Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Օգոստոս 02,2007 00:00

\"\"Թեեւ ԿԳ նախարարը գոհ է քննական հանձնաժողովներից

Երեկ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այցելեցին Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոն: Ըստ վերջինիս տրամադրած տվյալների, եթե բողոքարկումները 2006-ին կազմել են 5,9%, ապա 2007-ին՝ 3,54 %, իջեցված գնահատականները նույն հարաբերակցությամբ՝ 0,05 % եւ 0,36%: Բարձրացված գնահատականները՝ ամենաշատը կենսաբանություն՝ 45%, եւ գերմաներեն՝ 35%, առարկաներից են, ամենաքիչը՝ հայ ժողովրդի պատմությունից ու մաթեմատիկայից՝ 10%, իջեցված գնահատականները հիմնականում գերմաներենից են՝ 5%, ավելի պակաս՝ հայ ժողովրդի պատմությունից: Պարզվում է, հետաձգումները անցյալ տարվա 3,5%-ի համեմատությամբ, այս տարի 2-ից պակաս են:

Նախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ քննաշրջանն արդեն կիսվել է ու գրանցված արդյունքների հիման վրա արդեն կարելի է ինչ-ինչ եզրակացություններ անել: Նրա ձեւակերպմամբ. «Բոլոր առարկաների գծով հիմնականում միջին միավորներ են ստացվել, ինչը հնարավորություն կտա մեղմել մրցույթը…Արտառոց կամ աժիոտաժային միջադեպեր չեն գրանցվել»:

Ըստ նրա, եթե անցյալ տարի պահանջարկ չէին վայելում էներգաուղղվածության ֆակուլտետները, անգամ թափուր տեղեր կային որոշ բուհերում, ապա այս տարի պատկերը փոխվել է հատկապես Ճարտարագիտական համալսարանում: «Հաջող ցուցանիշներ են նկատվել ռադիոֆիզիկայի ուղղվածությամբ: Ինչ-որ առումով «ԱրմենՏելի» եւ «Վիվա-Սելլի» շուկան էլ է ազդում այդ եւ հարակից մասնագիտությունների հեղինակության վրա»,- նշեց նախարարը: Նա խոսեց նաեւ կրկնակի բողոքարկման դեպքերի սակավության, ֆիզիկայից, քիմիայից «անբավարարների» մեծ թվի եւ այլնի մասին. «Ֆիզիկա, քիմիա առարկաներից գրանցված ցածր արդյունքները փաստում են, որ շատ անելիքներ ունենք դպրոցում: Երեխաները կամ շատ բարձր են ստանում ռեպետիտորների շնորհիվ, կամ՝ միջինից ցածր: Բարձր չեն օտար լեզուների, հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննությունների արդյունքները… Առարկայախմբեր կան, որոնց շտեմարանային վիճակը վաղուց իրեն սպառել է: Խոսքը հատկապես օտար լեզուներին է վերաբերում: Այս տարի գոնե մինչեւ հոկտեմբեր պետք է կարողանանք սեղանի վրա ունենալ դրանց ուղեցույցները, մշակել թեստային կառուցվածքները»:

«Առավոտի» հարցին՝ հանձնաժողովների նախագահների մեծամասնությունը չի փոխվել եւ դա տարաբնույթ մեկնաբանությունների ու մտահոգությունների տեղիք է տալիս, ի՞նչ է մտածում այդ ուղղությամբ նախարարը, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Օրինակ, մաթեմատիկայինը, քիմիայինը, ֆիզիկայինը, ռուսերենինը փոխվել են: Նույնն են մնացել հայոց պատմություն, ֆրանսերեն, անգլերեն գրավոր եւ բանավոր, կենսաբանություն առարկաների հանձնաժողովների նախագահները… Միանգամից բոլոր հանձնաժողովների նախագահների փոփոխությունը իբրեւ գնահատական կընկալվեր նախորդ տարվա քննությունների վերաբերյալ, մինչդեռ մենք գոհ ենք: Իսկ այն փոփոխությունները, որ արել ենք, էլի չեն նշանակում, թե դժգոհ էինք նրանցից, ովքեր այլեւս նախագահ չեն: Իհարկե, ճիշտ կլինի, որ ամեն տարի նոր թիմ գա, որը կկարողանա պահել ավանդույթները: Շատ կարեւոր է, որ ստուգման չափանիշները տարեցտարի կտրուկ չտարբերվեն իրարից, դրա համար՝ որտեղ փոփոխություններ ենք արել, տեղակալներին նույնն ենք թողել»:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանն էլ հավելեց, որ ամեն օր ժամը 16-ից դիմորդները կարող են տեղեկանալ իրենց գնահատականների մասին՝ ընդամենը այցելելով www.gtech.am կայք:

Պրն Թոփչյանը փաստեց, որ ամենաշատ բողոքարկումները անգլերեն, քիմա, կենսաբանություն, մաթեմատիկա առարկաներից են, ամենաքիչ բողոքարկվողները՝ ընդհանուր պատմությունը, ստեղծագործական մրցույթը, ֆիզիկան: Նա նշեց, որ այս տարի գնահատականների իջեցումների, հատկապես 2-ների աճի միտում կա. «Օրինակ, Ճարտարագիտականի դիմորդները շատացել են ու նրանց հետ 2-ների քանակն էլ է շատացել»: Ըստ Թոփչյանի, ամենաբարձր գնահատականներ են ստացել Երեւանի պետական համալսարան դիմածները, նրանց միջին միավորները 17-18 են. «Փաստորեն, համալսարան դիմում են ամենախելացիները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել