Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-Ն ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՉԷ

Օգոստոս 04,2007 00:00

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ մի շարք ընդդիմադիր ուժերի առաջնորդների հուլիսի 26-ի հավաքը թատերականացված էր, որի նպատակը գալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորության ցուցադրումն էր. երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2008-ի նախագահական ընտրություններում ՀԺԿ-ն կհամագործակցի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կկիսեն ներկայիս իշխանությունների վերաբերյալ իրենց տեսակետները: Ըստ Ռուզան Խաչատրյանի, երկրի վիճակը ստիպում է, որ այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք առայժմ չեն ցանկանում միավորվել եւ միասնական թեկնածուով հանդես գալ՝ այդ ուղղությամբ սթափ մտածեն եւ լուրջ քայլեր անեն: Իսկ թե որ քաղաքական գործիչը նախագահական ընտրություններում հանդես կգա որպես միասնական թեկնածու՝ Ռուզան Խաչատրյանի համար դեռ պարզ չէ. «Միասնական թեկնածու պետք է ընտրվի այն քաղաքական գործիչը, ով ավելի շատ է վայելում հասարակության վստահությունն ու սերը»:

Ռուզան Խաչատրյանն ասաց, թե ՀԺԿ-ն զգացմունքային մոտեցումներ չի ցուցաբերում այն ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որոնք նախկինում իրենց վիրավորել եւ փնովել են. «Մենք պատրաստ ենք զիջել հանուն մեր հայրենիքի, քանի որ այսօր մեր երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում, ինչի մեղավորն իշխանություններն են»:

ՀԺԿ քաղխորհրդի անդամը նաեւ նշեց, թե Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում անում են «կեղծ ժողովրդավարական քայլեր» ու տալիս խոստումներ՝ ժողովրդի աչքին բարի եւ ժողովրդավար երեւալու համար: Ըստ նրա, եթե իշխանություններն իրոք մտահոգված լինեին երկրի ապագայով, ապա վերջ կտրվեր «խուժանի ու բեսպրեդելի դրսեւորումներին»: Որպես ասվածի ապացույց՝ Ռուզան Խաչատրյանը հիշատակեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը, նշելով, թե նրա պատճառով Գյումրին այսօր դարձել է կրիմինալի կենտրոններից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել