Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԽԱԼՆԵՐԸ ՓՆՏՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Օգոստոս 04,2007 00:00

Ըստ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի, եթե ընդդիմությունը շարունակի խոսել միայն միասնական թեկնածուից՝ անտեսելով գաղափարական, ծրագրային մոտեցումները, ապա իշխանությունները կարիք չեն ունենա կեղծել նախագահական ընտրությունների քվեարկությունը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման, քաղաքականություն նրա վերադարձի եւ այլ բոլոր հարցերի հետ կապված դիմեք Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողներին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք պետական կարեւորագույն պաշտոններ զբաղեցրած Դավիթ Շահնազարյանը: «Ես ուղղակի ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել միմիայն նրա գրասենյակ, եթե ուզում եք ճիշտ ինֆորմացիա ստանալ: Հավատացնում եմ ձեզ, մյուս բոլոր աղբյուրներից դուք կստանաք միմիայն ենթադրություններ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` այդպիսով նախապես փակելով առաջին նախագահի մասին բոլոր մյուս հարցերի ճանապարհը:

ՀՀՇ ներկայացուցիչը երեկ խստորեն քննադատեց ընդդիմությանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Սխալները պետք է փնտրենք միայն մեր (այսինքն` քաղաքական գործիչների.- Մ. Ե.) մեջ, եւ հատկապես այն գնահատականները, որ խորհրդարանական ընտրություններից հետո հնչեցին շատ ընդդիմադիր ուժերի կողմից, ըստ էության` մեղադրանք մեր հասարակության նկատմամբ, դրանք, ես կարծում եմ, առնվազն սխալ էին»: Պրն Շահնազարյանը համոզված է, որ եթե ընդդիմության ներկայիս վիճակը պահպանվի, ապա իշխանությունը կարիք չի ունենա կեղծել նախագահի ընտրության քվեարկությունը: Նա վստահ է, որ ինչքան շուտ ընդդիմությունն այդ ամենից ճիշտ եզրակացություն անի, այնքան մեծ է հավանականությունը, որ մեր քաղաքական համակարգը կառողջանա եւ ընդդիմությունը, որպես քաղաքական ինստիտուտ, կկայանա: Դավիթ Շահնազարյանի համար ուղղակի անհասկանալի է «միասնական թեկնածու» ասվածը եւ նա չբացառեց, որ եթե այսպես շարունակվի, մոտ ժամանակներում նախագահականին կունենանք մի քանի «միասնական» թեկնածու. «Ընդդիմությունը վերջին տարիներին, հատկապես վերջին ամիսներին, բացառապես շարժվում է իրավիճակային լուծումներ փնտրելով, քաղաքական դաշտի նման պայմաններում որեւէ նշանակություն չի ունենալու՝ միասնակա՞ն, թե՞ ոչ միասնական թեկնածու, որովհետեւ հասարակությունը խորապես հիասթափված է ընդդիմությունից, ատում է իշխանությանը եւ արհամարհում ընդդիմությանը: Այս իրավիճակը կփոխվի, եթե ընդդիմությունը լուրջ վերաբերմունք ցույց տա»:

Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ միասնական թեկնածուն չի որոշվելու «քչփչոցների» եւ քննարկումների արդյունքում, այլ՝ քաղաքական պայքարի: Թեպետ նույն այդ «քչփչոցներին» մասնակցում է նաեւ ՀՀՇ-ն, այն կուսակցությունը, որը ներկայացնում է Դավիթ Շահնազարյանը: Ըստ ՄԱԱ-ի հյուրի. «Եթե իմ ընկերները, գործընկերները միասնական թեկնածուին մտադիր են որոշել 10-15 հոգով, սեղանի շուրջ, ապա ի՞նչ երաշխիք կա, որ հասարակությունը ընդունելու է դա: Սեղանի շուրջ կարելի է որոշել, թե ով է նիստը վարելու, ով է լինելու թամադա, բայց 10-15 հոգով, առանց քաղաքական պայքարի, միասնական թեկնածուի մասին ուղղակի լուրջ չէ խոսել»:

Դավիթ Շահնազարյանի բուռն քննադատությունը ընդդիմության հասցեին այնքան կտրուկ էր, որ լրագրողները ուղղակի հարցրին՝ հնարավո՞ր է նախագահական ընտրություններում ՀՀՇ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հաշվի առնելով ոչ այնքան վերջինիս եւ ՀՀՇ-ի ընդհանուր ծագումնաբանությունը, այլ այն, որ ՀՀՇ-ն ՀՅԴ-ին ատելով եւ ի հեճուկս դաշնակցական թեկնածուի՝ կգնա այդ քայլին: Ի պատասխան՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Չեմ կարծում, որ նման բան լինի»: «Կտրականապես բացառո՞ւմ եք»,- ցանկացավ հստակեցնել «Ազատության» թղթակիցը. «Ես ասացի, որ չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա»: Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու շանսերը մեծացան:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ իսկ ինչո՞ւ ՀՀՇ-ն ինքը իր ձեռքը չի վերցնում նախաձեռնությունը եւ չի կազմակերպում ընդդիմադիր դաշտը, այլ հայտնվել է մի տեսակ դիտորդի կարգավիճակում: Ի պատասխան՝ պարոն Շահնազարյանն ասաց. «ՀՀՇ-ն, ցավոք, այսօր այն ազդեցությունը չունի, ինչ պարտավոր էր ունենալ, գուցե դա ընդհանուր վիճակի կամ մեր ոչ բավարար աշխատանքի արդյունքն է: Երկրորդ, նորից եմ ասում, հարցը ընդհանուր քաղաքական համակարգի հարցն է: Մենք ոչ թե ընդդիմադիր ենք ընդդիմությանը, այլ՝ ընդդիմությունը նման ճանապարհով գնում է ուղղակի ինքնաոչնչացման, ես ուղղակի ուզում եմ, որ դա տեղի չունենա, ուզում եմ, որ ընդդիմությունը կարողանա ընդունել միակ ճիշտ որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել