Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՍԵՎ ԳՈՐԾԵՐԸ

Օգոստոս 02,2007 00:00

Ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ քաղաքում, այստեղ էլ քաղաքապետը շփոթում է «սեփական բուրդը պետականի հետ»:

Թեեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը արդեն քանի ամիս է՝ ազատվել է պաշտոնից, վերջերս աշխուժացել են նրա գործունեության վերաբերյալ խոսակցությունները: Բազմիցս գրվել է մամուլում, որ մարզի դատախազությունում պարոն Քոչինյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Մարզպետի անունը կապվում է մարզում ապամոնտաժված տարբեր տրամաչափի խողովակների վաճառքի հետ, ինչն էլ, ըստ որոշ տեղեկությունների, հանդիսացել է քրեական գործի հարուցման պատճառներից մեկը: Այդ առումով, ամենայն հավանականությամբ, Հ. Քոչինյանը համագործակցել է նաեւ Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանի հետ, քանի որ վերջինիս ղեկավարության օրոք վաճառվել են 1986-87թթ. անցկացված Գետիկի ջրամբարից Սպիտակ եկող եւ երբեք չօգտագործված խոշոր տրամաչափերի մոտ 20-30 կմ խողովակները: Այս երեւույթի արդյունքում խաբվածի կարգավիճակում են հայտնվել, մասնավորապես, այն սեփականատերերը, որոնց հողատարածքների միջով անցնում էին խողովակները, հողատարածքները փորելու դիմաց քաղաքապետը նրանց գումարներ է խոստացել, սակայն խողովակները հանելուց հետո դրանք չի վճարել: Վանիկ Ասատրյանի օրոք են ապամոնտաժվել ու վաճառվել նաեւ երկրաշարժից հետո՝ 1990-92թթ. անցկացված եւ դեռեւս չօգտագործված Էստոնական, Շվեյցարական եւ Գր. Լուսավորիչ թաղամասերի կոյուղագծերի խողովակաշարերը:

Ըստ Սպիտակի քաղաքապետարանի մի աշխատակցի, ով հասկանալի պատճառներով չցանկացավ հրապարակել անունը, վաճառված խողովակների եւ «Լինսի» միջոցներով կառուցված շենքերի բնակարանների վաճառքից գոյացած գումարը «ախպերափայ» չանելու պատճառով քաղաքապետը կոնֆլիկտ է ունեցել իր նախկին տեղակալ եւ աներորդի Գարիկ Դիլբարյանի հետ եւ վերջինիս ազատել է աշխատանքից:

Իսկ թե ինչ է կատարվել եւ կատարվում Սպիտակում, «Առավոտին» պատմում էին քաղաքի բնակիչները, ովքեր, մեղմ ասած, այդքան էլ գոհ չէին իրենց համայնքի ղեկավարի գործունեությունից: «Լինսի» հիմնադրամով կառուցված շատ շենքերի բնակիչներ իրենց դժգոհությունն էին արտահայտում քաղաքապետի այն գործարքներից, որոնց հետեւանքով իրենք զրկվում են իրենց բնակելի շենքի նկուղային մասերը օգտագործելու հնարավորությունից: Ըստ նորակառույց Եռանկյունի թաղամասի 7ա, 8ա, 9ա շենքերի բնակիչների, քաղաքապետը որոշումներ է կայացրել, որ նշված շենքերի նկուղային հատվածները նվիրաբերում է իր բարեկամներին (Արամայիս Ասատրյանին, որը քաղաքապետի քեռու տղան է, Մկրտիչ Խաչատրյանին՝ հորաքրոջ տղան է, Գագիկ Ասատրյանին՝ վարորդը եւ այլն): Բնականաբար, այս նվիրատվությունների արդյունքում համայնքի բյուջե գումար չի մտնում: Ըստ մեր աղբյուրի, ավագանին առանց ծանոթանալու հաստատում է քաղաքապետի ցանկացած որոշում, քանի որ ավագանու գրեթե բոլոր անդամները նրա բարեկամներն ու քաղաքապետարանի աշխատակիցներն են:

Սակայն, ի վերջո, այդ բոլոր «նվիրատվությունները» Վ. Ասատրյանը կատարում է ոչ թե բարեկամների նկատմամբ մեծահոգությունից, այլ սեփական շահերից ելնելով. այդ նկուղների տերը իրականում մնում է ինքը եւ միջնորդների օգնությամբ գտնում է գնորդներ, որոնց վրա դրանք մաս-մաս՝ որպես խանութների եւ սպասարկման օբյեկտների տարածքներ, վաճառում է մեկ քառակուսի մետրը $200-ով: Միայն թիվ 7ա շենքի բնակիչներն են կարողացել Սպիտակի առաջին ատյանի դատարանի որոշմամբ ետ վերցնել իրենց շենքի նկուղային մասը: Թեեւ քաղաքապետը դատարանի վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն մերժում էր ստացել:

Սպիտակ կատարած «Առավոտի» այցելության օրը քաղաքի փողոցներում տեղ-տեղ կատարվում էին փոսալցման աշխատանքներ, ինչը թվաց գոնե մի լուսավոր կետ եւ հոգատարության դրսեւորում համայնքի ղեկավարի կողմից: Սակայն ճանապարհաշինարարների հետ զրուցող տարեց սպիտակցիներից մեկը, որ, պարզվեց, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող ճանապարհաշինարար է, իր դժգոհությունն արտահայտեց կատարվող աշխատանքի որակի վերաբերյալ եւ ասաց, որ գործը «գլխառադ» են անում՝ առանց որակ ապահովելու: Նա մասնագիտորեն հիմնավորեց իր դժգոհությունը, այն, որ աշխատում են առանց մազութի, մեկ սմ-ից ավելի չեն լցնում խճաքար, ինչը չի կարող որակ ապահովել եւ «կարկատանը» երկար չի դիմանա: Սպիտակի քաղաքապետարանի մեր աղբյուրից, սակայն, տեղեկացանք, որ այդ անորակ աշխատանքի համար կառավարությունը համայնքին տրամադրել է քսան միլիոն դրամ: Իսկ քաղաքապետը, չցանկանալով աշխատանքները կատարել քաղաքի կամ մարզի որեւէ շինարարական կազմակերպության հետ, համաձայնության է եկել Աշտարակի «Ժեմմա» ՍՊԸ-ի հետ՝ աշխատանքներն իրականացնել գումարի հիսուն տոկոսով, մնացած գումարը թողնելով իրենց: Մինչդեռ Սպիտակը ճանապարհաշինության մեծ խնդիրներ ունի. շատ թաղամասեր, օրինակ՝ Ուզբեկական, Գր. Լուսավորիչ եւ այլն, քաղաքին կապվում են անանցանելի՝ քարուքանդ եւ քարքարոտ ճանապարհներով:

Սպիտակ քաղաք մեր այցելության օրը քաղաքապետ Վանիկ Ասատրյանը աշխատավայրում չէր, քաղաքապետարանի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ նա մեկնել է մայրաքաղաք՝ բուժման նպատակով: Այնուամենայնիվ, քաղաքապետի համար ցանկացած հարմար ժամանակ պատրաստ ենք ներկայացնել նրա պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել