Լրահոս
Օրվա լրահոսը

Բացատրեք, թե ինչու եք մերժել

Օգոստոս 03,2007 00:00

ԶԼՄ-ների ներկայացուցիչներն առաջարկում են Հովհաննես Հունանյանին պատճառաբանել, թե ինչու են մերժել ազատ արձակել Արման Բաբաջանյանին:

«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական կազմակերպությունն անցկացնում է լսումների շարք՝ նվիրված Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների իրավիճակին: Եվ այս շարքում առաջինը երեկ «Պրեսսինգ» ակումբում խոսքի ազատությանը նվիրված քննարկումն էր, որին մասնակցեցին ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ իրավապաշտպաններ: Թեեւ անդրադարձ եղավ «Ազատություն» ռ/կ-ին եւ «Ցայգ» հեռուստաընկերությանն առնչվող վերջին զարգացումներին, բայց քննարկումը հիմնականում ընթացավ «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործի շուրջ: Թերթի խմբագիր Արմինե Օհանյանը հանգամանալից ներկայացրեց այն փաստարկները, որոնք վկայում են, թե Արման Բաբաջանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Ասենք, հայտնեց, որ իրավապահ համակարգի մի բավական բարձրաստիճան աշխատակից առաջարկ է արել Արման Բաբաջանյանին՝ «եթե թերթը փակես, քեզ ազատ կարձակենք»:

Քննարկման մասնակիցները ստորագրեցին մի հայտարարության ներքո, որում ասված է, թե դատելով Արման Բաբաջանյանի նկատմամբ «ծավալված քրեական հետապնդումից, նախաքննության եւ դատաքննության ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ այս հետապնդումը քաղաքական շարժառիթներ է պարունակում եւ թելադրված է Ա. Բաբաջանյանի մասնագիտական գործունեությունը սահմանափակելու մտադրությամբ։ Միայն այն փաստը, որ նրան հնարավորություն չտրվեց զինծառայությունից խուսափած մյուս անձանց նման վճարել համապատասխան տուգանքը եւ ազատվել քրեական հետապնդումից, վկայում է այն մասին, որ Ա. Բաբաջանյանի նկատմամբ կիրառվել է խտրական մոտեցում։ Այս եզրակացությունը եւս մեկ անգամ հաստատվեց վերջերս, երբ «Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը» մերժեց նրա՝ պատժաչափի մեկ երրորդը կրելուց հետո պայմանականորեն ազատ արձակելու միջնորդությունը։ Մինչդեռ կալանավայրի ադմինիստրացիան Բաբաջանյանին դրական բնութագիր էր տվել, սա նրա առաջին դատվածությունն էր, նա առողջական խնդիրներ ուներ, եւ ակնհայտ էր, որ պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրական իրավունքը պետք է առաջին հերթին տարածվի նրա վրա։ Կրկին անգամ արձանագրելով լրագրողի, խմբագրի նկատմամբ կիրառվող ապօրինի հետապնդման փաստը, կոչ ենք անում լրագրողական կազմակերպություններին, միջազգային հանրությանը միանալ մեր պայքարին՝ հանուն ազատ խոսքի պաշտպանության»։

Նշենք, որ «ԱրմենիաՆաուի» մեկնաբան Վահան Իշխանյանը նշեց, թե նման հայտարարություններն ընդամենը լիցքաթափման միջոց են. «Գուցե ավելի կազմակերպված պայքար պիտի ծավալվի»: Իսկ ներկա իրավապաշտպաններից մեկն առաջարկեց Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամների տների մոտ ցույցեր անել եւ նրանց հարեւաններին տեղեկացնել, որ իրենց կողքին ապրողը բանտում է պահում լրագրողի: Առաջարկեցին նաեւ քննարկման հրավիրել այդ հանձնաժողովի ղեկավար, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին, որ նա ներկայացնի միջնորդության մերժման հիմքերը: Եվ վերջապես՝ առաջարկ եղավ խնդրել Մարդու իրավունքների պաշտպանին, որ նա դիմի ՍԴ՝ այդ հանձնաժողովի ստեղծման սահմանադրականության հարցով:

Հոկտեմբերին Արման Բաբաջանյանը դարձյալ պիտի դիմի ազատ արձակվելու համար: Սակայն ինչպես հայտնեց Արմինե Օհանյանը՝ ականատեսների վկայությամբ, նախորդ քննարկման ընթացքում Հովհաննես Հունանյանի առջեւ դրված ցուցակում արդեն իսկ ֆլոմաստերով նշված է եղել Արման Բաբաջանյանի անունը՝ թերեւս առանձնացնելու համար այն անձին, որին անպայման հարկավոր է մերժել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել