Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՋԻԿՆԵՐԻ «ՆԻԳ» ԹԻՄԸ՝ «NORWAY CUP»-Ի 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Օգոստոս 07,2007 00:00

Սա, թերեւս, մարզականամենամասսայական միջոցառումն է աշխարհում:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտվեց ֆուտբոլի «Norway Cup» գավաթի 32-րդ խաղարկությունը: Այս տարի դրան մասնակցեց 50 երկրի ավելի քանի 30 հազար ֆուտբոլիստ, որոնք Օսլոյի 70 ֆուտբոլային խաղադաշտերում մեկ շաբաթ պայքարում էին պատանեկան տարբեր տարիքային խմբերի տղաների եւ աղջիկների մրցաշարերի հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար։

Օսլոյաբնակ Ջիմի Վարթիվարյանի անձնական նախաձեռնության շնորհիվ Հայաստանը Նորվեգիայի գավաթի խաղարկությանը մասնակցել սկսել է տասը տարի առաջ։ Այն ժամանակ Երեւանի «Կիլիկիան» իր նորամուտը նշել է հաղթանակով, իսկ հարձակվող Ժորա Հովհաննիսյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ: Դրանից հետո մեր հանրապետությունը «Norway Cup»-ում մշտապես ներկայացրել են Երեւանի «Քոլեջ» ակումբի աղջիկների թիմերը, որոնք հանդես են եկել տարիքային տարբեր խմբերում։ Այդ ընթացքում լավագույն արդյունքը եղել է մինչեւ 1/4 եզրափակիչ հասնելը։ Այս տարի «Քոլեջ» ակումբի «Նիգ» թիմի հետ, որը հանդես եկավ 19 տարեկանների խմբում, մրցավայր էր մեկնել նաեւ մայրաքաղաքի «Բանանց» ակումբի 15 տարեկանների թիմը։

«Բանանցը» բավականին լավ տպավորություն գործեց նորվեգացիների վրա։ Նա խմբային մրցաշարում բացահայտ առավելություն էր ունենում մրցակիցների նկատմամբ՝ տանելով միայն խոշոր հաշվով հաղթանակներ։ Մեր տղաները միանգամայն ի վիճակի էին մրցանակային տեղ գրավել, եթե մրցավարները հանդիպումները վարեին անկողմնակալ («Բանանցի» բոլոր մրցակիցները տեղի թիմերն էին)։ Հենց մրցավարների պատճառով մեր թիմը հարկադրված եղավ ճանապարհի կեսից հրաժեշտ տալ գավաթը նվաճելու նպատակին։

Օսլոյում գերազանց հանդես եկավ «Նիգը», որը խմբային մրցաշարի արգելքն առաջատարի դերում հաղթահարելուց հետո էլ շարունակեց հանդես գալ մեծ վերելքով։ Ճիշտ է՝ կիսաեզրափակիչում մեր աղջիկները համառ պայքարից հետո 11 մետրանոցներով 2:3 հաշվով զիջեցին Նորվեգիայի «Լորնսկուկին» (խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1), բայց մրցաշարի ավարտին նրանց ուրախությանը չափ չկար, քանի որ առաջին անգամ նրանք Օսլոյի «Քորսվոլի» հետ միասին դարձել էին երրորդ մրցանակակիր, արժանացել բրոնզե մեդալների ու նվաճել «Norway Cup»-ի փոքր գավաթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել