Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ

Օգոստոս 03,2007 00:00

Երեկ երեկոյան, ժամը 18:40-ի սահմաններում, Աջափնյակ համայնքի Գ. Հակոբյանց փողոցում փոխհրաձգություն է եղել: Այս հերթական «ռազբորկան», մեր տեղեկություններով, տեղի է ունեցել «Շանթ պլյուս» ՍՊԸ նախագահ Մանվել Ղարիբյանի եւ նրա հարազատ եղբոր՝ իրենց համատեղ բիզնեսում փայատեր Յուրա Ղարիբյանի ու նրանց կողմնակիցների միջեւ: Շարժառիթը փողն է ու բիզնեսը կիսել չկարողանալը:

Ըստ մեր տեղեկությունների, կան նաեւ տուժածներ: Փոխհրաձգությամբ ավարտված «ռազբորկան» սկսվել է գործարանին հարող փողոցում, հետո տեղափոխվել «Շանթի» տարածք: Մեր թղթակցին, որը փորձել էր նկարել գործարանի տարածքում կուտակված ՀՀ ոստիկանության եւ դատախազության պետհամարանիշներով ծառայողական ու ավելի քան մեկ տասնյակ մասնավոր պետհամարանիշներով արտասահմանյան մակնիշի մեքենաները, գործարանի տարածքում գտնվողներից մեկը թույլ չէր տվել եւ անգամ փորձել էր լուսանկարչական ապարատը վերցնել: Նա ներկայացել էր Սամվել անունով եւ ասել էր, թե, իբր, Ղարիբյանների կրտսեր եղբայրն է եւ ոստիկանության անունից լիազորված է ասել, որ ոչ մի կրակոց չի եղել, եղել է քաշքշուկ: Իհարկե, գործարանին հարող տարածքում հավաքված շարքային քաղաքացիներից մի քանիսը մեր հարցադրմանն ի պատասխան ասացին, որ կրակահերթեր եղել են, եւ իմանալով, որ լրագրողներ ենք՝ ափսոսանք հայտնեցին, որ մի կես ժամ շուտ չենք եկել՝ «մենակ տենայիք, ինչ զենքով ասես կրակում էին»: Կատարվածը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մասում հերքեցին, թեեւ գործարանի տարածքում մեր եղած ժամանակ այնտեղ էր նաեւ Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդիկ Ավետիսյանը (լուսանկարում՝ մեջքով): Նա գլխավորում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, որը ժամանել էր դեպքի վայր:

«Առավոտի» աղբյուրների ասելով, հարազատ եղբայրների միջեւ «ռազբորկան» վաղուց էր հասունացել եւ սպասելի էր: Թերեւս, նրանց միջեւ եղած այդ տարաձայնություններն են պատճառը, որ գործարանում աշխատողներից մեկ-երկուսի վկայությամբ, «Շանթն» արդեն շուրջ մեկ շաբաթ չի աշխատում, աշխատողները պարապուրդի մեջ են: Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Շանթ պլյուսի» «կռիշան» ինքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է:

Արդեն ուշ երեկոյան ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրավապահներն այս դեպքը առաջիկայում մտադիր են ներկայացնել իբրեւ գործարանի 4 աշխատակիցների միջեւ գազային ատրճանակով հարցեր պարզելու թեթեւ միջադեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել