Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՏԱԼԻՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԺԽՏՈՒՄ, ԹԵ ՈՒՆԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Օգոստոս 03,2007 00:00

\"\"Քաղաքական հնչեղություն ստացած գործերին առնչվող վերջին զարգացումները մեկնաբանում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

– Հուլիսի 30-ին մեղադրող Արթուր Մկրտչյանը միջնորդեց դատարանին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 3, Վարդան Մալխասյանին՝ 2,5 տարվա ազատազրկման՝ նաեւ հետեւյալ հիմնավորումը ներկայացնելով. «Ճիշտ է, Սեֆիլյանի ելույթում հրապարակային ուղղակի կոչեր չկան, բայց նրա ելույթը Մալխասյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է»: Այսպես, Վարդան Մալխասյանն ասել է. «Սրանց դեմ պայքարում միջոցների մեջ խտրականություն չպետք է դնել», իսկ Սեֆիլյանը հաստատել է: Ձեզ հայտնի՞ է նման նախադեպ, որ 301 հոդվածով պատասխանատվության ենթարկեն միայն նախորդ հռետորի ասածը հաստատելու համար:

– Նախ, աննախադեպ երեւույթ է այն, որ Հայաստանում պատասխանատվության ենթարկեն 301 հոդվածով, որ վերաբերում է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերին: Ի տարբերություն մյուս քաղաքական բանտարկյալների, որոնց քրեական տարբեր հոդվածներով են մեղադրում, բայց քաղաքական ենթատեքստ կա այդ գործերում՝ սա հստակ քաղաքական հոդված է: Եվ այն շատ նման է ինչպես Թուրքիայի Քրեական օրենսդրության 301 հոդվածին, այնպես էլ Խորհրդային Միության՝ հակախորհրդային ագիտացիայի մասին հոդվածին: Նման հոդվածը ցանկացած պահի կարող է կամայական կիրառվել ամեն մի քննադատության, իշխանության նկատմամբ ցանկացած դժգոհության դեպքում՝ կախված ռեժիմի այդ պահի նպատակահարմարությունից տվյալ անձի նկատմամբ:

Իսկ այն, որ նույնիսկ այս պայմաններում մեղադրող կողմը կարծես ընդունում է, թե Ժիրայր Սեֆիլյանի ասածում չկա կոչ, բայց այն Մալխասյանի ելույթի «տրամաբանական շարունակությունն» է՝ արդեն իրավաբանական նոնսենս է: Բայց նման նախադեպ եղել է 1997-ին, երբ զանգվածային անկարգությունների վերաբերյալ հոդվածով մեղադրվում էին քաղաքական մի շարք գործիչներ: Այդ հոդվածով հստակ սահմանվում է, որ կարող են պատասխանատվության ենթարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչները՝ որեւէ գործողություն անողը, այսինքն՝ ջարդողը, այրողը եւ այլն: Այն ժամանակ մեղադրվողների մեջ գրեթե չկային այդպիսիք: Եվ հիշում եմ, որ մեղադրող կողմն այսպես հիմնավորեց՝ «Իհարկե, մենք որեւէ ապացույց չունենք, թե նրանք որեւէ գործողություն են արել: Բայց նրանք հո այնտեղ չէի՞ն գնացել սուրճ խմելու համար: Կամ էլ, մթության մեջ հավանաբար նրանց չեն տեսել»: Ավելին, Հայաստանի ճանաչված իրավաբաններից մեկն էլ ասաց. «Ճիշտ է, Քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատիժ մասնակցի համար, բայց դա օրենքի բացն է, եւ մենք ամեն դեպքում պետք է դատենք»:

Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում դատաիրավական համակարգն անկախ չէ գործադիր իշխանությունից եւ կատարում է պատվեր: Ուստի նույնիսկ բավական բարձր որակավորում ունեցող իրավաբանները երբեմն հիմար վիճակի մեջ են ընկնում ու նման անհեթեթ բաներ ասում:

– Երբ առանձին կազմակերպություններ Արման Բաբաջանյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին հայտարարում են քաղբանտարկյալ՝ իշխանավորները մատնանշում են նրանց գործերից քրեական դրվագներ եւ պնդում, թե ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ:

– Աշխարհի անգամ ամենաբռնապետական, տոտալիտար պետությունն էլ չի ընդունում, թե ունի քաղբանտարկյալներ: Բելառուսի, Ուզբեկստանի կամ Թուրքմենիայի նախագահները նույնպես իրենց քաղբանտարկյալներին ներկայացնում են իբրեւ քրեական հանցագործների: Ասենք, Ուզբեկստանը միշտ իր քաղբանտարկյալներին ներկայացնում է իբրեւ ահաբեկիչներ կամ իսլամիստ ծայրահեղականներ: Կարելի է զուգահեռ անցկացնել նաեւ Խորհրդային Միության ժամանակաշրջանից: Այլախոհներին շատ հաճախ դատում էին զուտ քրեական գործերով՝ կեղծ կռիվ, սուտ մատնություն սարքելով: Հայաստանի քաղբանտարկյալներից մեկին, ասենք, ժամանակին դատապարտել էին բռնաբարության փորձի համար:

Քաղբանտարկյալ ճանաչում է հասարակությունը: Բացի այդ՝ կան նաեւ «Amnesty International»-ի սահմանումները, ըստ որոնց՝ անկախ նրանից, թե ինչ հոդված է կիրառվել, եթե անձը դատապարտվում է քաղաքական գործունեության համար՝ համարվում է քաղաքական կամ խղճի բանտարկյալ: Եվ այս տեսանկյունից՝ բոլոր չափանիշներն առկա են այդ 4-ին ընկալելու իբրեւ քաղբանտարկյալներ:

– Հուլիսի 30-ին մի քննարկման ընթացքում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հայտնեց. «Իմ ձեռքի տակ են երկու ծանուցագիր, որոնցով «Պանդոկ» ռեստորանի բարմեն Հայկ Մելքումյանը եւ մատուցողուհի Մարինե Գրիգորյանը կանչվել են քննիչի մոտ, իբր, Լեւոն Գուլյանի գործով, սակայն պարզվել է, որ այնտեղ փորձել են նրանց վրա ճնշում գործադրել, որ ցուցմունք տան Հելսինկյան ընկերակցության եւ նրա ղեկավար Միքայել Դանիելյանի վրա»: Սրա նախադեպը կա՞, որ փորձ անեն սուտ մատնություն կազմակերպել նաեւ իրավապաշտպանի նկատմամբ:

– Եթե հիշողությունս չի դավաճանում, սա իրոք նման առաջին դեպքն է: Բայց որ քաղաքական գործիչների, փաստաբանների նկատմամբ փորձեր եղել են՝ կարծես կողքից գործ հարուցելու, դրա օրինակները շատ են: Կարելի է հիշել, ասենք, առանձին քաղաքացիների, որոնք ԶԼՄ-ներին հայտնել են, թե իրենց ահաբեկել են, որ քաղաքական գործիչների դեմ ցուցմունք տան: Չգիտեմ էլ, թե այս ամենին ինչ գնահատական կարելի է տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել