Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային TV-ները չեն վախենում փակվելուց

Օգոստոս 03,2007 00:00

\"\"Արմավիրի «ԱԼՏ» եւ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունների պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց լրագրողները մայրաքաղաքայիններից անաչառ են:

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Արմավիրի «ԱԼՏ» TV-ի հիմնադիր տնօրեն Խաչիկ Դանիելյանը եւ Վանաձորի «Լոռի» TV-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը: Խ. Դանիելյանն ասաց, որ ասուլիսի մասին տեղեկացել են առավոտյան ու վերջին պահին իմացել, որ խոսելու են մարզային հեռուստաընկերությունների խնդիրներից: Հետո էլ հավելեց, որ բոլորի խնդիրները համարյա նույնն են: Նրանք նշեցին, որ ամենացցունը որակյալ կադրերի պակասն է, որովհետեւ շատերը կայանալուց հետո տեղափոխվում են Երեւան:

Խ. Դանիելյանը հայտնեց, որ «ԱԼՏ» TV-ին գործում է 1989 թվականից եւ մինչ օրս աշխատել է ինքնաֆինանսավորմամբ: Ն. Ավետիսյանն էլ ասաց, որ «Լոռի» TV-ին գործում է 1995 թվից. «Անկախ հեռուստաընկերություն է, հիմնադիրները անհատ մարդիկ են: Ցուցադրում ենք միայն տեղական լրատվություն եւ հաղորդումներ: Չենք վերահեռարձակում երեւանյան կամ արտասահմանյան որեւէ հեռուստաալիք»: Ըստ վերջինիս, Վանաձորի հեռուստադիտողի պահանջարկը հիմնականում տեղի հիմնախնդիրների վերհանումն է: Խ. Դանիելյանը հայտնեց, որ Արմավիրի հեռուստադիտողին եւս հետաքրքրում են սեփական հոգսերը. «Մյուս կողմից էլ, մեր տարածաշրջանի լրագրողը հնարավորություն չունի բացել որեւէ ինտերնետային կայք, որ տեղեկանա սպասվող ասուլիսների կամ միջոցառումների մասին: Հետեւաբար, տվյալ լրագրողը անդրադառնում է միայն տեղական խնդիրներին»:

Գյումրիի «Ցայգ» TV-ի հետ կապված իրադարձությունների մասին էլ Ն. Ավետիսյանն ասաց. «Դա մասնավոր խնդիր է: «Ցայգը» չի եթերազրկվել: Նա ՀՌԱՀ-ի կողմից տրամադրված լիցենզիա ունի: Ընդամենը երկու ընկերությունների միջեւ դադարել է ինչ-ինչ պայմանագրային գործունեություն, իսկ հետագան կողմերը կորոշեն»: Խ. Դանիելյանն էլ ավելացրեց. «Ցայգը» ունի նաեւ դեցիմետրային կապուղի, բայց միեւնույն ժամանակ նույն ծրագրերով պայմանագրային հիմունքներով օգտվել է Հանրայինի կապուղուց: Լրացել է պայմանագրի ժամկետը, սակայն նրանք ունեն նաեւ համաձայնագիր, որի դրույթներին ինքս ծանոթ չեմ»: Ն. Ավետիսյանը նշեց. «Ըստ այդ համաձայնագրի, նախորդ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն «Հեռուստացանց» ՓԲԸ-ն չի ուզում շարունակել պայմանագրային հարաբերությունները: Կարծում եմ, այս հարցը կլուծվի, քանի որ գոյություն ունեն դատարաններ, եւ կպարզաբանվի՝ ինչպես քաղաքակիրթ երկրներում»: TV-ների տնօրենները փաստեցին, որ իրենք նմանատիպ խնդիրներ չունեն: Ն. Ավետիսյանը վստահեցրեց, որ, իր կարծիքով, այսօր մարզային TV-ներն ավելի անկախ են, քան մայրաքաղաքայինները. «Ցանկացած խնդիր բարձրացնում, քննադատում ենք: Մեր լրագրողներն ավելի անաչառ են: Ճիշտ է, քաղաքական թեմաների քիչ են անդրադառնում, շեշտը դրվում է սոցիալականի ու տնտեսականի վրա, բայց դա էլ իր պատասխանն ունի: Քաղաքականությունը կենտրոնացված է մայրաքաղաքում: Իսկ մեզ մոտ գոյություն ունեցող մի քանի կուսակցությունների գրասենյակներն էլ ընտրությունից ընտրություն են աշխատում»: Խ. Դանիելյանը նույնպես գտնում է, որ իրենց մոտ բացակայում են գրաքննությունն ու խմբագրի կողմից ուղղորդելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել