Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված ու զինված

Օգոստոս 04,2007 00:00

Ոստիկանությունն ամփոփում է կիսամյակը

Երեկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը ներկայացրեց 2007 թ. առաջին կիսամյակում՝ հանրապետությունում հանցավորության վիճակի ու դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից տարվող աշխատանքների արդյունքները: Հ. Հունանյանը փաստեց, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ ծանր, առանձնապես ծանր, ընդհանուր առմամբ նվազել է: Նա նշեց, որ ոստիկանության ձեռնարկած «կանխարգելիչ միջոցառումների» արդյունքները գոհացուցիչ չեն, որովհետեւ աճել է հրազենով կատարած հանցագործությունների թիվը, հաճախակի են դարձել թմրամիջոցների իրացման դեպքերը, բնակչության մոտ հայտնաբերվել է զենք եւ ռազմամթերքի պատրաստման ու ապօրինի շրջանառության 108 դեպք:

Ոստիկանությունը հայտնաբերել է պոռնկության եւ սեռական շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ ներգրավելու՝ 7, կավատության՝ 19 դեպքեր: Դադարեցվել է «Ալեն-Էլեն», «Թայֆուն», «Ակվարիում» «Դվին» գիշերային ակումբների գործունեությունը: Հ. Հունանյանը նշեց, որ մարմնավաճառությունը լայն տարածում է գտել հատկապես Երեւան, Գյումրի, Կապան, Արմավիր եւ Արարատ քաղաքներում, հաշվառման է վերցվել 933 մարմնավաճառ, որից 53-ը վեներական հիվանդ է: Պարզվում է, աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները:

Հանցագործությունների բացահայտման մասին խոսելիս Հ. Հունանյանը նշեց. «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից վնասազերծվել է այն բանդան, որը 2004-2007 թթ. ընթացքում Երեւանում եւ հարակից շրջաններում դիմակավորված ու հրազենով զինված կատարել էր 26 ավազակային հարձակում եւ 2 կողոպուտ: Այժմ մասնակիցներից 16-ը կալանավորված է, 6-ը գտնվում է հետախուզման մեջ: Հասարակական հնչեղություն ստացած հանցագործություններից բացահայտվել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը: Ձերբակալվել է անմիջական կատարող Արսեն Առուշանյանը՝ իր 2 հանցակիցներով, իսկ պատվիրատուներ Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանը գտնվում են հետախուզման մեջ: Բացահայտվել է նաեւ 2004-ին կատարված «Կիրովականցի Գոգա» մականվամբ՝ Գոգա Առաքելյանի սպանությունը, կալանավորվել է հանցագործության կատարող Հայկ Իսրայելյանը, պարզվել է պատվիրատուն՝ Արթուր Հարությունյանը («Խիմկիի Արթուր»), որը սպանվել է Մոսկվայում: Ի դեպ, Շահեն Հովասափյանի սպանությունը եւս կատարել էր Հայկ Իսրայելյանը»:

Հ. Հունանյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացված մահափորձի եւ նրան ուղեկցող անձանց սպանության, ինչպես նաեւ հուլիս ամսին Երեւանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը 3 անձանց սպանության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Նա անդրադարձավ նաեւ «Շանթ» պաղպաղակի գործարանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպին: Ոստիկանության պետի տեղակալի ներկայացմամբ, տեղի է ունեցել ծեծկռտուք գործարանի պահակակետի աշխատակցի եւ հասարակական կարգը խախտող մի քանի անձանց միջեւ, անվտանգության աշխատակիցը գազային ատրճանակով 3 անգամ կրակել է. «Գործի հետ առնչվող անձինք բերման են ենթարկվել: Կատարվում է նախաքննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել