Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԻԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Օգոստոս 07,2007 00:00

Համոզված է նախկին պատգամավոր, հրապարակախոս Այդին Մորիկյանը

– Պարոն Մորիկյան, նախագահական ընտրությունների նախօրեին ընդդիմության շրջանում թեժացել են «միասնական թեկնածուի» գաղափարի ճիշտ կամ սխալ լինելու մասին վեճերը: Դուք ի՞նչ կասեք:

– Միասնական թեկնածու ընդհանրապես չի կարող լինել: Կարող է լինել հաղթող թեկնածու՝ ռեալ հաղթող թեկնածու: Այսօր արդեն երանգների ժամանակն անցել է, մնացել են սեւն ու սպիտակը. կա՛մ ինչ-որ փոփոխություն ես ուզում եւ ընտրում ես ո՛չ այսօրվա իշխանություններին, կա՛մ փոփոխություն չես ուզում եւ ընտրում ես այս իշխանություններին՝ ցանկացած դեմքով՝ Քոչարյան, Սարգսյան, Օսկանյան… Եվ միայն մի թեկնածու կա, որը համոզված եմ, որ կարող է հաղթել, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ժողովուրդը երբեք այս իշխանություններին քվե չի տվել: Այս իշխանություններն իրենց քվեն վաստակել են վարչական ռեսուրսով, ուժային-ֆինանսական-կրիմինալ կառույցներով եւ օլիգարխիկ համակարգով: Ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում է, որ այդ երեք բուրգերը կքանդվեն:

– Ինչո՞ւ եք կարծում, որ կքանդվեն, այսքան տարվա ընթացքում լավ էլ գործել են եւ ապացուցել իրենց կենսունակությունը:

– Որովհետեւ այդ համակարգերում գտնվողները կհասկանան, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվել է, ուրեմն Հայաստանում ինչ-որ բան անպայման փոխվելու է: Ու այդ ժամանակ արդեն կեղծիքներ չեն անի ու կաշխատեն ոչ թե հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ գոնե՝ ոչ հօգուտ այսօրվա իշխանությունների, իսկ դա արդեն նշանակում է՝ հօգուտ ազատ ընտրությունների: Այդ պարագայում ես կասկած չունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի մեջ:

– Մի քիչ ռոմանտիկ չե՞ք պատկերացնում մեր կրիմինալ-օլիգարխիկ-վարչական համակարգը: Այսքան տարի ապրել են կեղծելով ու սարքելով, մեկ էլ հանկարծ պիտի ուղղվե՞ն: Նրանց ավելի ձեռնտու է այս վիճակը, որում իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում, հակառակ դեպքում ի՞նչ իմանան, թե ինչ է գալու իրենց գլխին:

– Առաջին հայացքից գուցե թվում է, որ իրենց ձեռք է տալիս ներկայիս վիճակը, բայց նրանք բոլորն էլ շատ վախեցած են ու ամեն օր են վախեցած, որովհետեւ չգիտեն, թե նա, ում քմահաճույքից կախված է ամեն ինչ՝ իրենց ուտելը, իրենց արտոնությունները, իրենց ապօրինությունները, հաջորդ առավոտ ի՞նչ տրամադրությամբ կզարթնի: Եվ իրենց այդ կուտակածը պահելու-ապահովելու համար նրանցից յուրաքանչյուրն ավելի կանոնակարգված, համակարգված երկրի կարիք ունի, որպեսզի ամեն օր չմտածի՝ տեսնես վաղը շեֆն ի՞նչ տրամադրությամբ է վերկենալու, հանկարծ չջղայնացնեմ, ունեցածս ձեռիցս խլի: Ես համոզված եմ, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեց՝ հաղթելու է, որովհետեւ դա սկզբունքի’ հաղթանակ է, տեսակի’ հաղթանակ է: Ամենակարեւորը ես համարում եմ նորմալ, բարոյական մարդկային տեսակի պահպանման խնդիրը: Այս վայ-սկզբունքները, որ դրված են այս իշխանության, պետության հիմքում, ուղղակի ստիպում են, որ որպես մարդ, որպես տեսակ վերանաս-կորես, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի դեպքում՝ մարդու ճիշտ, բարոյական, ազնվական տեսակի պահպանման խնդիրը, թեկուզ բնազդաբար, լուծվելու է:

– Լավ, ասենք՝ առաջադրվեց: Այս տասը տարիների ընթացքում իշխանական քարոզչամեքենան ՀՀ առաջին նախագահին սեւացնելու գործում մեծ արդյունքների է հասել, եւ եթե նույնիսկ մի պահ փորձենք պատկերացնել, որ մաքուր, չկեղծված ընտրություններ են, ապա որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհաղթի, չէ՞ որ մարդկային լայն, չմտածող զանգվածների ուղեղներում արդեն դաջված է՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան = ցրտի ու մթի տարիներ»:

– Լրիվ համաձայն եմ, որ քարոզչությունն այդ արդյունքը տվել է: Բայց, քանի որ դա կեղծ է, սուտ է, ապա ընդամենը մեկ-երկու ամիսը բավական է, որպեսզի բոլորը հասկանան, որ էդ տարիները ոչ թե ցրտի ու մթի, այլ՝ հաղթանակի տարիներ են եղել:

– Հիմա ավելի ռեալ բան պատկերացնենք՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, բայց իշխանությունները շարունակում են օգտագործել վարչա-կրիմինալ ռեսուրսները, իսկ մեկ-երկու ամսվա ձեր բացատրական-քարոզչական աշխատանքը տեղ չի հասնում: Կստացվի, որ ընդդիմությունը, օգտագործելով իր վերջին շանսը, գնալով վա-բանկ եւ դնելով իր ամենամեծ խաղադրույքը, կրկին կպարտվի: Մեղք չի՞ ժողովուրդը:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում պարտություն չի լինի: Եթե նա չառաջադրվի, այդ դեպքում կլինի ընդդիմության պարտությունը, ավելի ճիշտ՝ կլինի այս ամենի տրամաբանական շարունակությունը: Ինձ համար երկու պրոբլեմ կա. առաջին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «այո»-ն, երկրորդ՝ հաղթանակից հետոն: Իսկ այդ «այո»-ից մինչեւ հաղթանակը ուղին ես պարզ տեսնում եմ: Իհարկե, կան մարդիկ, որ ուզում են այսպես էլ մնա: Աստված իրենց հետ՝ թող գնան Քոչարյանին ձայն տան:

– Իսկ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի՞:

– Այդ դեպքում բոլոր ընդդիմադիրներով պիտի հավաքեն իրենց ամբողջ պոտենցիալը, որպեսզի իրենց ընդհանուր 0,3%-ով փչացնեն իշխանությունների տրամադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել