Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՄԻ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄ ԷՐ, ՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆԿԱՐԻՉՆ ԱԶԱՐՅԱՆՆ Է»

Օգոստոս 04,2007 00:00

 Ասում է ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, որի լիազորություններն ավարտվեցին երեկ-

Ամեն ընտրությունից հետո ընդդիմությունը պնդում էր, թե շատ կարեւոր է ընտրախախտումներ կատարողներին պատասխանատվության ենթարկելը, քանի որ դա կունենա կանխարգելիչ նշանակություն: Այս խորհրդարանական ընտրությունները դարձան առաջինը, որոնցից հետո այսքան քրեական գործեր հարուցվեցին: Դատախազության այս շաբաթ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ արդեն դատարան է ուղարկվել 8 գործ՝ 17 անձի վերաբերյալ, հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի 12 անդամներ: Ձեզ համար ողջունելի՞ է այս գործընթացը:

– Եթե համեմատենք կատարված խախտումների հետ, սա մի կաթիլ ջուր է՝ ծովում: Իհարկե, ողջունելի է ինքնին երեւույթը, որ պատասխանատվության են կանչում, բայց ի՞նչ ծավալներով: Հանրապետությունում կատարվել են զանգվածայի՛ն ընտրախախտումներ՝ կաշառքներ, բռնարարքներ, լցոնումներ: Շատ տեղերում շատ ավելի կոպիտ ընտրակեղծիքներ են եղել, քան հանրաքվեի ժամանակ, մասնավորապես՝ թիվ 16 եւ 17 ընտրատարածքներում:

Եթե ԿԸՀ-ում մի «բրիգադ» (աշխատակազմի որոշ անդամների էլ պղծեցին) նստեցրին համակարգիչների դիմաց ու սկսեցին ուղղել ՏԸՀ արձանագրությունները եւ կնիքներ դնել, հիմա ես կարող եմ համարե՞լ, որ այս 8 գործերն առաջընթաց են: Այդքանով առաջընթաց է, այո՛: Դատախազության տեղեկանքում նշված է, որ ՏԸՀ անդամները չեն ուղղել սխալները, եւ դա համարել են խախտում: Բա որ ԿԸՀ-ն ուղղում է ՏԸՀ սխալը՝ դա ի՞նչ է:

– ԿԸՀ նախագահին գլխավոր դատախազի գրության մեջ թվարկված է, որ արձանագրել են «ընտրությունների ընթացքում կազմակերպական բնույթի եւ ընտրական գործառույթների իրականացման թերացումներ ու բացթողումներ, ինչը վկայում է որոշ ՏԸՀ անդամների ոչ բավարար պատրաստվածության մասին»: Բայց չէ՞ որ նրանց համար կազմակերպվել էին ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ հանձնաժողովի անդամները ստացել էին որակավորման վկայականներ:

– Դատախազության այս դիտողությունները ճիշտ են: Իսկ այդ դասընթացները լրիվ ձեւական բնույթ էին կրում: Խոպանչիների մի բրիգադ էին կազմել: Ես հրապարակել եմ տասնյակ ազգանուններն այն մարդկանց, որոնք ստացել էին որակավորման 2-ական վկայականներ: Երկու տարբեր ցուցակներ են ներկայացրել, դրանցում ընդգրկված մարդիկ ֆիզիկապես ներկա չեն եղել, բայց նրանց վկայական են տվել:

Բայց ո՞րն է պատճառը, որ գլխավոր դատախազը ԿԸՀ-ին միայն հիմա ուղարկեց այս գրությունը, եւ ինչո՞ւ ժամանակին չքննարկվեց: Սպասում էին, որ ԿԸՀ կազմը փոխվի, տեղյակ մարդիկ գնան, որ նստեն՝ անո՜ւշ-անո՜ւշ խոսեն, ու պատասխան տան, թե ձեռնարկվե՞լ են միջոցառումներ:

Բացի այդ, սա որեւէ մեկի քմահաճույքը չէ՝ «Ընտրական օրենսգիրքը» պարտադրում է, որ համապետական յուրաքանչյուր ընտրությունից հետո 30-օրյա ժամկետում ԿԸՀ նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, ԿԸՀ անդամներից որեւէ մեկը ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես գա ԱԺ-ում: Ընդգծում եմ, սա օրենսգրքի 41 հոդվածի 3-րդ կետի պահանջն է. ինչո՞ւ չի կատարվել:

– Դուք նշում եք, թե դատարան ուղարկված 8 գործերը «կաթիլ են՝ ծովում»: Դատախազության խոսնակն էլ նշել էր, թե ընթացք են տվել խախտումների վերաբերյալ 89 հաղորդման, սակայն պարզաբանել էր, թե դրանց մեծ մասն անհիմն ահազանգեր էին, որոնց հեղինակները հարցաքննությունների ժամանակ հրաժարվում էին իրենց հայտարարություններից:

– Այ, այդ հրաժարվելն ինձ համար անբացատրելի է: Չեմ հասկանում, մարդը բողոք է գրում, հետո՝ հրաժարվո՞ւմ: Սպարտակ Եղիազարյանի դեպքը հիշենք՝ եկավ, ԶԼՄ-ներով հայտարարեց, թե ես, որպես հանձնաժողովի նախագահ, կեղծիքներ եմ արել 3 ընտրություններում, իսկ հետո ասաց, թե այդ ամենը հայտարարել է ուշադրություն գրավելու համար: Բայց դրա համար նա պատասխան տվե՞ց: Պետությանը վարկաբեկելու համար պատասխան տվե՞ց:

Այդպիսի մի դեպք էլ եղավ ԿԸՀ-ում. մեկը բողոք էր գրել, թե Տաշիրի ԸԸՀ-ի նախագահը եւ տեղամասային հանձնաժողովներից մեկի նախագահը խախտումներ են արել, իսկ հաջորդ օրը եկավ ու հայտնեց, թե ինքը չի գրել դա: ԿԸՀ-ում էլ դարձել էին փորձագետներ՝ հաստատված համարեցին, թե դա նրա ստորագրությունը չէ: Ասում եմ՝ դա ձեր գործը չի, հարգելիներս, տվեք դատախազությանը, թող փորձաքննությունը որոշի՝ իր ստորագրությո՞ւնն է: Բայց էլի՝ ի՞նչ է նշանակում, որ հայտարարում է, թե ԸԸՀ նախագահը կեղծիքներ է անում, հետո՝ հրաժարվում բողոքից: Դրա համար պիտի՞ պատասխան տա:

– Աղվան Հովսեփյանը Գարեգին Ազարյանին նաեւ առաջարկել է քննարկել իր հաղորդումը, ձեռնարկել միջոցներ «արձանագրված խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ եւ արդյունքների մասին տեղեկատվություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»: Նոր ԿԸՀ-ի կազմը քիչ է փոխվել. այնտեղ չեք լինելու միայն Դուք, ԱՄ-ի, ԺՊ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Վստա՞հ եք, որ ԿԸՀ նոր անդամներն ունակ չեն լինի հասնելու նրան, որ դատախազության հաղորդման քննարկումը չվերածվի «անուշ» զրույցի:

– Խնդիրը ոչ թե ունակությունն է, այլ տեղեկացվածությունը: Հին անդամները, որոնք մնացել են ԿԸՀ-ում՝ բացառությամբ ՕԵԿ ներկայացուցչի, մասնակցել են այս ընտրություններում կատարված կեղծիքներին: Իսկ նոր նշանակված անդամներն էլ տեղյակ չեն, չունեն կոնկրետ փաստեր, որ ասեն՝ ա՛յ, այս տեղամասում սա է եղել եւ այլն: Իսկ ես կասեի՝ այս ի՞նչ եք գրել, սա քի՛չ է, բա ձեզ, պարոն Ազարյան, որ ԿԸՀ առաջին հարկում բացել էիք համակարգչային սենյակ կեղծիքները պարտակելու համար, ինչո՞ւ չեն ենթարկել քրեական պատասխանատվության:

Ես երբեմն այս ընտրությունները համեմատում եմ սարսափ ֆիլմի հետ, որի սցենարի հեղինակն է ԿԸՀ-ն, գլխավոր նկարիչը՝ Գարեգին Ազարյանը, «կասկադյորական պրիոմներն» անում էին ԸԸՀ նախագահները, գործողության տարածքը՝ Հայաստանի Հանրապետությունը, իսկ զանգվածային տեսարաններում նկարահանվել էր հայ ժողովուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել