Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Օգոստոս 03,2007 00:00

Բայց նա կմնա՞ Հայաստանում, թե՞ կվերադառնա ԱՄՆ՝ կպարզվի միայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո:

Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն եւ աշխարհի 2005 թվականի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Մարտին Բերբերյանը մեկ շաբաթից ավելի է, ինչ ԱՄՆ-ից վերադարձել է Երեւան:

Վերադարձի ճանապարհին նա Կալինինգրադում մասնակցել է Բելոգլազով եղբայրների միջազգային մրցաշարին, 60 կգ քաշային կարգում 17 ըմբիշների միջեւ պայքարում գրավել է 1-ին տեղը. անցկացրել է 5 գոտեմարտ, բոլորում էլ հաղթել, ընդ որում 3-ը՝ ժամկետից շուտ:

Մեկ տարի Մարտինը Լոս Անջելեսում էր: Ամուսնացել է սիրած աղջկա հետ, իսկ վերջերս աղջիկ է ունեցել ու անունը դրել Մարիամ: Նրա հեռանալը հավաքականի մարզիչներին նախաօլիմպիական այս ժամանակահատվածում իրենց անելիքների մեջ վերջնականապես կողմնորոշվելու առումով որոշ խնդիրների առջեւ էր կանգնեցնել: Ճիշտ է, Մարտինը գնացել էր սիրած աղջկա հետ ամուսնանալու նպատակով, բայց ԱՄՆ-ում շարունակել է մարզվել «Golden Boyz Club»-ում ու մասնակցել մրցումների: Նա երկու անգամ հաղթել է Կալիֆոռնիայի առաջնությունում եւ մեկ անգամ էլ՝ պրոֆեսիոնալ ըմբիշների մրցումում: Այս ընթացքում մարզիկը միշտ էլ հայտարարել է, թե հայրենիքից ընդմիշտ չի հեռացել: Պատրաստ է վերադառնալ, պայքարել օլիմպիական վարկանիշի համար եւ Պեկինում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Բայց դրա համար նա որոշ պայմաններ ունի ներկայացնելու:

«Առավոտը» հանդիպեց Մարտին Բերբերյանին եւ փորձեց պարզել նրա հետագա ճակատագիրը:

– Ի՞նչ պահանջներ ունես ներկայացնելու:

– Դրանք առայժմ չէի ցանկանա հրապարակել:

– Սպորտի նախարարի հետ արդեն հանդիպել ես: Մոտավոր եզրակացություններ կա՞ն:

– Պարոն Գրիգորյանի հետ զրուցելուց հետո տպավորություն ունեմ, որ իմ պայմանները, հնարավոր է, ամբողջությամբ չբավարարվեն: Բայց ամեն բան կպարզվի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո:

– Եթե հարցերը լուծվեն, կմնա՞ս:

– Այո:

– Իսկ եթե ո՞չ:

– Կվերադառման Միացյալ Նահանգներ՝ ընտանիքիս մոտ:

– Ազատ ոճի մեր ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքի է մեկնում Ծաղկաձոր՝ նախապատրաստվելու սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի վարկանիշային առաջնությանը:

– Գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի հետ պայմանավորվել ենք, որ ես էլ եմ նրանց հետ լինելու:

– Աշխարհի առաջնությանը մասնակցելո՞ւ ես:

– Ոչ: Ծնկի թեթեւ վնասվածք ունեմ, որը պետք է բուժել: Եթե մնամ, կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, վարկանիշային մյուս մրցաշարերին:

Եթե Մարտինը մնա, ինքն էլ մեր պահանջները պետք է ընդունի

Ազատ ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը Մարտին Բերբերյանի վերադառնալու հետ կապված ասաց հետեւյալը. «Մենք բոլորս էլ ցանկանում էինք, որ նա գա ու շարունակի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ես որպես գլխավոր մարզիչ այդ մասին անձամբ եմ ասել ՀԱՕԿ-ի նախագահին: Պարոն Ծառուկյանը խոստացել է նրան լսել եւ բոլոր հարցերը կարգավորել: Հիմա սպասում ենք նրանց հանդիպմանը: Ամեն բան լավ լինելու համար Մարտինն էլ մեր պահանջները պետք է ընդունի: Նրա հետ խոսելու շատ բան կա: Առջեւում անչափ պատասխանատու մրցումներ ունենք՝ կապված օլիմպիական ուղեգրեր նվաճելու հետ: Հավաքականի աշխատանքային գրաֆիկն արդեն խիստ հագեցած է լինելու: Առաջին բանը, որ պահանջելու ենք ինչպես տեղի մեր ըմբիշներից, այնպես էլ Մարտինից ու մեր ռուսաստանցիներից, այսուհետեւ հավաքականի կազմում հավաքներին պարտադիր ներկա գտնվելն է: Օգոստոսի 2-14-ը մեկնում ենք Ծաղկաձոր (զրույցը կայացել է նախօրյակին), այնուհետեւ օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը Ալուշտայում համատեղ հավաքներ ենք անցկացնելու Ուկրաինայի, Հունաստանի եւ Չինաստանի հավաքականների հետ: Դրանից հետո վերադառնալու ենք Երեւան ու մեկնենք Բաքու: Աշխարհի առաջնությունից հետո նույնպես մեր գրաֆիկը խիտ է. կրկին հավաքներ, մրցումներ… Այդ ամբողջ ընթացքում՝ մինչեւ օլիմպիական խաղեր, Մարտինը պարտադիր պետք է լինի թիմի հետ, մարզիչներիս աչքի առջեւ: Հաճախակի Ամերիկա գնալ-գալը բացառվելու է: Նախ, դա մարզական առումով է անթույլատրելի, ապա դրա համար միջոցները չեն բավականացնի: Այլ բան է, որ նա դեկտեմբերի վերջերին մեկնի ընտանիքի մոտ, Նոր տարին նրանց հետ անցկացնի: Բայց հունվարի 10-ին անպայման պիտի լինի այստեղ ու շարունակի մարզվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել