Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատում էի ծանրաբեռնված»

Օգոստոս 02,2007 00:00

«Առավոտի» հետ զրույցում Նաիրա Մելքումյանն այսպես բացատրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելը:

Այս տարվա հունիսի 20-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց իր հրաժարականը ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանին եւ ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից: Ն. Մելքումյանի հրաժարականը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Մասնավորապես, շրջանառվում էր այն վարկածը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատրաստված հուշամեդալների վրա «մրցանակ» բառը գրված էր «ձ-ով»: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ռ. Քոչարյանը այդ մեդալները հանձնեց մի շարք ավեստագետների: Այս առնչությամբ տիկին Մելքումյանն ասաց. «Մեդալներն արտադրվում են Լիբանանում եւ դրանք ստանում ենք հանձնումից 2 օր առաջ: Մենք տառասխալը նկատել էինք, սակայն դրանք հանձնեցինք այն մտադրությամբ, որ հետագայում հետ կվերցնենք եւ ուղղված տարբերակով մեդալները կհանձնենք: Ես չգիտեմ, միգուցե, արեւմտահայերենում մրցանակը ձ-ո՞վ է գրվում: Այնպես որ, այդ ամենն անլուրջ խոսակցություններ են»:

Ն. Մելքումյանի խոսքերով, այս տարիների ընթացքում հիմնադրամի աշխատանքային ծավալները 5 անգամ մեծացել են. «Մենք աշխատում ենք ե՛ւ շինարարական, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ ստեղծագործական ոլորտներում: Շատ ծանրաբեռնված էի, ես այս 4 տարիների ընթացքում ընդամենը 2 շաբաթ եմ հանգստացել: Նախագահին արդեն նախազգուշացրել էին, որ ուզում եմ հեռանալ, քննարկեցինք եւ որոշեցինք, որ հիմնադրամի առաջիկա նիստն ամենահարմար պահն է հրաժարականս ներկայացնելու համար»: «Առավոտի» հարցին, թե ծավալներն ավելանալու հետ մեկտեղ միգուցե պատասխանատվությունն էլ է մեծացել եւ հենց դա է նրա հրաժարականի պատճառը, տիկին Մելքումյանը պատասխանեց. «Չէ, այստեղ պատասխանատվության հարց չէ: Պարզապես ուզում էի հանգստանալ: Հիմնադրամն էլ աճող կառույց է եւ տարեցտարի աշխատանքի ծավալներն էլ են մեծանալու»:

Ըստ տիկին Մելքումյանի, իր հրաժարականի հետ կապված դժգոհություններ էլ են եղել. «Սակայն դժգոհելու բան չկա, բոլորն էլ գալիս են, աշխատում են ու հեռանում, դա նորմալ է: Կարծում եմ, հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը լրիվ համապատասխանում է իր պաշտոնին: Շատ լավ ճանաչում եմ նրան: Նա հայրենասեր է ու ազնիվ, այդ հատկանիշները շատ եմ կարեւորում այս պաշտոնի համար»:

Մեր հարցին՝ իսկ եթե Վահե Աղաբեկյանցը թերանա՞ իր աշխատանքում, Ն. Մելքումյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ նման բան չի լինի, սակայն ես անպայման կարձագանքեմ, քանի որ հիմնադրամը ինձ համար շատ հարազատ կառույց է: Նա նաեւ մենակ չի որոշում հիմնադրամի անելիքները, այդ ամենը որոշվում է հոգաբարձուների խորհրդի քննարկման եւ նվիրատուների նպատակային ծրագրերի հիման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել