«Առավոտը» հուլիսի 27-ի համարում տեղեկացրել էր, որ զբաղեցրած տարածքից դուրս գալու պահանջ է ներկայացվել «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության «Մաքսլիբերտի» ծրագիրն իր հաճախությամբ վերահեռարձակող «Արձագանք» ռ/կ-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային պալատի նոր սեփականատերերի, մասնավորապես՝ տնօրեն Վ. Մանուկյանի կողմից:
«Արձագանքի» տնօրեն Եղիշե Պետրոսյանը չէր բացառել, որ դա կարող է կապ ունենալ «Մաքսլիբերտին» իրենց հաճախությամբ վերահեռարձակելու հետ:
Երեկ պրն Պետրոսյանից դարձյալ հետաքրքրվեցինք՝ գտե՞լ են հարցի լուծման հարմար տարբերակ եւ այն ինչպե՞ս կանդրադառնա «Մաքսլիբերտիի» խնդրի վրա: «Մենք դեռ նոր տարածքի փնտրտուքների մեջ ենք, որովհետեւ դուրս ենք գալու այստեղից: Կենտրոնի սեփականատերերը մեզ դատի են տվել, դատն էլ շարունակվում է: Ինչ վերաբերում է «Մաքսլիբերտիին», այն դեռ վերահեռարձակվում է, որովհետեւ մինչեւ սեպտեմբերի վերջ պայմանագիր ունենք: Ռադիոկայանի տեղափոխումը հեշտ գործ չէ, ստուդիաների, անտենաների եւ այլ հարցեր կան: Եթե նման պատճառներով խախտենք մեր պայմանները «Ազատության» հետ, վերջինս կարող է մեզ նույնիսկ տույժի ենթարկել: Կրկնում եմ՝ տարածք գտնելը հեշտ չէ, ամենուր սարսափելի գներ են: Մտածում ենք վարկ վերցնելու մասին, իսկ վարկերը, ինչպես գիտեք, թալան են: Սա մեծ հարված է մեր ռադիոկայանին, որը, այսպես թե այնպես, տնտեսապես տուժել է, որովհետեւ կենտրոնում կատարվող շինարարական եւ եռակցման աշխատանքների առաջացրած աղմուկը, հոսանքի տատանումներն ու անջատումները անընդհատ խանգարել են մեզ, փոշու մեջ կորած կոմպյուտերները՝ փչացել: Պետության հետ այլեւս հույսեր չենք կապում, որովհետեւ անիմաստ է ինչ-որ մեկին դիմելը… ամեն ինչ վաճառված է եւ ամեն ինչի վրա «հոր» գին է դրված»,- հայտնեց Ե. Պետրոսյանը: Երեկ «Ռադիո Հայի» տնօրեն Արամ Մկրտչյանից էլ հետաքրքրվեցինք՝ կշարունակի՞ վերահեռարձակվել «Մաքս- լիբերտին» «Ռադիո Հայով»: «Միշտ էլ կվերահեռարձակվի, խնդիրներ չեն եղել, կարծում եմ՝ չեն էլ լինի»,- հավաստիացրեց նա: