Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվեց հերթական «Թայֆունը»

Օգոստոս 02,2007 00:00

Տնօրենն ու նրա պարսիկ ամուսինը մշտական հաճախորդներին ապահովում էին մարմնավաճառներով

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինն ավարտել եւ օրեր առաջ դատարան է ուղարկել «Լիլիթ Սուջյան» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Սուջյանի ու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սոհեյլ Քուլաջիի դեմ հարուցված քրեական գործը:

Պարզվել է, որ նրանք Երեւանի Սայաթ-Նովայի 27 հասցեում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկում, այնուհետեւ 2007թ. ապրիլից՝ Փարաքար -Թաիրով, Ազնավուրի 25 հասցեում կազմակերպել եւ իրականացրել են արեւելյան ոճի «Թայֆուն» գիշերային դիսկո-ակումբի գործունեությունը, որը, սակայն, բավականին հեռու էր «դիսկո» ոճի պարերից:

Սոհեյլ Քուլաջին նախկինում մարմնավաճառների հավաքատեղի ծառայող մեկ այլ՝ «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող հայ աղջիկների հետ եւ նրանց առաջարկել «ծառայել» «Թայֆուն» գիշերային ակումբում՝ ազգությամբ պարսիկ հաճախորդների համար: Ըստ քրեական գործի նյութերի, Քուլաջին խոստացել էր նրանց մուտքի անվճար իրավունք, անվտանգության ապահովում եւ «արտոնյալ այլ պայմաններ»:

Տնօրեն Լ. Սուջյանն ու Սոհեյլ Քուլաջին հավաքագրել էին հայտնի մարմնավաճառների՝ Հ. Հ.-ին, Լ. Խ.-ին, Մ. Կ.-ին, Մ. Թ.-ին, Ի. Դ.-ին, որոնք հաճախում էին «Թայֆուն» գիշերային ակումբ: Նրանց առաջարկվում էր որոշակի գումար: Իրանից եկած զբոսաշրջիկներն էլ պարապ ու տխուր չէին մնում: Ըստ քննչական վարչության, Լ. Սուջյանի եւ Սոհեյլ Քուլաջիի խնդրանքով, հայ մարմնավաճառները՝ «մինչ պարսիկ հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեկ այլ վայր հեռանալը, աշխատել են հնարավորինս երկարաձգել ակումբում գտնվելու եւ զվարճանալու ժամանակը, որպեսզի վերջիններս (հաճախորդները) այդ ընթացքում ավելի շատ գումար ծախսեն, ապահովելով ակումբի եկամուտը»:

Նախաքննական մարմնի տեղեկացմամբ, «Թայֆուն» գիշերային ակումբը 2007թ. ապրիլից Երեւանի Սայաթ-Նովայի 27 հասցեից տեղափոխվել էր՝ բնակելի շենքի տարածքում մարմնավաճառների եւ նրանց հետ ծանոթանալու համար հավաքվող այլազգի տղամարդկանց մշտական ներկայությունը չհանդուրժող բնակիչների բազմաթիվ բողոքներից եւ այդ առթիվ լրատվամիջոցների հրապարակումներից հետո: Հիշեցնենք, որ մեր թերթը նույնպես անդրադարձել է խնդրին («Առավոտ», 08.02.2007թ.):

Պարզվել էր նաեւ, որ Սոհեյլ Քուլաջին 2004թ. հոկտեմբերի 14-ին Իրանից Երեւան ժամանելիս «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսային հսկողությունից թաքցնելով, մաքսանենգ ճանապարհով Հայաստան է փոխադրել «կոդեին» տեսակի թմրամիջոց, պահել եւ առանց բժշկի թույլտվության գործածել է այն, ինչպես նաեւ օգտագործման նպատակով տվել է Լիլիթ Սուջյանին, ապօրինի իրացրել է «կոդեին» տեսակի թմրամիջոց:

Մարմնավաճառ Ի.Դ.-ի ցուցմունքով՝ ինքը 2 տարի է զբաղվում մարմնավաճառությամբ: 2006թ. գարնանը հաճախել է «Թայֆուն» գիշերային ակումբ՝ «փողով սեռական հարաբերություն ունենալու համար»: Նրա տեղեկացմամբ, մարմնավաճառությամբ են զբաղվել նաեւ ակումբի պարուհիներն ու մատուցողուհիները:

Բիզնեսին զուգահեռ, Սոհեյլը իր հաճույքների մասին էլ չէր մոռանում եւ սեռական հարաբերություններ է ունեցել մարմնավաճառներից մի քանիսի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել