Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸԵՐԵԽԱՆԵՐԻՑ ԽԼԵԼ ԵՆ

Օգոստոս 04,2007 00:00

Արմավիր քաղաքի թիվ 11 գիշերօթիկ մանկապարտեզի երեխաները շուտով իրենց գիշերօթիկից էլ կզրկվեն

Ամիսներ առաջ Արմավիրի քաղաքապետարանը մանկապարտեզի խաղահրապարակի տարածքը վաճառել է քաղաքի մեծահարուստներից մեկին՝ առեւտրի եւ զվարճանքի օբյեկտներ կառուցելու նպատակով: Ներկայումս այդ տարածքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում: Շինարարության արդյունքում կառուցապատողները մանկապարտեզի խաղահրապարակի մոտ 30 ծառ հատել են: Սա մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ մանկապարտեզին հարակից շենքի բնակիչները. «Առավոտյան նկատեցինք, որ ծառերը կտրել են, փաստորեն՝ գիշերը եկել են ու թաքուն կտրել: Նաեւ ապամոնտաժել են երեխաների կարուսելները, քանի որ դրանք խանգարում էին իրենց շինարարությանը»:

Արմավիրի թիվ 11 մանկապարտեզը քաղաքի միակ գիշերօթիկն է, որտեղ ապրում է 2-6 տարեկան մոտ 100 երեխա: Մանկապարտեզը շաբաթ եւ կիրակի օրերին չի գործում, մյուս օրերին շինարարական աշխատանքներն ու աղմուկը երեխաներին խանգարում են: Ծնողների խոսքերով՝ «Երեխաներին խաղալու ու հանգստանալու տեղ չեն թողել: Ախր մեր երեխաները օրերով այստեղ են մնում, խաղադաշտ էլ չկա, որ գոնե խաղան ու տարածքից դուրս չգան: Հիմա մանկապարտեզի մուտքը անմիջապես փողոցի վրա է, ինչը երեխաների կյանքի համար շատ վտանգավոր է»:

Մանկապարտեզի վաճառված խաղադաշտում նախատեսվում է մի քանի օբյեկտ կառուցել: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը: Մանկապարտեզի շենքին կից փորված փոսում արդեն կառուցապատում արվել է, խաղահրապարակի մնացած հատվածում նախատեսված օբյեկտի միայն առաջին հարկն է գցված: Փոխքաղաքապետի հավաստմամբ, այդ ամենն արվում է օրենքի սահմաններում. «Մենք օրենքից դուրս ոչինչ չենք անում: Ըստ սահմանված կարգի՝ աճուրդ ենք հայտարարել, աճուրդի մասին թերթում հայտարարություն է տրվել: Մարզպետարանի հետ համաձայնություն կա, շինարարության համար էլ՝ համապատասխան թույլտվություն»:

Մեր այն հարցին, թե քաղաքապետարանն ի՞նչ հիմքով է մանկապարտեզի խաղահրապարակը աճուրդի հանել՝ պարոն Մկրտչյանն ասաց. «Ճիշտ է, դա ժամանակին եղել է մանկապարտեզի տարածքը, սակայն այժմ մանկապարտեզինը չէ: Տարածքն օտարվել է, հետո աճուրդով վաճառվել է»: Փոխքաղաքապետը պնդում էր, որ շինարարության արդյունքում ոչ մի կարուսել էլ չի ապամոնտաժվել, քանի որ դրանք երբեք էլ չեն եղել: Իսկ թե Արմավիրի քաղաքապետարանը ո՞ր օրենքով է երեսուն ծառ հատել, փոխքաղաքապետն այդպես էլ չպատասխանեց:

Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց թիվ 11 գիշերօթիկի տնօրեն Ջենի Ասատրյանից պարզաբանումներ ստանալ, քանի որ մանկապարտեզի հեռախոսը չէր պատասխանում: Մեր տեղեկություններով, Ջ. Ասատրյանն այս խնդրի հետ կապված՝ չի ցանկանում որեւէ մեկին պարզաբանումներ տալ: Ըստ մեր աղբյուրի, տնօրենը կառուցապատման դեմ երբեք որեւէ դժգոհություն չի հայտնել:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել