Լրահոս
Օրվա լրահոսը

Շինություններ առանց կոյուղո՞ւ

Օգոստոս 09,2007 00:00

Նոր քոթեջներ՝ Սեւանի ափին

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը արդեն քանի տարի միջոցներ է ձեռք առնում Սեւանա լճի պահպանման, նաեւ լճի մակարդակի բարձրացման ուղղությամբ: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Սեւանա լճի ափամերձ հատվածներում բազմաթիվ օլիգարխներ եւ չինովնիկներ, ՀՀ ոստիկանության եւ ՊՆ բարձրաստիճան սպաներ կառուցում են քարե շինություններ: Սեւանի ավազանի բնակիչները նշում են, որ այս շինարարությունների ընթացքում տասնյակ հեկտարներով ծառեր են հատվել: Ինչպես հայտնի է, օրերս մի շարք բնապահպաններ ահազանգել են, որ Հայաստանի կառավարությունում շրջանառվում է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կդադարեցվի ծովի մակերեւույթից 1905 մետր բարձրության վրա, մինչդեռ, ըստ ԱԺ ընդունած օրենքի, նախկինում նախատեսված էր բարձրացնել լճի մակարդակը մինչեւ 1908 մետր: Արդեն գրվել է, որ, հավանաբար, այս որոշմամբ կառավարությունն արտահայտել է իր մտահոգությունը վերոհիշյալ օլիգարխների եւ չինովնիկների, ոստիկանների եւ գեներալների կառուցած «դաչաների» ճակատագրի նկատմամբ, որոնք նախկին որոշման կիրառման դեպքում հաստատապես հայտնվելու էին ջրի տակ: Այսինքն, «քրտինքով» կառուցածն ուզած-չուզած պետք է ապամոնտաժվեր: Սեւանի ավազանի ցանկացած բնակիչ կվկայի, որ լճի ափամերձ տարածքներում իրենց անձնական «հանգստյան գոտիներն» ունեն պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանը, ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը եւ այլք:

Բայց դրանով մեր «կյանքի տերերի» ախորժակը չի սահմանափակվում: Օրերս «Առավոտին» հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի՝ Սեւանա լճի ափամերձ գոտում անհայտ անձինք կառուցում են թվով 20 քոթեջ: Լինելով նշված հատվածում, մեզ հաջողվեց պարզել, որ այդ քոթեջները կառուցվում են «Սեւան» ազգային պարկի տարածքում: Մեր ձեռքի տակ է «Սեւան» ազգային պարկի տնօրեն Արսեն Հովհաննիսյանի եւ «Նոյեմզար» ՍՊԸ-ի տնօրեն Երվանդ Ազիզյանի միջեւ կնքված N 512-148 պայմանագիրը՝ ստորագրված 2006-ի հունվարի 25-ին: Մեր տեղեկություններով, նշված տարածքը շուրջ 4 հեկտար է եւ վարձակալված է 60 տարով: Վարձակալողը «Նոյեմզար» ՍՊԸ-ն է: Վարձակալված տարածքը, ըստ ՍՊԸ-ին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0042635 վկայականի, անտառածածկ է: Մեր ձեռքի տակ է նաեւ ՀՀ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանի ստորագրությամբ «Նոյեմզար» ՍՊԸ-ին տրված շինարարական թույլտվությունը, ըստ որի, բացի 20 քոթեջից, կառուցվելու է նաեւ կենտրոնական շենք, ավտոկանգառ, խաղահրապարակ, լողավազան եւ լողափ: Գյուղացիներն այս կառույցի անունն արդեն դրել են «լաբիրինթոս». կառուցապատողները ծառեր չեն հատել, քոթեջները կառուցել են ծառերի արանքում, սակայն արդյունքում բաց է մնացել կարեւորագույն հարցը՝ որտե՞ղ են թափվելու կենտրոնական շենքի եւ քոթեջների կոյուղաջրերը: Արտանիշցիները գիտեն այս հարցի պատասխանը՝ կոյուղաջրերը թափվելու են Սեւանա լիճ: Մեզ հաջողվել է պարզել, որ այս կառույցի համասեփականատերերից է «Երիցյան եւ եղբայրներ» ՍՊԸ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել