Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժը՝ Վանոյի պատվավոր համագյուղացի

Օգոստոս 07,2007 00:00

Տարիներ առաջ «Գրանդ» հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանին շնորհվել էր Կոթի գյուղի պատվավոր քաղաքացու կոչում, ու նա խոստովանել էր, թե առավել կնախընտրեր լինել պատվավոր գյուղացի:

Եվ քանի որ Կոթին Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղն է՝ Ռոբերտ Քոչարյանը կատակել էր, թե Կոթին այժմ ունի երկու նշանավոր քաղաքացի:

Օգոստոսի 5-ին ստվարացան Վանո Սիրադեղյանի նշանավոր համագյուղացիների շարքերը: Այդ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը մասնակցեց Կոթիի օրվան նվիրված տոնակատարություններին: Եվ Սերժ Սարգսյանին, ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին եւ Վլադիմիր Մովսիսյանին գյուղապետը շնորհեց Կոթի համայնքի պատվավոր բնակիչների հավաստագրեր: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ վարչապետը կատակել է. «Ես ինչի՞ եմ էսքան ամուր բռնել այս վկայագիրը, որ Մելիքյանը տվել է. ուզում եմ ձեզ ցույց տալ, որ ժլատություն է արել, գոնե մի 500 մետր էլ հող չի տվել, որ միգուցե մի տուն կառուցեմ՝ մեկ-մեկ գանք էստեղ: Թե չէ թղթի վրա՝ հետո ես ո՞նց պիտի ապացուցեմ, որ Կոթիի պատվավոր քաղաքացի եմ»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը եւ բոլոր պետական մարմինները շարունակելու են ուշադրությունն այս գյուղի նկատմամբ, շարունակելու են իրականացվող ծրագրերը, որպեսզի ստեղծվեն բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի կոթեցիները կառչած լինեն իրենց հողին, եւ հարյուրամյակներ ու հազարամյակներ շարունակաբար բնակվեն այս տարածքում»: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Կոթիի զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ, մասնակցել երեխաների մկրտության եւ մատաղի արարողություններին:

Մատաղն արել էր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, որ Վանո Սիրադեղյանի եղբորորդին է: Նա 7 ցուլ մորթելու խորհուրդն այսպես է բացատրել, որ պապերից եկած սովորություն է՝ «գյուղի գլխին կախված չարիքը» չեզոքացնելու համար «7 ապրանքի մատաղ են արել»:

«Ազատության» թղթակցի եւ վարչապետի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.

– Այստեղ՝ Կոթիում, Դաշնակցության ներկայացուցչի հետ եք: Առաջիկայում ՀՅԴ Գերագույն Ժողովը որոշելու է նախագահի պաշտոնում սեփական թեկնածուին. արդյոք Կառավարությունում փոփոխություններ կլինե՞ն այդ դեպքում՝ բուն քարոզարշավից առաջ:

֊ Գիտե՞ք, ձեզ համար Դավիթ Լոքյանը դաշնակցական է, ինձ համար նա գյուղնախարարն է, եւ այստեղ ես որեւէ տարբերություն չեմ դնում, որովհետեւ համարում եմ, որ Կառավարությունն այդպես պետք է աշխատի:

֊ Իսկ երբ ՀՅԴ թեկնածուն առաջադրվի, փոփոխություններ կլինե՞ն:

֊ Մինչ այդ այնքա՜ն ժամանակ կա… Ես չեմ շտապում այդ պրոցեսը արագացնել, արհեստականորեն ստարտներ ձեւավորել: Դեռեւս շատ շուտ է այդ ամենի մասին խոսելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել