Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 04,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներորդ

ՍԵՅՐԱՆ ՄԱԼՈՒՆՑՅԱՆ

– Սաղին խեղճ եք ասում, ընկեր Բասենցյան,- ասաց Անահիտը.- մեկն ըլնի՝ մեզ խղճա:

– Քե՞զ ինչ ա էղել, որ խղճան, ա՛յ Անո,- հարցրեց Աշոտը:

– Ինչ որ էղել ա՝ ինձ ա էղել,- ասաց Անահիտը.- էլի, փաստորեն, սրբագրության գործը վրես ա մնում, չհաշված՝ տպարանի հետ կապված սաղ գործերը:

– Սրբագրության հարցում ինչքան հնարավոր է կօգնեմ,- ասաց Բասենցյանը:

– Միշտ էլ օգնել եք,- ասաց Անահիտը:

– Գործդ շատ ծանր է, բայց պիտի յոլա տանես,- ասաց Բասենցյանը.- ուրիշ ճար չունես:

– Փաստորեն, անփոխարինելի ես, Անո ջան,- ժպտաց Աշոտն ու ավելացրեց.- դու որ չըլնեիր՝ ոտովգլխով կորած էինք:

– Էս խմբագրությունում կամ պիտի անփոխարինելի ըլնես, կամ էլ՝ ախալքալաքցի,- ծիծաղեց Անահիտը:

– Հերիք ա ախալքալաքցիներին կպնես,- ասաց Աշոտը:

– Քեզ չեմ կպնում, Աշոտ ջան,- ասաց Անահիտը.- դու համ ախալքալաքցի ես, համ էլ՝ անփոխարինելի:

– Արմենի գործն էլ է շատ դժվար լինելու,- ասաց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը.- ինքը, փաստորեն, համ Վանիկի տեղն ա գրելու, համ էլ՝ Մելսիկի ու Աշոտի:

– Ես իմ տեղը կգրեմ,- ասաց Աշոտը:

– Դու արդեն պատասխանատու քարտուղար ես, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանը:

– Էդ ի՞նչ կապ ունի,- ասաց Աշոտը.- դուք էլ խմբագրի տեղակալ եք, բայց գրում եք, չէ՞:

– Փաստորեն, Աշոտն արդեն շեֆ ա,- ժպտաց Անահիտն ու Աշոտին հարցրեց.- կարող ա՞ սրանից հետո քեզ պիտի ընկեր Ավետիսյան ասենք:

– Ձեռ ե՞ս առնում,- ասաց Աշոտը:

– Եսիմ,- ասաց Անահիտը.- մեծ աշխարհ ա:

– Մարդիկ կան, որ հենց պաշտոն են ստանում, միանգամից փոխվում են,- ասաց Բասենցյանն ու ավելացրեց.- մեր Աշոտն էդ մարդկանցից չի:

– Հա,- ասաց Անահիտը.- ինքն արդեն մի շաբաթվա պատքարտուղար ա, բայց հեչ չի փոխվել:

– Մի շաբաթվա մեջ պիտի փոխվեի՞,- ծիծաղեց Աշոտը:

– Փոխվողը մի վայրկյանում էլ է փոխվում, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանը:

– Մարդ կա՝ փոխվում ա, մարդ էլ կա՝ նույնն ա մնում,- ասաց Անահիտը, հետո նայեց ինձ, ժպտաց ու հարցրեց.- դու փոխվո՞ղ ես, Արմեն:

– Չգիտեմ,- ժպտացի ես:

– Հա,- ասաց Անահիտը.- մինչեւ հրամանդ չըլնի՝ չի իմացվի:

– Էդ սրբագրիչի հաստիքից պիտի փոխվի՞,- ծիծաղեց Բասենցյանը:

– Փոխվողն ամեն հաստիքից էլ փոխվում ա,- ծիծաղեց Անահիտը:

– Ասում ես՝ երկու մաղարիչ ունե՞նք,- Անահիտին հարցրեց Բասենցյանը:

– Հա,- ասաց Անահիտը.- մենակ թե՝ էդ անշնորհքին աշխատանքից չհեռացնի:

– Աշոտը մի բան կանի,- ասաց Բասենցյանը.- առաջին դեպքը չի:

– Աստված տա՝ ստացվի,- ասաց Անահիտը:

– Որ Սեյրանին չհեռացնի ու ինձ էլ գործի ընդունի, էրկու հատ մաղարիչ կունենանք,- ասացի ես:

– Խոսե՜ց,- ժպտաց Բասենցյանը:

– Վերջը պարզվելու ա՝ հեչ էլ ուրբաթախոս չի,- ծիծաղեց Անահիտն ու ինձ ասաց.- քո հաշվով կարաս արխային ըլնես, Արմեն ջան:

– Աշոտը մի բան կանի,- ծիծաղեց Բասենցյանը:

– Ընենց որ, հիմիկվանից կարաս մաղարիչի պատրաստություն տենաս, Արմեն ջան,- ծիծաղեց Անահիտը:

– Եթե Աշոտը խոստացել է, ուրեմն՝ եղած գործ է,- ասաց Բասենցյանը:

– Իմ խոստանալը քիչ ա,- ասաց Աշոտը.- հրամանը խմբագիրը պիտի տա:

– Հրամանն էլ ա քիչ,- ասացի ես.- պիտի էդ հոդվածներից գլուխ հանեմ:

– Ոտանավոր որ գրում ես, հոդված կգրես ու կգրես,- ասաց Անահիտը:

– Կյանքումս գրած չկամ,- ասացի ես:

– Կգրես,- ժպտաց Անահիտը.- լավ էլ շուստրի ես էրեւում:

– Շուստրիությունս ինչի՞ց էրեւաց,- զարմացա ես:

– Մենք մի գլուխ մաղարիչի խոսակցություն ենք բացում, դու մի գլուխ ցրում ես,- ծիծաղեց Անահիտը:

– Հենց հիմի էլ կարամ մաղարիչ անեմ,- ասացի ես, չնայած գրպանումս ընդամենը կոպեկներ էին:

Ինչպես արդեն ասել եմ, դույն թվի օգոստոսի ութից սկսած՝ բարձիս տակի փողերից չէի օգտվում, եւ Սերգեյից պարտք արած հինգ ռուբլիս է՛լ էր արդեն պրծնելու վրա, եւ մտքումս արդեն որոշել էի, որ եթե Դարբինյանը հրամանս տար, մի տասանոց էլ Ֆիլյան Ռուբոյից էի պարտք անելու ու էլի շարունակելու էի հեռու մնալ բարձիս տակի փողերից ո՛չ էնքան հորիցս նեղացածությանս պատճառով, այլ որ՝ աշխատանք չունենալս ու ծնողներիցս կախվածությունն ինձ արդեն ահավոր խեղճացնում եւ նույնիսկ ստորացնում էին, իսկ ինչ վերաբերում է քնատ վիճակում հորս բաց թողած էդ «անբանին», էդ թեմայով նույնիսկ մորս հետ խոսակցություն չէի բացել, եւ ահա, երբ «Ապագա բժիշկի» ժողովրդին ասացի, որ պատրաստ եմ մաղարիչ անել, անմիջապես ու հընթացս մտածեցի, որ հրամանիցս հետո ո՛չ թե Ֆիլից պարտք կանեմ, այլ հենց բարձիս տակի փողերով մաղարիչը կանեմ եւ ընդհանրապես մերոնց ու հատկապես հորս մոտ ցույց չեմ տա, թե՝ իր էդ աննախադեպ «անբանը» լսել եմ, եւ չնայած մինչ այդ մորս մոտ հորիցս նեղացածության նշաններ ցույց տվել էի, բայց կոնկրետ էդ «անբանի» մասին որեւէ ակնարկ չէի արել, ու մայրս էլ նեղացածությանս ու բարձիս տակի երեքանոցները չվերցնելուս պատճառը չէր հարցնում, որովհետեւ համոզված էր, որ նեղացածությանս պատճառը հորս բաց թողած էդ «անբանն» է, եւ երբ արդեն մտքումս որոշել էի՝ եթե հրամանս Դարբինյանը տա, ընդհանրապես մերոնց մոտ ցույց չեմ տա, թե՝ օգոստոսի լույս ութի էդ գիշեր հորիցս որեւէ բառ եմ լսել, Բասենցյանն ասաց.

– Ես մի բան առաջարկե՞մ, էրեխե՛ք:

– Ասեք,- ասաց Անահիտը:

– Եթե էդ ոչուփուչին աշխատանքից չհեռացնի ու Արմենի հրամանն էլ տա, թող երկուսով միասին մաղարիչ անեն,- ժպտաց Բասենցյանը:

– Էդ է՛լ ա տարբերակ,- ասաց Աշոտը:

– Ամենալավ տարբերակը չի, բայց տարբերակ ա,- ասաց Անահիտն ու ծիծաղելով ավելացրեց.- ամենալավն էն կըլներ, որ առանձին-առանձին մաղարիչ անեին:

– Ես առանձին կանեմ,- ասացի ես:

– Ե՞րբ,- հարցրեց Անահիտը:

– Երբ որ հրամանս տա,- ասացի ես:

– Կարող ա հենց էսօր էլ հրամանդ տալիս ա,- ասաց Անահիտը:

– Որ էսօր տա, հենց էսօր էլ կանեմ,- ասացի ես:

– Շատ ես շտապում, Արմեն ջան,- ասաց Բասենցյանը.- երբ որ առաջին աշխատավարձդ ստանաս, էդ ժամանակ էլ կանես:

– Ի՞նչ աշխատավարձ,- ասաց Անահիտը.- մինչեւ ավանս հազիվ դիմանանք:

Անահիտի խոսքի վրա դուռը բացվեց, եւ ներս մտավ շեկ ու ամրակազմ՝ մոտավորապես իմ տարիքի մի երիտասարդ, որն իր պստիկ աչքերը ֆռֆռացրեց եւ առժամանակ ինձ վրա պահելով՝ թեթեւակի ժպտաց ու ասաց.

– Բարեւ ձեզ:

– Բարեւ,- ասացի ես:

– Գնա, Աշո՛տ,- Աշոտին ասաց Բասենցյանը.- գնա, քանի դեռ մի թարս բան չի արել:

Երբ Աշոտը գնաց, երիտասարդը Բասենցյանին հարցրեց.

– Ո՞վ պիտի թարս բան անի:

– Դարբինյանը,- ասաց Անահիտը.- վախենում ենք հեռացման հրամանդ տա:

– Էս անգամ հաստատ կտա,- ասաց երիտասարդը:

– Պարզ ա,- ասաց Անահիտը.- էդ ծեծկռտուքից հետո հո իրար հետ չե՞ք աշխատի:

– Էս ծեծկռտուքն առաջին դեպքը չի,- ասաց Բասենցյանը:

– Երրորդ դեպքն ա,- ասաց Անահիտը:

– Չորրորդն ա,- ասաց երիտասարդը:

– Բայց էս անգամվա դղրդոցները ոնց որ ավելի ուժեղ էին,- ասաց Բասենցյանը:

– Ես էլ տակ չեմ մնացել,- ժպտաց երիտասարդը:

– Այսինքն, դու էլ իրա՞ն ես խփել,- հարցրեց Անահիտը:

– Համարյա,- ժպտաց երիտասարդը:

– Համարյան ո՞րն ա, ա՛յ Սեյրան,- ծիծաղեց Անահիտը.- խփե՞լ ես, թե՞ չես խփել:

– Հենց ձեռս բարձրացրի, ինքն զգաց՝ որ արդեն խփելու եմ, ու միանգամից հանգստացավ,- ժպտաց Սեյրանը:

– Բայց ինքը խեզ խփեց, չէ՞,- հարցրեց Բասենցյանը:

– Մի քանի անգամ ուզում էր խփեր, բայց ուխոդ էի անում,- ժպտաց Սեյրանը:

– Բա էդ ի՞նչ դղրդոց էր,- հարցրեց Անահիտը:

– Որ ուխոդ էի անում, ձեռը խփում էր պահարանին,- ժպտաց Սեյրանը:

– Ըտենց լավ ուխոդ ե՞ս անում,- ծիծաղեց Անահիտը:

– Ղափան հինգ տարի բոքս եմ պարապել,- ժպտաց Սեյրանը.- ձախովս որ իրան մի թեթեւ կպցնեի, տեղից վեր չէր կենա:

– Դե լավ ա, որ չես խփել,- ասաց Անահիտը:

– Որ խփեր, հենց տեղում հեռացման հրամանը կտար,- ասաց Բասենցյանը:

– Ըսենց է՛լ կտա,- թախծոտ ժպտաց Սեյրանը:

– Աշոտը մի բան կանի,- ասաց Բասենցյանը:

– Էս անգամ դժվար թե կարենա,- ասաց Սեյրանը.- էս անգամ շատ փիս իրար կպանք:

– Կարեւորն էն ա, որ դու իրան չես խփել,- ասաց Անահիտը:

– Խփելը չեմ խփել, բայց որ վերջին անգամ ուխոդ արի, դմբուզով շատ փիս սեյֆին խփեց,- ժպտաց Սեյրանը:

– Ստացվում է, որ ինքն է քեզ խփել,- ասաց Բասենցյանը:

– Խփելը խփել ա, բայց իրա էդ խփածներից էրկուսը պահարանին ա կպել, մեկը՝ սեյֆին, մնացածն էլ լրիվ փուստ են անցել,- շարունակեց ժպտալ Սեյրանը:

– Դե լավ է, որ քեզ զսպել ես ու չես խփել,- ասաց Բասենցյանը:

– Ո՞նց կխփեր,- ասաց Անահիտը.- ինչքան չըլնի՝ իրա շեֆն ա:

– Էնքան պաշտոնի հարցը չի, ինչքան տարիքի հարցն ա,- ասաց Սեյրանը:

– Որ չես խփել՝ էդ արդեն շատ լավ ա,- ասաց Անահիտը:

– Հա,- ասաց Բասենցյանը.- երեւի էս անգամ էլ ների:

– Դժվար,- ասաց Սեյրանը:

– Աշոտը մի բան կանի,- ասաց Բասենցյանը:

– Էս անգամվանը սավսեմ ուրիշ հաշիվ ա,- ասաց Սեյրանը:

– Փողի՞ հաշիվ է,- հարցրեց Բասենցյանը:

– Չէ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սեյրանը:

– Ավտոյի՛ հաշիվ ա,- խորամանկ ժպտաց Անահիտը:

– Ի՞նչ ավտո,- զարմացավ Սեյրանը:

– Քո էդ զապիկի,- ժպտաց Անահիտը:

– Էդ ավտոյի շուխուռը ձեզ էլ ա՞ հասել,- ավելի զարմացավ Սեյրանը:

– Պիտի չհասնե՞ր,- ժպտաց Անահիտը:

– Ո՞վ ա ասել,- հարցրեց Սեյրանը:

– Մեր հարեւանը,- ժպտաց Անահիտը:

– Ի՞նչ հարեւան,- զարմացավ Սեյրանը:

– Սաղ քաղաքը քո ավտոյից ա խոսում, տնա՛շեն,- ծիծաղեց Անահիտը.- փաստորեն, մենք վերջինն ենք իմանում:

– Փաստաթղթերը նոր-նոր եմ ձեւակերպում,- ասաց Սեյրանը.- ձեւակերպումները պրծնեի՝ կասեի:

– Քո իրավունքն է, ա՛յ բալա,- ասաց Բասենցյանը.- պարտավոր չես ամբողջ աշխարհին հաշվետվություն տալ:

– Մենք ամբողջ աշխարհ ե՞նք,- դժգոհեց Անահիտը:

– Իր իրավունքն է,- ասաց Բասենցյանը:

– Պապս մի հատ լավ խոսք ունի,- ասաց Սեյրանը:

– Ի՞նչ խոսք,- հարցրեց Անահիտը:

– Ասում ա՝ չկերանք մսից, խելըռանք թըսից,- ասաց Սեյրանը:

– Շատ լավ ա ասել,- ծիծաղեց Անահիտը:

– Ուրիշը «Քսանչորս» ա առնում, բայց էսքան շուխուռ չի հելնում,- նեղսրտեց Սեյրանը.- էղածը զապ չի՞:

– Զապը զապ է, բայց ասեղ չի, որ թաքցրած պահես,- ժպտաց Բասենցյանը:

– Ճիշտ ա, ըսենց չոր-չոր չեն շնորհավորում, բայց, ամեն դեպքում, շնորհավոր,- ասաց Անահիտը:

– Անփորձանք մեքենա լինի,- ասաց Բասենցյանը:

– Մերսի,- ժպտաց Սեյրանը:- Էս ձեւակերպումները պրծնեմ՝ մաղարիչը կանեմ:

– Համբերությամբ կսպասենք,- ժպտաց Անահիտը:

– Տենանք՝ էս գործիս հարցը ոնց ա լուծվում,- ասաց Սեյրանը:

– Ի՞նչ գործ,- հարցրեց Անահիտը:

– Տենանք՝ ազատմանս հրամանը կտա՞, թե՝ չէ,- ասաց Սեյրանը:

– Աշոտը մի բան կանի,- ասաց Բասենցյանը:

– Որ իրան չես խփել, կարող ա էս անգամ էլ ների,- ասաց Անահիտը:

– Ոնց կխփեի, ա՛յ Անո,- ձախ բռունցքը սեղմելով՝ ասաց Սեյրանը.- էս ձախս որ մի թեթեւ իրան քսեի, ինչ ա, ընկած տեղից վեր չէր կենալու:

– Հերիք ա գլուխ գովաս, ա՛յ Ենգիբարյան,- Սեյրանի խոսքի վրա սենյակ մտնելով՝ ծիծաղեց Աշոտը.- էլի հեքիաթներդ ե՞ս պատմում:

– Ի՞նչ հեքիաթ,- կարմրեց Սեյրանը.- կարող ա՞ բոքս չեմ պարապել:

– Որ բոքս ես պարապել, ո՞նց ես ամեն անգամ ըսենց ծեծ ուտում,- ծիծաղեց Աշոտը:

– Ո՞վ ա ծեծ կերել,- ավելի կարմրեց Սեյրանը.- շեֆդ ա՞ էդ հեքիաթը պատմել:

– Մի՛ գոռա,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- ինքը քո շեֆն է՛լ ա:

– Արդեն իմ շեֆը չի,- կմկմաց Սեյրանը:

– Աչքիդ ա էրեւում,- խորամանկ ժպտաց Աշոտը:- Մոռանում ես, որ դու էս խմբագրությունում ոչ թե բաքսյոր ես ձեւակերպված, այլ՝ լուսանկարիչ:

– Իմ լուսանկարչությունը պրծավ,- կմկմաց Սեյրանը:

– Քեզ ա թվում՝ թե պրծավ,- ասաց Աշոտը.- քո լուսանկարչությունը նոր ա սկսվում:

– Ի՞նչ իմաստով ա նոր սկսվում,- պստիկ աչքերը շողշողացրեց Սեյրանը:

– Բառի բուն իմաստով,- ասաց Աշոտը.- սրանից հետո պիտի մարդավարի աշխատես:

– Բա մինչեւ հիմի ո՞նց եմ աշխատել,- ուրախությունը մի կերպ թաքցրեց Սեյրանը:

– Մինչեւ հիմի մեր նյութերով ուրիշ խմբագրությունների համար ես աշխատել,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- տնա՛շեն, «Աշխատավորուհում» որ ֆոտո ես տպում, գոնե անունդ տակը մի գրի:

– Ճիշտ է ասում,- ասաց Բասենցյանը.- փառասիրությանդ ձեռը կրակն ես ընկել:

– Դժգոհ ե՞ք, որ ձեր ֆոտոգրաֆը հանրապետական մասշտաբ ա դուս գալի,- ասաց Սեյրանը:

– Բայց դու էստեղից ես աշխատավարձ ստանում,- ասաց Անահիտը:

– Իրանցից էլ հոնորար եմ ստանում,- ասաց Սեյրանը.- կարող ա՞ ըստեղի հարուր մանեթով եմ ընտանիք պահում:

– Երախտամոռությունը լավ բան չի, Սեյրա՛ն տղա,- ասաց Բասենցյանը.- էս ինստիտուտի հսկայական ֆոտոլաբորատորիան, փաստորեն, սեփականիդ պես օգտագործում ես:

– Հալալ ըլնի,- ասաց Աշոտը.- բայց գոնե թող սկզբում մեր գործերն անի, հետո նոր՝ ուրիշներինը:

– Միշտ էլ սկզբում մերն եմ անում, հետո նոր՝ ուրիշներինը,- կմկմաց Սեյրանը:

– Բայց ուրիշներինը մեր լաբորատորիայում ու մեր նյութերով ես անում,- ասաց Աշոտը:

– Էդ ինքն ա՞ քեզ ասել,- Աշոտին թարս նայեց Սեյրանը, հետո մի քիչ մտածեց՝ ասաց.- թե՞ դու ես իրան ասել:

– Ես որ ասեի՝ ուրիշ բաներ էլ կասեի,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ ուրիշ բան,- մրթմրթաց Սեյրանը:

– Ժողովրդի մոտ չեմ ուզում ասեմ,- ասաց Աշոտը:

– Հո էդ լաբորատորիա աղջիկ-մաղջիկ չե՞ս բերում, Սեյրա՛ն տղա,- ժպտաց Բասենցյանը:

– Ո՞ւր ա դրան էդքան շնորհք,- ասաց Աշոտը:

– Իմ ունեցած շնորհքն ինձ լրիվ հերիք ա,- փնթփնթաց Սեյրանը:

– Աշոտ ջան, ինչքան հասկացա, էս անգամ է՛լ ես էս բեդովլաթին փրկել,- ասաց Անահիտը:

– Չի հեռացնում, չէ՞,- Աշոտին նայեց Բասենցյանը:

– Ասեց՝ թող վեր ընկնի տեղն ու մարդավարի աշխատի,- ասաց Աշոտը:

– Ուռա՜,- բացականչեց ու ծափահարեց Բասենցյանը, հետո խեթ-խեթ նայեց Սեյրանին, ասաց.- ա՛յ անշնորհք, ամեն անգամ Աշոտն ըսպեսնա քեզի փրկե գը, բայց դու մի բան էլ մուննաթ կուգաս:

– Որ փրկում ա, էդ չի նշանակում, որ հետո պիտի էրեսով տա,- փնթփնթաց Սեյրանը:

– Ո՞վ ա էրեսով տվել, ա՛յ բութ,- գոռաց Աշոտը:

– Էրեսով չես տալի, բայց նիզաշտո տեղը կպնում ես,- մրթմրթաց Սեյրանը:

– Ապրես, Աշոտ ջան,- ասաց Անահիտը.- փաստորեն, էս անգամ էլ մեր բաքսյորին փրկեցիր:

– Ես համարյա կապ չունեմ,- ասաց Աշոտը:

– Բա ո՞վ կապ ունի,- զարմացավ Բասենցյանը:

– Ինքը շատ խղճով մարդ ա,- ասաց Աշոտը:

– Ինքն ինձ ասեց, որ էլ վաբշե էս խմբագրություն ոտ չդնեմ,- կմկմաց Սեյրանը:

– Ինձ էլ ուրի՛շ բան ասեց,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ ասեց,- աչքերը շողշողացրեց Սեյրանը:

– Ասեց՝ թող վեր ընկնի տեղն ու մարդավարի աշխատի,- ասաց Աշոտը:

– Ուրիշ բան չասե՞ց,- պստիկ աչքերը բների մեջ ֆռֆռացրեց Սեյրանը:

– Ասեց,- ասաց Աշոտը:

– Ի՞նչ ասեց,- հարցրեց Սեյրանը:

– Ասեց՝ էրկու ամիս իրան թղթի ու նյութերի փող չեմ տալու. որտեղից ուզում ա՝ թող ճարի,- ասաց Աշոտը:

– Էդ լուծվող հարց ա,- ոգեւորվեց Սեյրանը:

– Մեր Սեյրանի համար չլուծվող հարց գոյություն չունի,- ծիծաղեց Անահիտը:

– Վատ ա՞, որ ըտենց ա,- ժպտաց Սեյրանը:

– Մեռնեմ շնորհքիդ,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- որ էդքան շնորհքով ես, ուրեմն՝ ավտոյիդ մաղարիչն էլ կանես:

– Դակումենտները ձեւակերպեմ պրծնեմ՝ կանեմ,- ժպտաց Սեյրանը, հետո մի քիչ մտածեց՝ ասաց.- մաղարիչն էսօր է՛լ կարամ անեմ:

– Վայ թե՝ Բասենցյանի ասածն ա ըլնում,- ժպտաց Աշոտը.- երեւի Սեյրանն ու Արմենն իրար հետ մաղարիչ անեն:

– Ի՞նչ Արմեն,- զարմացավ Սեյրանը:

– Ծանոթացի՛,- ինձ նայելով՝ Սեյրանին ասաց Աշոտը.- Արմոն մեր նոր աշխատողն ա:

– Սեյրան,- ձեռքս սեղմելով՝ ասաց Սեյրանը.- Սեյրան Մալունցյան:

– Արմեն,- իր ձեռքը սեղմելով՝ ներկայացա ես:

– Արմենն ի՞նչ ա աշխատելու,- Աշոտին հարցրեց Սեյրանը:

– Լուսանկարիչ,- Աշոտի փոխարեն պատասխանեց Անահիտը:

– Ի՞նչ,- գունատվեց Սեյրանը:

– Մի՛ վատացի,- ծիծաղեց Անահիտը.- հանաք եմ անում:

– Զգույշ հանաք արա,- ծիծաղեց Աշոտը.- էս մարդու կյանքը նոր ա սկսվում. հըլը պիտի ավտո քշել սովորի:

– Դու քե՛զ տես,- հանգստացած շունչ քաշեց Սեյրանը.- ես տասնհինգ տարեկանից եմ ավտո քշել:

– Հոգիդ շա՜տ խորն ա,- ասաց Անահիտը:

– Ի՞նչ ես աշխատելու, Արմեն ջան,- ինձ հարցրեց Սեյրանը:

– Սրբագրիչի հաստիքով լրագրող,- իմ փոխարեն պատասխանեց Բասենցյանը:

– Պարզ ա,- խորհրդավոր ժպտաց Սեյրանը:

– Ի՞նչն ա պարզ,- հարցրեց Անահիտը:

– Պարզ ա, որ Արմենն ախալքալաքցի չի,- ժպտաց Սեյրանը, հետո ինձ նայեց, ասաց.- դեմքդ ոնց որ ծանոթ ա, Արմեն ջան:

– Արմենը բանաստեղծ է,- ասաց Բասենցյանը:

– Երեւի «Գարունում» ես լուսանկարը տեսել,- ասաց Անահիտը:

– Շատ հնարավոր ա,- ասաց Սեյրանը, հետո նայեց ինձ, հարցրեց.- իսկականից «Գարունում» տպվել ե՞ս, թե՞ հանաք են անում:

– Տպվել եմ,- ասացի ես:

– Ո՞ր համարում,- հարցրեց Սեյրանը:

– Էս վերջին համարում,- ասացի ես:

– Էն որ աբլոժկին Գառզուի ռեպրադուկցիան է՞ր,- հարցրեց Սեյրանը:

– Հա,- ասացի ես:

– Էդ Գառզուի գործի սլայդն իմ արածն ա,- ասաց Սեյրանն ու ավելացրեց.- էդ սլայդից բացի, էդ նույն համարում էրկու հատ էլ գրողի ֆոտո եմ արել, բայց լավ չեմ հիշում՝ գրո՞ղ էին, թե՝ բանաստեղծ:

– Կարող ա՞ Արմոյի ֆոտոն էլ ես դու արել, բայց չես հիշում,- ծիծաղեց Աշոտը:

– Չէ,- ասաց Սեյրանը.- ես իմ նկարած մարդկանց մեկ առ մեկ հիշում եմ: Էդ էրկուսից մեկը մորուքավոր էր, մյուսը՝ ակնոցավոր: Անուններով չեմ հիշում, բայց դեմքերը շատ լավ եմ հիշում:

– Բախտդ բերել ա, որ «Գարունի» էդ լուսանկարների տակ լուսանկարիչների անունները չեն գրում, թե չէ՝ խմբագիրն արդեն հրամանդ տված կըլներ,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- ինքը մենակ «Աշխատավորուհում» տպածներդ գիտի:

– Գիտես թե՝ ճիշտ ե՞ն անում, որ մեր արած էդ ֆոտոների տակ մեր անունները չեն գրում,- դժգոհեց Սեյրանն ու ավելացրեց.- մի հեղինակ էդ բանաստեղծներն են, մի հեղինակ էլ մենք ենք. էդ էլ մե՛ր ստեղծագործությունն ա:

– Լա՜վ համեմատեցիր,- ժպտաց Բասենցյանը:

– Որ գրած չըլնեի՝ չէի համեմատի,- ժպտաց Սեյրանը.- մեր դպրոցի պատի թերթերի ոտանավորների կեսից շատը ես էի գրում:

– Գոհ էղի, որ «Գարունում» անունդ չեն գրել,- ասաց Անահիտը.- խմբագիրն էդ «Գարունի» ֆոտոներիդ մասին էլ որ իմանար՝ մի րոպե էս խմբագրությունում չէիր մնա:

– Հետաքրքիր մարդ ա,- դժգոհեց Սեյրանը.- փոխանակ ուրախանա, որ իրա ֆոտոգրաֆը ռեսպուբլիկայի մասշտաբով անուն ա դառնում, ընդհակառակը, թթվում ա:

– Բայց իրա տված փողով ու նյութերով ես ռեսպուբլիկայի մասշտաբով անուն դառնում,- ծիծաղեց Աշոտը:

– Ես իրա տված փողով մենակ էս թերթի գործերն եմ անում,- ասաց Սեյրանը:

– Գոնե սուտ մի խոսա,- ասաց Աշոտը.- մայիսի վերջին քեզ հարուր մանեթ ա տվել:

– Կարող ա՞ ատկազ եմ էկել,- զարմացավ Սեյրանը:

– Էդ հարուր մանեթին էս թերթի համար ընդամենը վեց հատ ֆոտո ես արել,- ասաց Աշոտը:

– Ութ հատ,- ճշտեց Սեյրանը:

– Թող ութ հատ ըլնի,- ասաց Աշոտը.- ուրիշ վախտ էդ հարուր մանեթը հիսուն նկարի էր հերիքում:

– Հերիքացրել եմ, դրա համար էլ փիս եք սովորել,- փնթփնթաց Սեյրանը:

Էդ պահին դուռը դանդաղ բացվեց, դռան արանքից նախ մի խոշոր քիթ ներս ցցվեց, այնուհետեւ՝ էդ խոշոր քթի հաղթանդամ կրողը:

– Հիմի էլ էս մարդկանց ե՞ս հեքիաթներդ պատմում, արա՛,- Սեյրանին խեթ-խեթ նայելով՝ գոռաց հաղթանդամը:

– Ի՞նչ հեքիաթ,- կմկմաց Սեյրանը:

– Երիտասարդը Շեկոյա՞նն է,- ինձ նայելով՝ Աշոտին հարցրեց հաղթանդամը:

– Հա, ընկեր Դարբինյան,- ասաց Աշոտը.- Արմենն ա:

– Միքայել,- ձեռքս ամուր սեղմելով՝ ասաց Դարբինյանը:

– Արմեն,- ասացի ես:

– Հուսով եմ՝ միասին նորմալ կաշխատենք,- ինձ ասաց Դարբինյանը, հետո նայեց Սեյրանին ու գոռաց.- էս սենյակում դու անելիք չունես, պարո՛ն հեքիաթասաց:

– Աշոտն ասեց, որ աշխատելու եմ,- կմկմաց Սեյրանը:

– Աշխատելու ես, բայց քո լաբորատորիայում ես աշխատելու, ոչ թե՝ էս սենյակում,- գոռաց Դարբինյանը:

– Բա ժողովրդից չճշտե՞մ՝ ինչ եմ նկարելու,- կմկմաց Սեյրանը:

– Աշոտը կճշտի՝ քեզ կասի,- ասաց Դարբինյանը:

– Ոնց որ ասես՝ ըտենց էլ կըլնի, շեֆ ջան,- ժպտաց Սեյրանը:

– Շողոքորթությունդ էլ քե՛զ պահիր,- ասաց Դարբինյանը.- ինձ աշխատողներ են պետք, ո՛չ թե՝ շողոքորթներ:

– Չեմ շողոքորթում, շեֆ ջան,- ասաց Սեյրանը.- մերսի, որ որոշումդ փոխեցիր:

– Մերսին Աշոտին կասես,- առանց Սեյրանին նայելու՝ նետեց Դարբինյանը, հետո նայեց Աշոտին ու ասաց.- ես գրականության ինստիտուտ եմ գնում. եթե հարցնող լինի, ամենաուշը երկու ժամից էստեղ կլինեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել