Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Ազարյանը դարձյալ ԿԸՀ նախագահ է

Օգոստոս 07,2007 00:00

Երեկ նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին նաեւ ԿԸՀ-ում «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

ՀՀ նախագահի օգոստոսի 3-ի հրամանագրով ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարեց իր առաջին նիստը: Այն վարում էր ԿԸՀ ավագագույն անդամը, որ ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն էր: «Կուսակցությա՞ն տարիքով եք որոշել ավագագույնին»,- լրագրողներից մեկի այս ռեպլիկին ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գարեգին Ազարյանն այսպես արձագանքեց. «Հեսա անձնագիրը կստուգենք, կպարզենք»:

ՀՅԴ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց նախորդ ԿԸՀ-ին՝ կատարած աշխատանքի համար, եւ անցան նոր ԿԸՀ-ի ղեկավարների ընտրությանը: Համլետ Աբրահամյանը հորդորեց չառաջադրել իր թեկնածությունը՝ պատճառաբանելով, թե եղել է ԿԸՀ ե՛ւ փոխնախագահ, ե՛ւ քարտուղար, իսկ հիմա ցանկանում է մնալ միայն իբրեւ ազատ անդամ:

Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Աշոտ Աբովյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկեց Գարեգին Ազարյանի թեկնածությունը: Նույն դեպարտամենտի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարեն Փոլադյանը, ԿԸՀ փոխնախագահի պաշտոնում առաջարկեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Հարություն Շահբազյանի թեկնածությունը (վերջինս մինչ ԿԸՀ-ի անդամ նշանակվելը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր): Իսկ ԿԸՀ քարտուղարի պաշտոնում էլ ՀՀԿ ներկայացուցիչ Աբրամ Բախչագուլյանի թեկնածությունն առաջարկեց Գարեգին Ազարյանը:

Որեւէ պաշտոնի համար չեղավ այլընտրանքային առաջադրում, թեկնածուներին չտրվեցին հարցեր, եւ հանձնաժողովի բոլոր 8 անդամները միաձայն կողմ քվեարկեցին բոլոր 3 թեկնածուներին: Համլետ Աբրահամյանը հաջողություն մաղթեց Գարեգին Ազարյանին՝ «շատ դժվար, բայց միեւնույն ժամանակ, անշնորհակալ աշխատանքում»:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում, արդեն 3-րդ անգամ, ԿԸՀ նախագահ ընտրված պրն Ազարյանը դրական գնահատեց այն փաստը, որ իրեն կողմ քվեարկեցին նաեւ ընդդիմադիրները. «Կարծում եմ, դա մեզ հնարավորություն կտա ավելի լավ նախապատրաստվել հաջորդ ընտրություններին եւ ավելի համախմբված աշխատել»: «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե չի՞ ափսոսում Ֆելիքս Խաչատրյանի համար՝ ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Ափսոսել՝ հաստատ ոչ: Բայց նրա հետ աշխատելն ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ, քան այս նոր կազմի: Քանի որ, կարծում եմ, աշխատանքը միայն գոռալով չի: Եվ եթե գոռում են՝ նշանակում է, տակն էդքան էլ լիքը չի: Իսկ եթե դատարկ է՝ շատ հեշտ է աշխատել»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան ուշացումով գլխավոր դատախազը ԿԸՀ նախագահին առաջարկեց միջոցներ ձեռնարկել մայիսի 12-ի ընտրություններում արձանագրված «խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ»: Գարեգին Ազարյանը պատասխանեց. «Դուք տեղյակ էիք միայն վերջին գրությանը: Մենք պարբերաբար ստացել ենք գրություններ: Եվ պարբերաբար տեղեկացվել ենք, թե ինչ գործեր են հարուցվել, եւ ինչպիսի ընթացք են ստանում այդ գործերը՝ նաեւ դատական կարգով: Այն, ինչ ուղարկվել է անցած շաբաթ՝ ընդամենը եզրափակիչ մի տեղեկություն էր կատարված աշխատանքի մասին»: Եվ առաջարկեց կարդալ ԿԸՀ հաղորդագրությունը խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցառումների մասին: Այն ծավալուն է՝ 21 էջ, ուստի կանդրադառնանք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել