիլին»: Մնացածը՝ ժամանակը ցույց կտա»: Կեսկատակ-կեսլուրջ հարցինք, թե ումի՞ց է պատրաստվում երգչուհին պաշտպանվել, գուցե իր գործընկերների՞ց: «Գործընկերներից՝ ոչ: Ինքնապաշտպանական հնարքներին տիրապետելը անհրաժեշտ է յուրաքանչյուրին»,- ասաց Էմմին: Հետո էլ ժպտալով հավելեց. «Սպորտ գումարած երաժշտություն հավասար է արվեստ»:

Խոսեցինք նաեւ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ. «Քիք-բոքսինգի հայ մարզուհիները միջազգային արենաներում միշտ գրավել են 2-3-րդ հորիզոնականներ: Ափսոս, այս մարզաձեւում հայ կանանց թիվը քիչ է: Ինչ վերաբերում է Էմմիին, նա ճկուն է եւ, որ ամենակարեւորն է, աշխատասեր ու նպատակասլաց: Չեմ կարող ասել՝ երգչուհին կմասնակցի՞ միջազգային մցումների, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է՝ նրա հայտնվելը ռինգում ֆանտաստիկայի ժանրից չէ: Թեեւ ես մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ Էմմիի՝ շուրջ երկշաբաթյա մարզումների արդյունքները հիանալի էին»:

Այս օրերին հայ մարզիկներին միջազգային մրցումների ուղեկցող քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի եւ հավաքականի մարզիչ Արամայիս Հայրապետյանի խոսքը հասկանալի պատճառով չենք կարող ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել