Լրահոս
Օրվա լրահոսը

Մի CD-ի պատմություն

Օգոստոս 07,2007 00:00

Երգահան, պրոդյուսեր Արման Ավետիսյանն ու երգիչ Վահե Փանոսյանը չեն ուզում «կիսել» հեղինակային իրավունքները

«Առավոտ» էր այցելել երգահան, պրոդյուսեր Արման Ավետիսյանը: Նա ներկայացրեց երգիչ Վահե Փանոսյանի վերջերս թողարկված «Երեւան» CD-ն, հավաստիացնելով, որ այն հայաստանյան «Ռեկո-Ռեկորդս» եւ ամերիկյան «Աղթամար» ստուդիաների համատեղ արդյունք է, մինչդեռ մաքսանենգ ճանապարհով արտադրված այս CD-ի վրա նշված չեն ոչ ստուդիայի, ոչ էլ երգերի հեղինակների անունները: Ա. Ավետիսյանը հայտնեց, որ CD-ում տեղ գտած 8 երգից 7-ի հեղինակն ինքն է, եւ որ ոտնահարվել են իր հեղինակային իրավունքները. «Քրեական օրենսգրքի 158 հոդվածը նման արարքի համար նախատեսել է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանքից՝ մինչեւ 2 տարի ազատազրկում»:

Հետաքրքրվեցինք՝ հեղինակը դիմե՞լ է «Հայ հեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ: Մեր զրուցակիցն ասաց, որ հիշյալ հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանն իրեն ասել է, որ «Հայ հեղինակը» ընդամենը հասարակական կազմակերպություն է եւ միայնակ ի զորու չէ գործել: Վերադառնալով մաքսանենգ ճանապարհով թողարկված «Երեւան» CD-ին, Ա. Ավետիսյանը հայտնեց, որ երգիչ Վ. Փանոսյանը խոստովանել է իրեն, որ տվել է իր համաձայնությունը «Ռեկո-Ռեկորդսին»՝ նշված CD-ն «անանուն» թողարկելու ու վաճառելու համար: «Երգիչն ինձ առաջարկեց $50, որպեսզի լռեմ: Բնականաբար, երբ հրաժարվեցի կաշառքից, սկսվեցին ահազանգերը՝ սպառնալիքներով ու հայհոյանքներով: Զանգահարողը ներկայանում էր իբրեւ ԱԱԾ-ի աշխատակից: Սա չհերքեց նաեւ Վահեն, ասելով, որ ԱԱԾ-ի աշխատակցի անունը Արմեն է, եւ նա աջակցում է իրեն»,- պատմեց Արման Ավետիսյանը:

Նրա հավաստմամբ, «Հայ հեղինակ» հ/կ-ում գրանցված իր երգերը 2006թ. տեղ էին գտել նաեւ երգիչ Արթուր Ներսիսյանի (Պոնչո) CD-ում. «Այս դեպքում Դավիթաշենի ոստիկանական բաժանմունքում Պոնչոն խոստովանեց, որ շուրջ 20 երգ է գողացել ինձանից: Ոստիկանության միջամտությամբ նա վճարեց $500, գրավոր պարտավորվելով, որ այլեւս այդ երգերը չի կատարի եւ չի ընդգրկի հետագայում թողարկվելիք իր ձայներիզներում: Սակայն վերջերս, բառացիորեն 3-4 օր առաջ թողարկված «Հայկական աստղեր» CD-ում դարձյալ հայտնաբերեցի իմ ստեղծագործություններից»:

Երգահանից հետաքրքրվեցինք, թե տարվա կտրվածքով ինքը ի՞նչ գումար է ստանում «Հայ հեղինակից»: Ա. Ավետիսյանն ասաց. «3000-5000 դրամ: Քանիցս խնդրել եմ ներկայացնել գնացուցակը, բայց՝ ապարդյուն»:

Պարզաբանում խնդրեցինք «Հայ հեղինակ» հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանից. «Այո, Արման Ավետիսյանը գրանցված է մեր կազմակերպությունում, բայց նա երբեւէ ինձ չի դիմել որեւէ հարցով, փոխարենը վերջերս հրավիրված իմ առաջին ասուլիսում նա ներխուժել է «Փաստարկ» ակումբ եւ լրագրողների ներկայությամբ փորձել ինձանից պարզաբանումներ ստանալ: Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ մենք հասարակական կազմակերպություն ենք եւ «պիրատային» արտադրանքի հետ կապ չունենք: Այդ ուղղությամբ աշխատանքներ ունի անելու 6-րդ վարչությունը»: Տիկին Ներսիսյանին խնդրեցինք բերել գոնե մեկ օրինակ, որը ցույց կտա իրենց եւ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքը եւ խնդրեցինք հայտնել ճանաչված մեկ երգահանի անուն, որի գործերը հնչում են ամենուր՝ TV-ներով, ռադիոկայաններով, ռեստորաններում եւ այլն, ու «Հայ հեղինակի» ջանքերի շնորհիվ ինչքան գումար է դա բերում ստեղծագործողին՝ տարվա կտրվածքով. «Ես իրավասու չեմ պատասխանել ձեր երկու հարցերին: Միայն կարող եմ ասել, որ «Հայ հեղինակ» հ/կ-ն գրանտային ոչ մի ծրագրից չի օգտվում, իսկ այս տարվա առաջին 6 ամիսներին մեր բյուջեն կազմել է 20 մլն դրամ, որից վճարվել են հայ ստեղծագործողները»:

Կապվեցինք նաեւ երգիչ Վահե Փանոսյանի հետ: Նա հերքեց Արման Ավետիսյանի կողմից իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ CD-ն թողարկվել է իր անձնական միջոցներով ու բոլոր երգերն էլ իրենն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել