Ըստ հայ պատգամավորի, այդքան կարճ խոսելու համար հարկավոր է շատ երկար մտածել
Յոհաննեսբուրգի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամները այսուհետեւ պիտի իրենց ելույթները ամփոփեն 4 վայրկյանի ընթացքում: Այսպես է որոշել 1994 թվականի առաջին ոչ ռասսայական ընտրություններից ի վեր կառավարող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պատգամավորներին ելույթի համար ժամանակ է տրամադրվելու՝ ըստ խմբակցության անդամների քանակի: Ընդդիմադիրների համար ելույթի տեւողությունը սկսվում է 4 վայրկյանից (ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի համար՝ 2,5 րոպե): «Աֆրիկյան ազգային կոնգրեսը» ներկայացնող պատգամավորներին ելույթի համար կտրամադրվի 9 րոպե:
Յոհաննեսբուրգի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամները, բնականաբար, դժգոհ են այս որոշումից. «Սրանով «Աֆրիկյան ազգային կոնգրեսը» փորձում է լռեցնել մեզ,- ասել է ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը:- Եթե նման գործելակերպը արմատավորվի եւ տարածվի մյուս քաղաքներում, մենք ավելի ու ավելի կմոտենանք միակուսակցական երկիր դառնալուն»:
Մենք արդեն խոստացել էինք այս տեղեկության մասին ներկայացնել նաեւ հայ պատգամավորների կարծիքը: Ուզում էինք հասկանալ՝ մեր խորհրդարանի որոշ պատգամավորներ ի զորո՞ւ են այդքան կարճ ժամանակում մտքեր արտահայտել, քանի որ տարիների ընթացքում համոզվել ենք, որ մեր պատգամավորները հիմնականում զբաղված են շատախոսությամբ եւ էական կամ հիմնական մտքերը սովորաբար մոռանում են արտահայտել իրենց երկարաշունչ ելույթների ընթացքում: Սովորաբար, ԱԺ նիստը վարող խորհրդարանի նախագահը կամ փոխնախագահները ստիպված են լինում սեղմել լռեցնելու կոճակը եւ պատգամավորներին հիշեցնել Կանոնակարգ-օրենքը, ըստ որի՝ չի կարելի շատախոսել, հարկավոր է տեղավորվել ժամանակացույցի մեջ: Իշխող կուսակցության՝ Հանրապետականի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ուղղակի զարմացավ՝ մեզնից լսելով այս տեղեկությունը եւ անկեղծորեն ասաց, որ Հայաստանում նման բան ուղղակի անհնարին է, քանի որ մերոնք ուղղակի պաշտում են խոսելը: Նաեւ որպես իրավաբան նկատեց, որ դա, այո, խոսքի իրավունքի սահմանափակում է. «Այդքան կարճ խոսքը լակոնիկ ոճին է հատուկ, սակայն 4 վայրկյանում միտք արտահայտելու համար հարկավոր է մտածել եւ նախապատրաստվել ժամեր շարունակ, մեզանում ո՞վ է ի վիճակի ժամեր մտածել՝ 4 վայրկյան խոսելու համար»: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ ոչ ոք: Ավելի ուշ պարոն Պետրոսյանը խնդրեց ճշտել՝ գուցե վայրկյան ասելով հարավաֆրիկացիները նկատի ունեն րոպե՞ն: Ճշտեցինք՝ հենց վայրկյանն էլ («սեկունդա») նկատի ունեն:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որ եւս հայտնի է որպես երկար եւ հանգամանալից ելույթների հեղինակ, ամենեւին չզարմացավ շատախոսության հանդեպ հարավաֆրիկացիների այսքան կոշտ դիրքորոշումից եւ իր կողմից էլ հուշեր պատմեց նույն Յոհաննեսբուրգից: Պարզվում է 2002-ին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը, Շավարշ Քոչարյանը եղել են նույն Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ մի շարք հետաքրքիր, էկզոտիկ հանդիպումներ են ունեցել: Այսպես՝ նախատեսված ժամին աֆրիկացի պատգամավորի ուղեկցությամբ մերոնք հայտնվում են նշանակված տեղում, որտեղ պետք է հանդիպեին խորհրդարանի նախագահի հետ: Նախագահը ուշանում էր, եւ սանդալներով, խալաթանման ճերմակ հագուստով աֆրիկացի օրենսդիրի հետ մերոնք որոշում են մի քիչ զրուցել, որ ժամանակն անցնի: Վիկտոր Դալլաքյանը հարցնում է այս ճերմակազգեստ պատգամավորին. «Ձեզ մոտ ինչպե՞ս է ընտրվում նախագահը, սկզբունքը ո՞րն է»: Սեւամորթ պատգամավորը ուղղակի զարմանում է այս հարցից եւ դեմքի խիստ ապշահար արտահայտությամբ ասում. «Ճիշտն ասած, ես կարտոֆիլի դաշտեր ունեմ, հողեր ունեմ, կարտոֆիլի մասին ինչ ուզում եք՝ հարցրեք, մնացածից ես չեմ հասկանում, ես խաբար չեմ»: Հայ պատգամավորները հիանում են աֆրիկացու անկեղծությամբ եւ այն իրողությամբ, որ մարդը ոչ էլ ձեւեր թափեց, թե ինքը ինչ-որ բան է հասկանում՝ կարտոֆիլից բացի: Վիկտոր Դալլաքյանի բացատրությունը սա էր՝ «իրենց համար (նկատի ունի հարավաֆրիկացիներին) այդ 4 վայրկյանն էլ բավական է, իսկ մեր խորհրդարանը իրենցի համեմատ ուղղակի կլասիկ խորհրդարան է, մեր ո՞ր կարտոֆիլագործ պատգամավորին հարցնես եւ չասի, թե ինչպես է ընտրվում երկրի նախագահը, բա դա իրենց համար հա՞րց է»:
Այս ամենը Վիկտոր Դալլաքյանը «Առավոտին» հայտնեց հեռախոսով եւ խոսեց 6 րոպե: