Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ Է ՆԱՎԹԻՑ, ԳԱԶԻՑ

Օգոստոս 03,2007 00:00

\"\"Պարույր Հայրիկյանը վստահ է, որ, իրենից բացի, նախագահի այլ թեկնածու չկա, բայց ինքը պատրաստ է պաշտպանել այլ թեկնածուի, եթե ընդդիմադիր խորհուրդը որոշում կայացնի:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ «Ուրբաթ» ակումբում մանրամասներ ներկայացրեց ընդդիմության լիդերների՝ իր իսկ նախաձեռնած սրճարանային հայտնի հանդիպումից: «Այդ հանդիպումը բավական հաջող անցավ, տվեց իր առաջին պտուղը, այն է՝ քաղաքական գործիչներն անմիջականորեն լսեցին իրար եւ արտահայտեցին իրենց տեսակետները: Դա իր զարգացումը կապրի: Զարգացում՝ չի նշանակում 7-ը կդառնա 20 կամ 15, կամ 8: Ես երազում եմ այն պահի մասին, երբ իսկապես գործնական տրամադրված 5-6 կուսակցություններ կմշակեն ծրագիր, թիմ եւ կներկայանան հանրությանը»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա մանրամասնեց, որ ընդդիմադիրների հանդիպումը ընդամենը մտքերի փոխանակության համար էր, եւ ինքն այդ հանդիպումները չի ծրագրել որպես հակաիշխանական թեւի հանդիպումներ: Առաջին հանդիպմանը մասնակցել է 7 քաղաքական ուժի լիդեր՝ ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը մասնակցել է հեռակա, Պարույր Հայրիկյանի միջոցով: Մասնակիցների մեջ են Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արարատ Զուրաբյանը, Պարույր Հայրիկյանը եւ, բացառության կարգով, Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն «Ժառանգություն» կուսակցությունից Վարդան Խաչատրյանը: Բացառության կարգով, որովհետեւ Պարույր Հայրիկյանը նշում է, որ հանդիպումները պետք է լինեն բացառապես լիդերների հանդիպումներ: Ստեփան Դեմիրճյանի միջոցով հանդիպմանը հավանություն է տվել նաեւ Արամ Զավենի Սարգսյանը, ով չի մասնակցել, բայց կողմ է արտահայտվել հանդիպմանը: Հաջորդ հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, տեղի կունենա օգոստոսի երկրորդ կեսին: Պարույր Հայրիկյանը նշում է, որ մասնակիցների ցանկն ակնհայտորեն ընդլայնվելու է: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցելու դրական ցանկություն են արտահայտել «Իմպիչմենտ» դաշինքը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը. «Պետք է մասնակցեն մարդիկ, ովքեր պատրաստ են լսել ուրիշների տեսակետը եւ տեսակետ արտահայտել: Այսինքն՝ նրանք, ովքեր չեն գալիս ասելու՝ ես բացառում եմ այսինչ բանը: Որովհետեւ, եթե որեւէ մեկը բացառում է ինչ-որ բան, ապա բացառվում է նաեւ նրա մասնակցությունը հանդիպմանը: Եվ պետք է մասնակցեն առաջին դեմքերը, որպեսզի ջուր ծեծոցի չլինի»: Այս հանդիպումների համար դուռը փակ չեն պահում նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի համար: Ի դեպ, այս գործիչներն առաջին հանդիպմանը չէին հրավիրվել, եւ Պարույր Հայրիկյանը ուղղակի չէր էլ ուզել, որ Վազգեն Մանուկյանը մասնակցի: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչո՞ւ է պարոն Հայրիկյանը նման ցանկություն հայտնել: Ըստ Հայրիկյանի, այս գործիչները չեն հրավիրվել, քանի որ հայտարարել էին, թե, բացի իրենցից, միասնական այլ թեկնածուի մասին խոսակցություններն անիմաստ են: «Իրենք ասել են, որ ոչ մի միասնության չեն հավատում, բացի իրենցից: Հիմա ինձ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ Վազգեն Մանուկյանն ավելի մեղմ է արտահայտվում: Ես ողջունում եմ դա, ես սիրով կլսեմ իր տեսակետը եւ իմն էլ իրենց կփոխանցեմ: Ես դուռ փակող չեմ»,- ասում է Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, հանդիպողների շարքում կան մի քանի կուսակցություններ, որոնց միավորվելու դեպքում կարելի է ակնկալել ընտրողի ձայների 60 տոկոսը: ԱԻՄ նախագահը գտնում է, որ միասնական թեկնածուի գաղափարին պետք է նախորդի միասնական ծրագրի եւ թիմի գաղափարը, իսկ թեկնածուն պետք է լինի այդ ծրագրի եւ թիմի ներկայացուցիչը: Ծրագրի առանցքում, ըստ նրա, պետք է լինի Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավար պետությունը դարձնելը (այս միտքը կրկնեց մի քանի անգամ), քանի որ ժողովրդավարությունը, ըստ ԱԻՄ նախագահի, ավելի ուժեղ է նավթից, գազից եւ այլ հանածոներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել