Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի կանաչ տարածքները՝ երկրապահներին

Օգոստոս 07,2007 00:00

Քաղաքապետարանը չի մերժել երկրապահի՝ Էջմիածնի հրապարակում սպասարկման տաղավար տեղադրելու խնդրանքը

«Էջմիածին քաղաքի հրապարակին կից մոտ 60 քմ գազոնապատ տարածքը ոչնչացվել է՝ սպասարկման օբյեկտ կառուցելու համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ այս տարածքում բոլոր կրպակները ապամոնտաժվեցին՝ իբր քաղաքի գեղեցիկ տեսքը չխաթարելու նպատակով: Հիմա քաղաքի կենտրոնական մասում որոշել են նորից կրպակ տեղադրել՝ ինտերնետ ակումբ են բացում, 30 տարվա կանաչ տարածքն ու ծառերը վերացնում են՝ դա քաղաքի տեսքին համապատասխա՞ն է: Քաղաքապետարանն ինչ ուզում՝ անում է, իրենց կամքով քաղաքի որ մասն ուզում՝ ծախում են»,- «Առավոտին» բողոքեցին Մաշտոցի 6 հասցեի բնակիչները: Նրանց խոսքերով՝ այն հատվածում, որտեղ պիտի տեղադրվի տաղավարը, իրենց զբոսանքի եւ հանգիստն անցկացնելու միակ վայրն է, իսկ կրպակը տեղադրելուց հետո կանաչ տարածք չի մնա, բացի դա, կրպակը փակելու է շենքի առաջին հարկի լուսավորությունը, որտեղ գործում են սպասարկման օբյեկտներ՝ վարսավիրանոց, լուսանկարչական կենտրոն, ձայնասկավառակների խանութ: Այդ օբյեկտների սեփականատերերը նույնպես բողոքում էին նոր կրպակի տեղադրման դեմ. «Մեր տարիների չարչարանքը ջուրն է լցվում, այսքան աշխատել ենք ու ստեղծել այս ամենը, ոչ մեկին չենք խանգարել, ոչ մեկի լույսը չենք փակել: Այս տաղավարը եթե տեղադրեն, մեր օբյեկտները կդառնան անտեսանելի ու հետն էլ բնական լույսից կզրկվենք, որովհետեւ այն զբաղեցնելու է մոտ 6 մետր տարածք՝ 3 մետր բարձրությամբ: Մի ինտերնետ ակումբի համար հարյուրավոր մարդիկ են տուժելու, էլ չենք ասում, որ բնությունն են վնասում»:

Բնակիչների տեղեկություններով՝ կրպակի սեփականատերը երկրապահ է՝ էջմիածինցի Գագիկ Մկրտչյանը, ուստի, ըստ նրանց, հենց երկրապահ լինելու հանգամանքն էլ նպաստել է, որ իրենց փողոցի կանաչապատ տարածքները քաղաքապետարանը «նվիրաբերի» Գ. Մկրտչյանին:

Խնդրի առնչությամբ Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Արամ Սամսոնյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Մաշտոցի 6 հասցում գտնվող գազոնապատ տարածքը վարձակալության է տրվել Էջմիածին քաղաքի բնակիչ Գագիկ Մկրտչյանին. «Մենք այդ տարածքը իրավունք չունենք վաճառելու: Վարձակալության է տրված՝ հետագայում տաղավար տեղադրելու նպատակով: Տարածքը 19 քմ է, եթե 20 քմ լիներ, ավագանիների նիստ կհրավիրվեր ու կորոշվեր՝ տա՞լ վարձակալության, թե՞ ոչ, իսկ քանի որ տարածքը փոքր էր, միայն քաղաքապետի որոշմամբ էր տրվել: Քաղաքի հետագա զարգացման ծրագրերով այդ տաղավարը կապամոնտաժվի: Ներկայումս Մաշտոցի 6 հասցեում տեղադրվող տաղավարը քաղաքի արտաքին տեսքին եւ քաղաքաշինության նորմերին համապատասխան է»: Էջմիածնի քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ կրպակի տեղադրման օրինականությունը հավաստող բոլոր փաստաթղթերը շուտով կտրամադրեն «Առավոտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել