Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում դիմորդները հաճախ զվարճալի իրավիճակներ են ստեղծում
Երեկ կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում «Դրամատիկ թատրոնի եւ կինոյի դերասան» բաժինն ընդունվողները հարցազրույց էին հանձնում: Հանձնաժողովի անդամ Ռուբեն Բաբայանը «Առավոտին» հայտնեց, որ քիչ են լավ պատրաստված երեխաները եւ, ընդհանուր առմամբ, ցածր է դիմորդների մակարդակը. «Հասկանում ենք, որ առանց միջնակարգ դպրոցի խնդիրները լուծելու, անհնար է բուհականը լուծելը, երբ չկա գիտելիքների որոշակի բազա: Հաճախ ստիպված ենք լինում զբաղվել լիկբեզով՝ անգրագիտության վերացմամբ, ինչն ամենեւին էլ բուհի խնդիրը չէ»:
Մեր հետաքրքրությանը՝ եղե՞լ են փայլուն պատասխաններ, պրն Բաբայանը նշեց. «Փայլուն՝ ոչ, բայց հետաքրքիր պատասխաններ լսել ենք: Քանի որ գործ ունենք արվեստի բուհի հետ, ոչ թե անգիր անելն ու դպրոցական «ստանդարտներն» են խրախուսվում, այլ թարմ ու անկաշկանդ հայացքները»:
Մյուս անդամներն էլ փաստեցին, որ լեռնային շրջաններից եկած երեխաները, չնայած իրենց բարբառային խոսքին, շատ ավելի պատրաստված են, քան դաշտավայրային շրջանների ու Երեւանի դիմորդները: «Որքան մոտիկ Երեւանին՝ այնքան հեռու թատրոնից»,- ասաց նրանցից մեկը:
Կարդացեք նաև
Երեկ ունկնդիր եղանք մի քանի պատասխանների: Օրինակ, մի դիմորդ այդպես էլ չկարողացավ մտաբերել ոչ մի ժամանակակից հայ դերասանի անուն, փոխարենը թվարկեց հոլիվուդյան բազմաթիվ կինոաստղերի: Զուր էր բուհի ռեկտոր, հանձնաժողովի անդամ Հրաչյա Գասպարյանը հարցնում. «Տիգրան Ներսիսյանին գիտե՞ս, Շանթի «Հին աստվածները» բա չե՞ս տեսել: Լավ, գոնե Բաբախանյանին էլ չգիտե՞ս…»: Մի աղջիկ էլ կցկտուր Պեպո վերլուծեց՝ ֆիլմն ու Սունդուկյանի գործը խառնելով իրար: Երբ հանձնաժողովի անդամ Հրաչյա Աշուղյանը հուշող հարցով փորձեց կմկմացող դիմորդին գլխի գցել, թե ինչպես է նախատել Պեպոն գումարը ուրացող Զիմզիմովին, աղջիկը մի կերպ մտաբերեց՝ «խմբագրելով» հեղինակին. «Հաա՜, հիշեցի, ասում էր՝ քո սրտի օրագրո՞ւմ էլ չկա գրած»:
Այնպես որ, Թատերական ինստիտուտում զվարճալի ու անակնկալ պատասխանների պակաս չի զգացվում: Հանձնաժողովականները պատմեցին, որ, օրինակ, ղարաբաղցի մի տղա իրեն տրված թերթիկի մեջ շարադրել էր ոչ միայն հարցերի պատասխանները, այլեւ թղթին հանձնել սեփական ապրումները: Ընդ որում, նյութը՝ գրական հայերենով, իսկ իրեն վերաբերող հատվածները՝ Ղարաբաղի բարբառով էր շարադրել. «Ձեռքերս դող ըն կյամ, հենա-հենա տի ինգնեմ, պոլ եղավ, մե խիլա շունչ քաշեմ, քինամ պատասխանեմ»: Այնուհետեւ գրական հայերենով հետեւում է հարցերից մեկի պատասխանը. «Գրիբոյեդովը ռուս դրամատուրգիայի ականավոր….»:
Մի դիմորդ էլ չճանաչելով իր առջեւ նստած Սոս Սարգսյանին, մանրամասն պատմելով նրա կենսագրությունը, վերջում ասել է. «Գիտեմ, որ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավանում, բայց ճիշտն ասած չեմ հիշում՝ երբ է մահացել»: Այդ պահին հայտնի դերասանը հանկարծակիի է եկել ու զարմացած հարցրել. «Էդ ի՞նչ ես ասում, աղչի՜…»: Երեխան շատ է շփոթվել, ու նրան այդ վիճակից հանելու համար Ս. Սարգսյանը ժպտալով հարցրել է. «Լավ, ասա տեսնեմ՝ ո՞ւմ ես սիրում հայ դերասաններից»: «Սոս Սարգսյանին»,- հնչել է պատասխանը: Մի դիմորդ էլ խոսելով Մոլիերի գործերից, վստահորեն կարծիք է հայտնել. «Մոլիերի ժամանակաշրջանում գործում էր խաբեբաների ու սրիկաների մի հոծ բազմություն»:
Քննական հանձնաժողովի անդամ Ռ. Բաբայանը նշեց, որ իրենց բուհում մրցույթը բարձր չէ. «Հավանաբար շատերը մտածում են այնպիսի մասնագիտություն ընտրել, որով հնարավոր լինի ապրել»:
Բուհի բակում սպասող ծնողներից հետաքրքրվեցինք՝ համամի՞տ են իրենց երեխաների ընտրության հետ, որովհետեւ դերասանի աշխատանքը մեր երկրում ցածր վարձատրվողներից է:
Ծնող Քնարիկ Անտոնյանը (Չարենցավանից) ասաց. «Եթե վաստակի մասին մտածենք, ամեն տեղ էլ նույնն է: Հետո, լավ դերասանի աշխատանքով էլ է հնարավոր լավ վաստակել»: Մեկ ուրիշ ծնող՝ Ազնիվ Սարգսյանը՝ Եղեգնաձորից, հետեւյալն ասաց. «Ես չեմ ոգեւորել տղայիս, բայց եթե որոշել է թատերական ընդունվել, թող ընդունվի: Իր համար նշանակություն չունի, որ դերասանները վատ են վաստակում»:
Մի ծնող, որ հրաժարվեց անունը հայտնել, հավելեց. «Մենք՝ հասարակ մահկանացուներս, գնահատում ենք արվեստի մարդկանց, եթե պետությունն էլ նրանց ըստ արժանվույն գնահատեր, ամեն բան իր տեղը կընկներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ