Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան սկզբունքները՝ ըստ Բրայզայի

Օգոստոս 04,2007 00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա առաջիկա նոյեմբերին:

Այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Բրայզան ասել է նաեւ, թե համանախագահները հիասթափված էին երկու նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներից, «սակայն Ադրբեջան եւ Երեւան կատարած մեր այցերից հետո տեսանք, որ գործընթացը շարունակվում է»:

Ադրբեջանում գտնվող Բրայզային նախօրեին ընդունել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Թրենդի» փոխանցմամբ, այդ հանդիպման ընթացքում քննարկվել են LՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ էներգետիկայի ոլորտում Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած որոշում պետք է փոխզիջումային լինի: Հունիսին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո պարզ չէր՝ արդյոք կողմերը ցանկանո՞ւմ են լուծման փոխզիջումային ուղի որոնել: Կողմերը պետք է ինչ-որ բան զոհաբերեն, որպեսզի ինչ-որ բան ստանան»,- հինգշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել էր Մեթյու Բրայզան: «Ամոթ կլինի, եթե այսքան տարի տեւող Մինսկի գործընթացը դադարի: Մենք պետք է օգտագործենք մինչեւ ընտրությունները (նկատի է առնվում ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները- խմբ.) մնացած ժամանակը, որպեսզի ավարտենք հիմնարար սկզբունքների ձեւավորումը, եւ այդ սկզբունքները պետք է Հելսինկիի սկզբունքների շրջանակներում լինեն ու հանգեցնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- մանրամասնել է ամերիկացի դիվանագետը: Անդրադառնալով ավելի վաղ Մոսկվայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների խորհրդակցություններին՝ նա ասել է. «Իմ գործընկերները հանդես եկան հետաքրքիր գաղափարներով, որոնք ի հայտ եկան պետերբուրգյան հանդիպումից հետո: Գործընթացում ընդամենը մի քանի բարդ պահեր կան, որոնք պետք է լուծվեն, եւ որոնք կարող են լուծվել: Անհրաժեշտ է միայն երկրների առաջնորդների որոշումը: Մինսկի խումբը կարող է միայն առաջարկել, բայց որոշումը կողմերը պետք է կայացնեն»:

Ուշագրավ են հելսինկյան սկզբունքներին առնչվող՝ Բրայզայի մեկնաբանությունները: «Տարածքային ամբողջականությունը հելսինկյան սկզբունքներից մեկն է: Մյուս երկու սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը եւ ինքնորոշման, այլ ոչ թե անկախության իրավունքը: Ինքնորոշումը շատ բան կարող է նշանակել: Բոլորիս՝ երկրների առաջնորդների, համանախագահների եւ ժողովուրդների համար ամենադժվարը այս հարցերի շուրջ փոխզիջում գտնելն է»,- եզրափակել է ամերիկացի միջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել