Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻ ՈՉ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Օգոստոս 04,2007 00:00

Օգոստոսի 18-26-ը Երեւանում կայանալիք Համահայկական համաշխարհային 4-րդ խաղերի կառավարական կազմկոմիտեն իր անդրանիկ նիստում, որ կայացավ օրերս եւ որին ներկա էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, վստահեցրեց, որ մինչեւ խաղերի մեկնարկը՝ կազմակերպչական բոլոր խնդիրները լուծված կլինեն:

Կազմկոմիտեի անդամներից մի քանիսը բարձրացրին հարցեր, որոնք առանձնահատուկ մոտեցում են պահանջում: Նիստի հաջորդ օրը «Առավոտը» փորձեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, կազմկոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանից ավելի մանրամասն տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվելու դրանք լուծելու համար:

– Պրն Գրիգորյան, կազմկոմիտեի նիստում ահազանգվեց, որ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող մեր հայրենակիցները դժգոհում են, որ «Արմավիայի» տոմսերը շատ թանկ են, դրա համար էլ բոլորը չէ, որ ի վիճակի են ժամանել Հայաստան: Ավելին, ակնարկվեց նաեւ, որ անգամ հրաժարվելու դեպքեր կան:

– Հարցը ճիշտ է ու տեղին: Դեռ առաջին խաղերից սկսած, սփյուռքի մեր հայրենակիցներին մենք հորդորում ենք օգտվել հայաստանյան ավիաընկերությունների ծառայություններից: «Արմավիան» մասնավոր ձեռնարկություն է ու մենք նրա վրա ազդեցության լծակներ չունենք: Ասեմ միայն, որ ես մոտ օրերս աշխատանքային հանդիպում եմ ունենալու «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ եւ այդ խնդրի շուրջ մտադիր եմ նրա հետ բանակցել: Հույս ունեմ, որ ընդհանուր հայտարարի կգանք:

– Քանի որ այդ օրերին «Զվարթնոց» օդանավակայանն աշխատելու է գերծանրաբեռնված, հնարավո՞ր է, որ այնտեղ մարդկային մեծ կուտակումներ առաջանան ու ժամանողներն ուղեբեռներ ստանալու համար ժամերով սպասեն:

– Կարծում եմ՝ նման խնդիր չի առաջանա: «Զվարթնոցի» նոր մասնաշենքը ցանկացած թվով ուղեւորներ սպասարկելու հնարավորություններ ունի: Հիմա անգամ VIP ծառայությունից օգտվելու անհրաժեշտությունն էլ մի տեսակ վերացել է:

– Նախորդ խաղերի փորձը ցույց է տալիս, որ Երեւանի հյուրանոցների գներն էլ շատ բարձր են:

– Խնդիրը նույնն է: Բայց այստեղ մենք ոչինչ անել չենք կարող: Բանն այն է, որ Հայաստան ժամանող քաղաքների թիմերն ու պատվիրակություններն իրենք են նախապես կապ հաստատում հյուրանոցների հետ եւ ընտրում, թե որտեղ են հանգրվանելու եւ դրա համար իրենք էլ վճարում են:

– Արտգործփոխնախարար Գեղամ Ղարիբջանյանին մտահոգում էին խաղերի օրերին մուրացկանների, որոնք հյուրանոցների շրջակայքում իրենց շատ ակտիվ, գրեթե ագրեսիվ են պահում (թեեւ մուրացկանությունը վերացնել պետք է անկախ Համահայկական խաղերից) եւ հատկապես մարզաբազաների մերձակա տարածքներում շարժական պետքարաններ տեղադրելու խնդիրները:

– Նիստին ներկա էր Երեւանի քաղաքապետի տ եղակալը: Նա իր մոտ այդ հարցերը գրանցեց: Այդ հարցերն իրենք պետք է լուծեն:

– Խաղերի ջահը վառելու արարողությունը կատարվելու է Գառնիի տաճարում, որտեղից այն բերվելու է Երեւան: Նիստում ասվեց, որ տաճարի տարածքը բարեկարգման կարիք ունի: Բացի դա, Ողջաբերդ գյուղի հատվածում ճանապարհն անմխիթար է:

– Տաճարի շրջակայքը բարեկարգելու հանձնարարականը կտրվի Կոտայքի մարզպետարանին, իսկ ճանապարհը կարգի բերել խոստացավ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

– Օլիմպիական խաղերի ժամանակ կազմակերպիչները խիստ գաղտնի են պահում ստադիոնում կրակը վառող անձնավորության անունը: Մեր պարագայում է՞լ է այդպես:

– Ոչ: Որեւէ գաղտնիք չկա: Պարզապես, այս պահին դեռ որոշված չէ, թե ով է լինելու «քրմուհու» ձեռքից ջահը վերցնողը եւ ով՝ «Հանրապետական» ստադիոնում երթուղին եզրափակողը: Հենց որոշվի՝ կիմանաք: Ջահը տանելու են աթլետիկ կառուցվածքով մարզիկներ՝ երկու աղջիկների ուղեկցությամբ: Իսկ թե ո՞ւմ կվստահվի ստադիոնում կրակը վառելու պատիվը, կառավարական կազմկոմիտեն կորոշի առաջիկա օրերին: Միանշանակ է, որ այդ մարդը լինելու է հանրաճանաչ մարզիկ, օլիմպիական չեմպիոն: Նախորդ խաղերում կրակը վառել են Ալբերտ Ազարյանը, Օգսեն Միրզոյանը… Հնարավոր է, որ այս անգամ դա անի Լեւոն Ջուլֆալակյանը կամ Հրաչյա Պետիկյանը:

«Առավոտը» ճշտեց նաեւ Համահայկական խաղերի ջահի երթուղին. Գառնիի տաճար-Ձորաղբյուր-Ջրվեժ-Նոր Նորքի 4-րդ զանգված-Գայի-Մյասնիկյան պողոտաներ-Հերացու-Չարենցի փողոցներ-Սայաթ Նովա պողոտա-Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ-Հանրապետության հրապարակ (այստեղ ջահը կկատարի մեկ շրջան)-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ Նովա պող.- Ալեք Մանուկյան փողոցներ-Այգեստան-Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել