Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Օգոստոս 07,2007 00:00

Չնայած սրան՝ պողոտայի նախագիծն իրականացվում է մայրուղու երկայնքով գործունեություն ծավալող կահույքի խանութների, կազինոների, ռեստորանների, «հյուրանոցների» տերերի եւ հարակից գյուղերի բնակիչների անբարեհաճ եւ թշնամական վերաբերմունքի պայմաններում:

Ծովակալ Իսակովի պողոտան անցնում է Թաիրով եւ Արգավանդ գյուղերի միջով եւ մայրուղու այն հատվածներում, որտեղ ճանապարհի երկու մասերն իրարից բաժանելու համար տեղակայվել են բետոնե գոտիներ եւ մետաղյա ցանցապարիսպներ՝ ջարդուխուրդ են արվում: Խնդիրն այն է, որ բնակիչները եւ առեւտրականները ծուլանում են շրջանցել այդ մետաղյա ցանցապարիսպները եւ փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար օգտվել նախատեսված ստորգետնյա անցումներից: Փոխարենը՝ անցորդները կոտրում են մետաղե ճաղաշարերը, պոկում ձողերն ու ցանցապարիսպը՝ դրանց արանքով փողոցն անցնելու համար: Բացի այդ, օբյեկտների տերերից շատերը դժգոհում են, թե պողոտայի շինարարությունը «խփում» է իրենց բիզնեսին:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանն ասաց, որ քաղաքապետարանը ճարահատյալ հատուկ ծառայություն է ստեղծել, որը ժամանակ առ ժամանակ նորոգում է ցանցապարիսպների վնասված հատվածները. «Աշխարհում նման բան չկա, այնտեղ այդ խնդիրները լուծվում են հոծ գծանշումների միջոցով, եւ կիրթ կենցաղավարության առկայության դեպքում մեծ գումարներ կլանած ցանցապարսպի ու ճաղաշարերի կառուցման անհրաժեշտություն էլ չէր լինի»:

Ըստ Ֆ. Բասենցյանի, պողոտայի նախագիծը մինչեւ շինարարական աշխատանքներն սկսվելը հասարակական քննարկման է դրվել՝ 2 գյուղերի գյուղապետերի եւ բնակիչների մասնակցությամբ: Վիճարկվող հիմնական հարցը, պարոն Բասենցյանի ներկայացմամբ, անասուններին արոտավայրեր տեղափոխելու խնդիրն էր. նախկինում կենդանիներին արոտի էին տանում հենց ճանապարհի մեջտեղով: Այժմ այդ հարցն էլ է լուծվել. կառուցվել է հատուկ ստորգետնյա անցում՝ անասուններին փողոցի մի կողմից մյուսն անցկացնելու համար:

Նկատենք, որ Իսակովի պողոտան օդանավակայանը քաղաքին կապող հիմնական ճանապարհն է, եւ մեր երկիր ժամանող օտարերկրացիներն առաջին տպավորությունը հենց այդ ճանապարհից են ստանում:

Ֆ. Բասենցյանի խոսքերով. «Մայրուղին բարեկարգվել է, տեղադրվել են 24 հազար գծամետր բազալտե եզրաքարեր,140 հազար քմ տարածք ասֆալտապատվել է, վերականգնվել է գիշերային լուսավորությունը, կառուցվել է հեղեղատար, որոշակի հատվածներում ստեղծվել են կանաչ գոտիներ: Մոտ 10 կիլոմետրանոց ճանապարհի վրա արդեն 3 գետնանցում պատրաստ է, եւս 4-ը կառուցվելու է մինչեւ սեպտեմբերի վերջը: Անցած տարի 3 գետնանցումների եւ ընդհանրապես վերակառուցման վրա ծախսվեց 2 մլրդ 300 մլն դրամ, այս տարի 4 անցումների համար տրամադրվել է եւս 300 մլն դրամ»:

Կիլիկիա թաղամասում, դեպի Կոնյակի գործարան գնացող հատվածում՝ դպրոցի հարեւանությամբ կառուցվող անցումը երկակի գործառույթ է իրականացնելու. անցումն իրար է կապելու 2 թաղամասերը՝ Կիլիկիան եւ Նորագյուղը: Նախկինում անցորդը դպրոցի կողմն անցնելու համար ստիպված էր երկար ճանապարհ կտրել վերեւի հատվածով: Ֆ. Բասենցյանի խոսքերով, 3 անցում էլ նախատեսված է կառուցել. «Մեկը՝ ոստիկանության ակադեմիայի, մյուսը՝ պողոտան հատող երկաթուղու մոտ, հաջորդը՝ Արգավանդի եւ Փարաքարի միացման անկյունում»:

Ֆրունզ Բասենցյանը նաեւ նշում է, որ Իսակովի պողոտայի վերակառուցման հիմնական նպատակներից մեկն էլ անվտանգ երթեւեկության ապահովումն է օդանավակայանից եկող եւ այնտեղ ուղեւորվող մեքենաների համար:

Ըստ վիճակագրության, սա քաղաքի վթարներով ամենաշատ հագեցած տարածքն է համարվել եւ երթեւեկի կարգավորումը հրատապ էր նաեւ այդ առումով. «Դա քաղաքից դուրս եկող մայրուղի է, եւ պետք է իր կարգին համապատասխան ռեժիմով աշխատի»: Այժմ, պարոն Բասենցյանի ներկայացմամբ, առեւտրի եւ զվարճանքի օբյեկտներին սպասարկող մեքենաների համար տեղ է առանձնացվել, որպեսզի դրանք չխանգարեն օդանավակայան գնացող ու այնտեղից եկող մեքենաների ազատ երթեւեկությանը:

Նախկինում կահույքի խանութների ապրանքը բաց երկնքի տակ էր ցուցադրվում: Սակայն պողոտայի վերակառուցումից հետո, ըստ Ֆ. Բասենցյանի, կահույքի, շինանյութի խանութների տերերը եւս հարկադրված են հրաժարվել ապրանքի բաց ցուցադրանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել