Լրահոս
Օրվա լրահոսը

Արզումանյանը գումար էր վաստակում թարգմանությամբ

Օգոստոս 04,2007 00:00

Սակայն այսօր մեղադրվում է փողերի լվացման մեջ

4 քաղբանտարկյալների պաշտպանության խումբը երեկ կազմակերպել էր կլոր սեղան՝ «Փողերի լվացում. Օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով: Փաստաբան Վահե Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց օրենսդրական դրույթները, մասնավորապես նշելով, թե «փողերի լվացման» հոդվածը մի շարք երկրներում ձեւակերպված է որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարների օրինականացում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի օրինականացում: Անցնելով պրակտիկային՝ անդրադարձավ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ հարուցված քրգործին եւ վստահություն հայտնեց, որ նախաքննության մարմինը հիմնավորման խնդիր է ունենալու. «Եթե նույնիսկ դատարանը կարողանա հիմնավորել, որ նման բան եղել է, ապա նրանք դեռ պետք է ապացուցեն, որ փողերը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով»: Փաստաբանը նաեւ փողերի լվացման որոշակի օրինակ մատնանշեց. «Կենտրոնի կառուցապատման ծրագրերի վրա կարող եք ինքներդ տեսնել շատ ակնհայտ ու բավականին ցինիկ կերպով իրականացվող փողերի լվացման մի գործընթաց: Իհարկե, դրա մասին շատ քչերն են խոսում, եւ այդ քչերից էլ շատ քչերն են մնում անպատիժ»:

Քննարկման մասնակիցներից մեկը՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Եթե նման պարզունակ ձեւով մեղադրում են Արզումանյանին, ապա այս տրամաբանությամբ, մեր քաղաքացիների մեծ մասին կարելի է մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանցից շատերը գումարներ են ստանում արտասահմանից»:

Ներկա էր նաեւ Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, որն ասաց. «Շատ լավ է, որ մի անգամ էլ ենք հատուկ նկարագրում, թե ինչ է փողերի լվացումը, եւ ինչու Ալիկի դեպքը չի համապատասխանում դրան: Բայց ինձ թվում է՝ ե՛ւ Հայաստանի հասարակությունն է հասկանում, որ Արզումանյանը փող լվացող չի, ու գիտեն, որ Կենտրոնի այդ շենքերը մե՜ծ կապ ունեն փողերի լվացման հետ: Ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլեւ բոլոր դատավորները, որոնց հետ ես ոչ պաշտոնապես խոսել եմ՝ գիտեն, հասկանում են, որ դժվար թե դատարան գնա Ալիկի գործը: Անգամ ԱԱԾ-ում գիտեն, որ վաղ թե ուշ՝ Ալիկին պիտի ազատեն, ու վատ են զգում, որ ստիպված պահում են նրան»: Ի դեպ, այս շաբաթ Մելիսա Բրաունին թույլ չեն տվել ամուսնու հետ տեսակցել՝ առանց ներկայացնելու մերժման որեւէ պատճառաբանություն:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտնեց, թե ինքը հարգում է Ալեքսանդր Արզումանյանին, քանի որ գիտի՝ երկար ժամանակ լինելով իշխանության մեջ, այն կորցնելուց հետո նա թարգմանություններով էր փող աշխատում, ուստի առավել եւս ցավ է պատճառում այն, որ հենց նրան մեղադրեցին փող լվանալու մեջ:

Քննարկմանը մասնակցում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որն առաջարկեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի ժամանակ Հայաստանի 4 քաղբանտարկյալների լուսանկարներով պիկետներ անցկացնել այն հյուրանոցների մոտ, որտեղ բնակվում են այդ մարդիկ: Առաջարկ եղավ նաեւ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրություններով թռուցիկներ փակցնել քաղաքի պատերին: Իսկ «Սկսել ա» նախաձեռնության անդամներից մեկը՝ Արսեն Խառատյանը, որ 6 ամսով մեկնում է Վաշինգթոն, համաձայնեց առաջարկին՝ այնտեղ պիկետներ կազմակերպել Հայաստանի դեսպանատան առջեւ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կարգախոսներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել