Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»՝ «ԱՐ» ՌԱԴԻՈՅՈՎ

Օգոստոս 02,2007 00:00

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը երեկ ուշ երեկոյան տարածեցին հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը թարմացրել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումն ապահովող պայմանագիրը մայրաքաղաք Երեւանում գտնվող մասնավոր ռադիոցանցով:

Միջմայրցամաքային «Ար ռադիո»-ի հետ պայմանագիրն ուժի մեջ է 2007 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 14-ը: Ցանցը ունի 23 հաղորդակ, որոնք ծածկում են Երեւանն ու մի շարք հեռավոր շրջաններ: «Մենք գոհ ենք, որ բազմաթիվ հայ ունկնդիրները հնարավորություն կունենան այսուհետ եւս լսել մեր ծրագրերը միջմայրցամաքային «Ար ռադիո»-ով»,- ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:

Գեդմինը, այդուհանդերձ, նշել է, որ ամբողջ երկրի ծածկույթն ապահովող Հայաստանի հանրային ռադիոյի հետ պայմանագիրը թարմացնելուն ուղղված ջանքերը առայժմ արդյունքի չեն բերել: «Մենք շարունակում ենք խորապես հավատալ, որ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը պետք է մատչելի լինի ողջ Հայաստանի համար: Հարյուր հազարավոր ունկնդիրներ վստահում են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը եւ սպասում են մեր ճշգրիտ, համակողմանի լրատվությանը»,- ասել է Գեդմինը՝ նշելով, որ վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ հայաստանցիների 15 տոկոսը ամեն շաբաթ ունկնդրում է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները:

Հայաստանի հանրային ռադիոն հուլիսի կեսերին հայտարարել էր, որ 2007 թվականի օգոստոսի 9-ից դադարեցնելու է «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը իր ցանցի 80 հաղորդակներով: «Մենք ամեն ջանք գործադրեցինք՝ լուծելու իրավական եւ պայմանագրային բոլոր հարցերը, եւ վստահ ենք, որ հեռարձակումը չշարունակելու որեւէ պատճառ չկա»,- ասել է Գեդմինը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել