Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆ ԳԼՈՒԽՆ ԱՅԼ ՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ»

Օգոստոս 07,2007 00:00

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը կոչ է անում ձերբազատվել միտումնավոր անտարբերությունից:

«Առավոտի» օգոստոսի 3-ի համարում տեղեկացրել էինք, որ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը մտահոգված է Պուշկինի այգու հարեւանությամբ՝ գրողի անունը կրող կենտրոնին հատկացված տարածքի հանդեպ ոտնձգություններով: Հիշեցնենք, որ 2005-ին Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակի հոբելյանական հանձնաժողովի եւ կառավարության որոշմամբ կայացել էին բազմաթիվ միջոցառումներ, նաեւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվել էր ճարտարապետական լավագույն նախագծի մրցույթ անցկացնել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի համար, ինչից հետո կառավարությունը, վարչապետը՝ հիմնադրամի ու ժառանգների մասնակցությամբ, պիտի որոշեին կենտրոն-թանգարանի կառուցման քայլերի հաջորդականությունը: «Ըստ ոչ պաշտոնական ճանապարհներով մեզ հասած լուրերի, այդ մրցույթը կայացել է դեռ անցյալ տարի, կան հաղթողներ կամ գուցե հաղթող, սակայն առայսօր պաշտոնապես որեւէ ինֆորմացիա քաղաքապետարանը չի հրապարակել, չի նախաձեռնվել որեւէ քայլ՝ թղթաբանության, թանգարանի շինարարության սկսելու հետ կապված: Պետական մշակութային քաղաքականությունից է կախված նաեւ մասնավոր ներդրողների ու մեկենասների հետաքրքրությունը Հրանտ Մաթեւոսյանի մշակութային ժառանգության պահպանման հանդեպ, մինչդեռ քաղաքապետի, ստիպված եմ կարծել՝ միտումնավոր անգործության ֆոնի վրա «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամին պատկանող տարածքից զավթումներ են արվում մասնավոր ֆիզիկական անձանց՝ հարեւանների կողմից՝ ցանկապատեր են տեղաշարժվում, ավտոտնակների մուտքեր ընդլայնվում»,- հայտնեց Դ. Մաթեւոսյանը: Նաեւ հավելեց, որ հիմնադրամի տնօրինությունը այս առիթով նամակ է հղել քաղաքապետին, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի պետին, քաղաքաշինության նախարարին: «Քաղաքապետարանի, պետական մարմինների միջին օղակները, որոշ դեպքերում էլ բարձր պաշտոնյաները, Հրանտ Մաթեւոսյան անհատին եւ նրա մշակութային ժառանգությունը բարձր են գնահատում ու հարգանքով վերաբերվում, ինչ-ինչ հարցերում օպերատիվ են արձագանքում, սակայն նրանց, այսպես ասած, անձնական ֆունկցիոնալ կարողությունները շատ հաճախ, ի վերջո, սահմանափակվում են այն համատարած անտարբերությամբ, որ իրենց պարտադրված է: Տեղյակ ենք, որ քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը եղել է տեղում: Արդյունքների մասին դեռ պաշտոնական նամակ չենք ստացել: Մի բան պարզ է՝ ոչինչ այսպես չի մնալու, հարկ եղած դեպքում դատական կարգով կլուծենք հարցերը, քայլեր կանենք, որպեսզի ոտնձգությունները դադարեցվեն, բայց մենք ինչը թողած՝ ինչո՞վ ենք զբաղվում»,- նշեց հիմնադրամի տնօրենը: Ցավոք, ըստ գրողի որդու, շան գլուխը այլ տեղ է թաղված, ինչի մասին նա բանաձեւեց Հրանտ Մաթեւոսյանի միշտ արդիական խոսքերով. «…Ներսում ամեն մեկս իր փայը ժրաջանորեն կրծում է եւ ամբողջը չի տեսնում, գլուխը կախ, իր համար մենակ, կուսակցություններով, թայֆաներով, մաֆիաներով, վաստակի, հողի, արյան առեւտրով, զուտ զոռբայությամբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացացնելով… Միջուկի մեր կրծոցի մեջ ամբողջը չենք տեսնում: Ամբողջը տեսնելու համար քո իտալացու նման պետք է դրսից լինեինք, նաեւ կուսակցությունների, ձեռներեցների եւ այլնի եւ ուրիշների հաջողությունները պետք է որ ազգի, ասել է՝ մեր բոլորիս հաջողությունը լիներ…»:

Դավիթ Մաթեւոսյանը նաեւ հավելեց. «…Կարող եմ փաստել Մաթեւոսյանի, նրա ժառանգության հանդեպ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանի ակնածանքն ու ուշադրությունը, կարող եմ հիշեցնել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ գործը գլուխ բերելու մասամբ հաջողված ճիգերը եւ հոգածությունը: Կարող եմ նաեւ գլխի ընկնել վարչապետ Սերժ Սարգսյանի որոշ հետաքրքրության մասին, սակայն պետական մտածողությունն ու մշակութային քաղաքականությունը հաստատ դա չէ…ու այս ամենը գալիս ու իրենց լյումպենի մի քայլով ի դերեւս են դարձնում հարեւան Քաջիկը ու նրա հարեւան էսինչն ու էնինչը…Իրականում, ըստ էության, խնդիրն այն չէ՝ կքանդի՞ քաղաքապետարանը այդ պատը, թե՞ ոչ: Խնդիրը քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքային թերացումներն են՝ թե կենտրոն-թանգարանի վերաբերմամբ, թե տեղում՝ հարեւանների տարածքների չլուծված խնդիրների առնչությամբ»:

Հ. Գ. Քաղաքապետարանից խոստացան պարզաբանումներ տրամադրել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել