Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ ենք արվեստի ապրանքայնացմանը»

Օգոստոս 03,2007 00:00

Հայտարարում է Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ Արման Գրիգորյանը

«Առավոտը» հյուրընկալել էր նկարիչ, «AICA» արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ Արման Գրիգորյանին:

Ուղիղ 20 տարի առաջ Ա. Գրիգորյանը իր համախոհների հետ Նկարիչների միության երրորդ հարկում տեղակայված «Հայելի» կոնֆերենց դահլիճում կազմակերպեց այլընտրանքային արվեստի տարբեր ուղղությունների (նկարչություն, երաժշտարվեստ, պոեզիա եւ այլն) ներկայացուցիչների մեկշաբաթյա հանդիպումներ, կոնֆերանսներ: Այնուհետեւ «այլընտրանքայինները» հանրությանը ներկայացան, ինչպես իրենք էին անվանում՝ որպես առաջապահ արվեստագետների խումբ՝ «3-րդ հարկ» անունով: Միավորումը գոյատեւեց մինչեւ 1994թ.:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ կարճ տեւեց իրենց՝ ավանգարդիստների «կյանքը» եւ հարատեւելու համար ինչո՞ւ չընդգրկվեցին Նկարիչների միության կազմում, մեր զրուցակիցն ասաց. «Այն տարիներին մեր նպատակն էր վերափոխել խորհրդային արվեստի համակարգը: Առաջնային էինք համարում նախ անկախացումը կենտրոնից (նկատի ունի Մոսկվան- Ս. Դ.), մասնագիտացումների (կերամիկ, գրաֆիկ, գեղանկարիչ եւ այլն) արհեստականորեն կատարված ու պարզունակ բաժանումները: Նաեւ ուզում էինք գտնել կապը Հայաստանում արդեն գոյություն ունեցած, բայց այդ տարիներին արգելված մոդեռնիստական տրադիցիայի հետ: Վերջինիս մեջ մտնում են մի շարք ուղղություններ, այդ թվում՝ ֆուտուրիզմը, կուբիզմը, կոնստրուկտիվիզմը եւ այլն: «3-րդ հարկը» հասկանում էր, որ ինքը հայտնվել է պոստմոդեռնիստական աշխարհում, ինչը մոդեռնիզմի շարունակողն է, այլ ոչ ժխտողը: Կամ, պարզ ասած՝ մոդեռնիզմը ժխտելով՝ դասական տրադիցիան (20-րդ դ. սկիզբ) արդեն ստեղծել էր արժեքային նոր համակարգ, որն այսօր էլ կա: Ինչ վերաբերում է ավանգարդին, այն մեզ տանում է 1920-ական թվականներ եւ արդեն հին որակում է: 1994թ. հետո մեր գործունեությունն ավելի կենտրոնացրինք այլընտրանքային ինստիտուտների ստեղծմանը: Դրանցից հիմա գործում են ՆՓԱԿ-ը, ԳԺԱԿ-ը (Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոն), «Հայ-Արտը», «Ուտոպիանան»: Ըստ Ա. Գրիգորյանի, Նկարիչների միությունում չընդգրկվելը կապված էր իրենց ներկայացրած ծրագրերը միության կողմից անտեսելու հետ. «Անկախացումից հետո միությունը պահպանեց իր հին ձեւը եւ այսօր հայտնվել է իր իսկ կանոնադրությունը վերանայելու անհրաժեշտության առջեւ: Արեւմուտքում վաղուց չկան միություններ, արվեստագետները համախմբված են ասոցիացիաների ու խմբակների շուրջ, մի բան, ինչն առաջարկում էինք 1987-ից»:

Հետաքրքրությանը, թե կոնֆլիկտներ չե՞ն լինում իրենց՝ ժամանակակից արվեստ ներկայացնողների եւ միության անդամների միջեւ, արվեստաբանն ասաց. «Ոչ, որովհետեւ շատերը հենց միության անդամներից (Կարեն Անդրեասյան, Նարինե Զոլյան, Հովհաննես Մարգարյան եւ այլք) իրենք են ստեղծագործում ժամանակակից արվեստի դաշտում»: Հարցին էլ, թե մեզանում ովքե՞ր են «ժամանակակից արվեստ» գնողները, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Դեռ 70-ականներից մեր ուժերի ներածի չափով դիմադրել ենք արվեստի ապրանքայնացմանը: Մեզ համար արվեստի կոմերցիոն գործ ստեղծելը արդեն համարվում է ոչ ժամանակակից: Մյուս կողմից, հասկանալի է, որ ֆինանսավորման կարիք ունի նաեւ ժամանակակից արվեստը: Տարիներ շարունակ գործում են տարբեր հիմնադրամներ, դրամաշնորհներ հատկացնող կառույցներ, որոնք լուծում են նման հարցեր: Ժամանակակից արվեստի գործերը վաղուց գրավում են բարեգործների, կոլեկցիոներների ուշադրությունը ու ցուցադրվում մեզանում ֆինանսական շահ չհետապնդող գալերեաներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել