Երեւանի մամուլի ակումբի փորձագետ, փորձառու լրագրող Մեսրոպ Հարությունյանն ընդգրկված է «Ստեղծագործական մրցույթ» առարկայական հանձնաժողովում:
Նշենք, որ այս առարկան բուհական ընդունելության քննությունների ժամանակ հանձնում են միայն ապագա լրագրողները՝ Երեւանի պետական ու մանկավարժական համալսարանների դիմորդները: Ահա թե ինչ «մարգարիտներ» է առանձնացրել Մեսրոպ Հարությունյանն այս տարի լրագրող դառնալու հայտ ներկայացրած դիմորդների շարադրություններից:
Սակայն Հայկի բախումը Բելով չավարտվեց…
Թորգոմյան Հայկի թշնամիներից էր բյուզանդացին, անհավատ թուրքը…
Ասում են Կարմիր Սուլթանին հայ կին է ծնել: Ինչո՞ւ հայ կինը նրան պիտի ծներ, չէ՞ որ նա ծնել է մի խումբ քաջեր…
Աղջիկ լինելով հանդերձ, կյանքումս շատ խենթություններ եմ արել…
Անձնազոհ ծնվում են, ինչպես ծնվում են գեղեցիկ կամ տգեղ…
Ես ինքնասիրությունս էլ եմ զոհել, ես՝ անձնազոհ եմ…
Եթե աշխարհում չլինեին փոթորիկներ, ջրհեղեղներ, հրաբուխներ, ապա մարդիկ ուղղակի չէին կարողանա դիմադրել այդ ամենին…
Կյանքի դպրոցը մի դպրոց է, որ ամբողջ կյանքն էլ չի հերիքի այն ավարտելու համար…
Ուզեցի, քո սիրով թեւավորված, օգնել բոլորին, բայց դու ոսկե մատուցարանի վրա սառնասրտություն հրամցրիր՝ համեմված ուրիշի սիրով…
Ես վերցրեցի քո սերը եւ ուղիղ դեպի կատարելություն շարժվեցի…
… Դրանցից մենք դաս ենք քաղում, որ տգետ լինելը կփչացնի ողջ շրջապատը, սակայն մեր օրերում այս երեւույթը մնում է չբացահայտված…
Ես շատ հպարտ էի, որ կարողացա աշխարհի երեսին բարություն կոչվող խղճին գոնե մի շատ աննկատ նեյրոն ավելացնել…
Հոգիս փոթորկված էր, իսկ հույզերիս ու ցանկություններիս գետը տատանվում էր իր ափերի միջեւ՝ չիմանալով, որ ափն ավելի շատ ոռոգել…