Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՏՈՒՆ» ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԵԶԱԿԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ

Օգոստոս 03,2007 00:00

\"\"Ամերիկահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանի հարցը «ճամփորդում» է նախարարից նախարար:Արդեն 15 տարի է՝ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի շենքում է տեղավորված ամերիկահայ նկարիչ, գորգագետ, կոլեկցիոներ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանը: Վերջերս նշվեց պրն Գրիգորյանի դստեր՝ Սաբրինայի ծննդյան օրը, որն այս տարի համընկավ Միջին Արեւելքի թանգարանի հիմնադրման 15-ամյակի հետ:

Հավաքույթին ներկա մտավորականները, շնորհավորանքներից բացի, Մ. Գրիգորյանին կամ, ինչպես մտերիմներն են ասում՝ Մարկոյին մաղթեցին «անտուն» թանգարանի խնդրի շուտափույթ լուծում: Ի դեպ, այս տարիներին մշակույթի բոլոր նախարարները խոստացել են օգնել ու այդպես էլ խոստումը գործ չի դարձել:

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը հավերժություն մաղթելով թանգարանին, հույս հայտնեց, որ գուցե առաջիկայում կենտրոնում տարածք տրվի վերջինիս, մանավանդ «այդպիսի աշխատանքներ կարծես նախարարությունում տարվում են»: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանն էլ այս առիթով «Առավոտին» ասաց. «Նախարար Հակոբ Մովսեսի ժամանակվանից հարցը մնացել է առկախ: Այժմ փնտրվում է համապատասխան տարածք»:

ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը նշեց, որ ի դեմս Միջին Արեւելքի թանգարանի, գործ ունենք բացառիկ երեւույթի հետ. «Կարծում էինք, որ այս թանգարանը պիտի օրինակ ծառայի Սփյուռքում ապրող հավաքածուների տերերի համար, որպեսզի նրանք էլ իրենց հավաքածուները նվիրաբերեին Հայաստանին, ստեղծեին նման թանգարաններ: Քանի որ երկրորդ այդպիսի դեպք տեղի չի ունեցել, մեզ համար Մարկոս Գրիգորյանի նվիրաբերությունն է՛լ ավելի կարեւոր ու եզակի է: Այս թանգարանը պիտի փայփայվի, ներկայանալի շենք եւ կառավարության աջակցությունն ունենա»:

Մարկոս Գրիգորյանն էլ հավելեց, որ այլեւս չի ցանկանում նախարար տեսնել, շեմին նստել ու խնդրել. «Միայն մի ցանկություն ունեմ՝ այս հավաքածուն, որ հավաքել ու փայփայել եմ ամբողջ կյանքիս ընթացքում, չցրվի»:

«Նոր դար» գրական ընկերության ղեկավար Աբգար Ափինյանը կարծում է, որ եթե թանգարանի գիտական ուսումնասիրություն սկսվի, նրա արժեքը կտասնապատկվի, որովհետեւ Միջին Արեւելքի թանգարանը միակն է տարածաշրջանում:

Մարկոս Գրիգորյանի հիմնադրած թանգարանում, բացի իր հեղինակած գեղանկարչական եւ այլ բնույթի աշխատանքներից, պահվում են պարսկական արվեստի գործեր, անգամ 13-րդ դարի սելջուկյան դրամների նմուշներ, հազարամյա հնության բրոնզե իրեր, բացառիկ կարպետներ ու գորգեր, ջրի ծորակներ, դռան բռնիչներ ու թակիչներ, գրամոֆոններ, արդուկներ եւ այլն:

«Մարկոս Գրիգորյանի թանգարանում պահվող իրերը ունեն ե՛ւ արվեստագիտական, ե՛ւ ազգագրական նշանակություն, այնպես որ՝ թանգարանի կարեւորությունը բազմաբնույթ է: Հազվադեպ է պատահում, որ արվեստագետը դառնա հնահավաք, հնասեր ու կարողանա այսպես գնահատել դարերի ընթացքում ստեղծված տեսակ-տեսակ աշխատանքները»,- փաստեց Լեւոն Չուգասզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել