Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ընկերները դավաճանո՞ւմ են

Օգոստոս 07,2007 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց մասնագիտությամբ բժիշկ Ջեմս Ստեփանյանի հայցի քննությունը«Նոր Ձորաբերդ» եւ «Ոսկե պատառաքաղ» ռեստորաններիհամասեփականատեր Արշակ Բոստանջյանի դեմ:

Հայցվորը պահանջում էր պատասխանողից վճարել 2006-ին պարտքով տված իր $86.200 գումարը, որպես հիմնավորում ներկայացնելով ստացական՝ ստորագրված իրենց եւ երկու վկաների կողմից: Պատասխանողը դատական գործընթացի սկզբում պնդում էր, թե ինքը գումարը վերցրել էր տոկոսով եւ իր վճարած տոկոսների ընդհանուր գումարը կազմել է $48.000, իսկ 2006-ի հունիսի 1-ին գտնվելով ֆինանսական վատ դրության մեջ, ստորագրել է այդ ստացականը: Սակայն տեսնելով, որ դատական այս ընթացքը գնում է ոչ ի նպաստ իրեն, Ա. Բոստանջյանը դիմում է դատարան՝ ստացականը անվավեր ճանաչելու եւ առանձին դատական գործընթաց սկսելու պահանջով՝ այս անգամ մեկնաբանելով, թե ստացականը ինքը տվել է ընկերոջը արտասահման գնալիս օգնելու նպատակով, քանի որ այդ փաստաթուղթը դեսպանատուն ներկայացնելու պարագայում նա կարող էր արտասահման մեկնելու թույլտվություն ստանալ:

Ջեմս Ստեփանյանը դա համարում էր անհիմն, քանի որ, ըստ իրեն, այսօրվա դրությամբ ինքն ունի $130.000 բանկային հաշիվ, ինչը բավարար է նման թույլտվություն ստանալու համար: Թեեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Արշակ Բոստանջյանի պահանջը եւ առանձին դատական գործընթաց էր սկսվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սակայն Ջ. Ստեփանյանը իր հերթին դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ վարույթի կասեցումը վերացնելու պահանջով: ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է հայցը, մեկնաբանելով, որ կասեցումը անհիմն է եւ դատական երկու հայցերը պետք է քննվեն համատեղ: 2007թ. հուլիսի 17-ին դատարանը, Ս. Թադեւոսյանի նախագահությամբ, վճռեց. «Ջեմս Ստեփանյանի հայցը բավարարել. Արշակ Բոստանջյանից հօգուտ Ջեմս Ստեփանյանի բռնագանձել 86.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ բռնագանձման պահի փոխարժեքով, ինչպես նաեւ 2007թ. հունվարի 1-ից սկսած՝ մինչեւ գումարը վճարելու օրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկային դրույքը:

Արշակ Բոստանջյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետական տուրք՝ 86.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի 2 տոկոսի չափով: Արշակ Բոստանջյանի հայցը մերժել:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

Հարկ է նշել, որ Ջ. Ստեփանյանն ու Ա. Բոստանջյանը 30 տարվա ընկերներ են: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ընկերների միջեւ ստեղծվեց այս կոնֆլիկտը, Ջ. Ստեփանյանը պատասխանեց. «Ես պարզապես օգնեցի ընկերոջս բիզնես սկսելու, ֆինանսապես կայանալու եւ վատ իրավիճակից դուրս գալու նպատակով: Պատկերացնել անգամ չէի կարող, որ իմ 30 տարվա ընկերը ինձ կդնի նման դրության մեջ եւ ես ստիպված կլինեմ այսպիսի քայլի դիմել: Սա ուղղակի դավաճանություն էր իր կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել