Լրահոս
Օրվա լրահոսը

Պյուռոսյան հաղթանակ

Օգոստոս 07,2007 00:00

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անցած շաբաթավերջին խանդավառությամբ ավետեց, որ Սպիտակ տունը հրաժարվել է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու մտադրությունից:

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Ջորջ Բուշը: ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների եռանդուն լոբբիստական գործունեության արդյունքում, սակայն, դեմոկրատները մի քանի անգամ կասեցրել էին Հոգլանդի հաստատման գործընթացը, իրենց այդ կեցվածքը պատճառաբանելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն կոչելու՝ վերջինիս հրաժարումով: Ինքը՝ Հոգլանդը, մի քանի առիթներով նշել է, թե չի ժխտում 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության փաստը, սակայն մտադիր չէ շեղվել պաշտոնական Վաշինգթոնի որդեգրած դիրքորոշումից:

Միեւնույն ժամանակ, Los Angeles Times-ը, վկայակոչելով ամերիկյան կառավարության պաշտոնական աղբյուրները, հաղորդել է, թե Սպիտակ տան վարչակազմը դեռեւս վերջնական հստակություն չի մտցրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուի ընտրության հարցում, սակայն նաեւ չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Ըստ աղբյուրի, այդպիսով դեռեւս պահպանվում է հարցի շուրջ Բուշի վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ ստեղծված փակուղային իրավիճակը: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել նաեւ Հոգլանդի թեկնածության ամենասկզբունքային հակառակորդներից մեկի՝ սենատոր Ռոբերտ Մենենդեզի արձագանքը: «Մեզ ուրախացնում է, որ վարչակազմը վերջապես գիտակցել է, որ ես ամենեւին մտադիր չեմ զիջումների գնալ այդ հարցում»,- ասել է սենատորը, միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուն «ճիշտ պատկերացում կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ կկարողանա Կոնգրեսում այդ հարցի շուրջ լսումների ժամանակ արտահայտել իր տեսակետը»:

Անկեղծ ասած, շատ դժվար է հավատալ, որ Սպիտակ տան առաջադրած նոր թեկնածուն, «օգտակար դասեր» քաղելով Հոգլանդի «դառը ճակատագրից», Սենատում կայանալիք լսումների ժամանակ ներողություն կխնդրի դեմոկրատներից, ամերիկահայերից եւ ի լուր աշխարհի կհայտարարի ցեղասպանությունը ճանաչելու մասին: Թերեւս, նույն բանը մեծ հաճույքով կաներ նաեւ Հոգլանդը, եթե Բուշի վարչակազմը թույլատրեր: Իսկ այն, որ վարչակազմը, առնվազն մինչեւ նոր նախագահի ընտրությունը, նման թույլտվություն չի տա, առավել քան ակնհայտ է: Մյուս կողմից, նույնքան դժվար է ենթադրելը, թե հայամետ դեմոկրատներն այս անգամ ավելի ներողամիտ կգտնվեն մեկ այլ «չճանաչողի» նկատմամբ, քանզի այդ դեպքում Հոգլանդի թեկնածության մերժումը, հետին թվով, կվերածվեր մեծ անհեթեթության: Այս հարցը, թերեւս, կմղվի անորոշությունների ու ձգձգումների մի նոր փուլ, ինչից, վստահաբար, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները ոչինչ չեն շահի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել