Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի համար իրար են ծեծում

Օգոստոս 03,2007 00:00

Արթիկում ջրի բացակայությունը անասունների եւ մարդկանց թունավորումների պատճառ է դառնում

Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի անասունների մեծ մասը վարակվել է դաբաղով: Այս գյուղի անասուններին հիվանդությունն անցել է ջրի միջոցով:

Գյուղի բնակիչների ներկայացմամբ, «Շիրակջրմուղկոյուղին» խմելու ջուրը օրերով կտրում է, ինչի պատճառով էլ գյուղացիները ստիպված են լինում իրենց անասուններին հասցնել գյուղից դուրս գտնվող «ճիճվոտ առվակը»: Իսկ այդ առվակից, ըստ բնակիչների, ջուր են խմում նաեւ հարեւան Հոռոմ գյուղի անասունները, որոնք արդեն քանի ամիս է՝ տառապում են դաբաղով: Մեզ հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ ձմռանը ջրամատակարարումը շուրջօրյա է. «Ջրմուղն» իր կեղտոտ խաղերը սկսում է շոգերն ընկնելուն պես: Նախատեսված գրաֆիկի փոխարեն գյուղին ջուր մատակարարվում է ընդամենը կես ժամ: Մինչեւ դույլերը հասցնում ենք ծորակին՝ ջուրը կտրվում է»:

Հայրենյացի բնակիչները ջուր ստանալու որեւէ այլընտրանք աղբյուր չունեն. «Եթե սխալվես էս բուսականությունից զուրկ գյուղում մի ծառ տնկես ու ուզես ջրել, չես կարող: Մեր գյուղը զուրկ է նաեւ ոռոգման ջրից»:

Ոռոգման ջրի բացակայության պատճառով էլ գյուղի բնակիչները միայն հացահատիկային բույսեր են ցանում: Գյուղացիները նաեւ դժգոհեցին, որ «Ջրմուղն» իրենց հարկադրում է ջրի վարձը մուծել ոչ թե սպառածի չափով, այլ՝ անձերի քանակով: Պատասխանատուները հրաժարվում են գյուղում ջրի հաշվիչներ տեղադրել՝ եւ գյուղի կենտրոնական հաշվիչի վրա եկած գումարը բաժանում են ընտանիքների անձերի քանակի վրա, որն էլ, ըստ նրանց, անչափ թանկ է: Գյուղի բնակիչների խոսքերով, «Շիրակջրմուղկոյուղին» ջուրը միտումնավոր է անջատում, որպեսզի գյուղացիները այն չծառայեցնեն դաշտ ու արտ ջրելուն: Այս պատճառով գյուղում բազմաթիվ վեճեր են ծագել ջրամատակարար ընկերության ու ջրագողերի միջեւ:

Արթիկի Շինարարների ու Սասունցի Դավիթ փողոցների շենքերի բնակիչներն էլ «Առավոտին» դժգոհեցին, որ իրենց ծորակներից «կասկածելի բաղադրության» ջուր է գալիս. «Մեր ծորակից ավազ ու որդեր են թափվում, բայց ջրամատակարարներին դա ամենեւին էլ չի մտահոգում»:

Այդ թաղամասում 3 տարի առաջ հարյուրավոր մարդիկ վարակվել էին ջրից եւ թունավորումով տեղափոխվել հիվանդանոց: Այդ դեպքից հետո «Ջրմուղը» պարտավորվել էր վերոհիշյալ հասցեների շենքերն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: Արթիկցիների բողոքներին ի պատասխան, «Ջրմուղից» պատճառաբանում են, որ մաքրման պոմպակայաններ չկան: «Պետք է վարակվենք-մեռնենք՝ նո՞ր տեղադրեն մաքրման կայանները»,- վրդովված ասում են նշյալ հասցեների բնակիչները:

Մեզ այդպես էլ չհաջողվեց լսել «Շիրակջրմուղկոյուղու» տնօրեն Վարդան Հովսեփյանի պարզաբանումները, քանի որ նա երկու օր շարունակ աշխատավայրում չէր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել