Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գործով հրահանգները տրվում են նախագահականից»

Օգոստոս 02,2007 00:00

Ասում է «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը

«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը համոզված է, որ իրեն պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքը մերժվել է «զուտ քաղաքական նկատառումներով»: 3,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրողը անազատության մեջ է արդեն 16 ամիս:

«Պիտի ասեմ, որ իմ գործով հրահանգները տրվում են ուղղակի նախագահականից,- «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց երկուշաբթի օրվանից դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.- Եվ հանրապետության ղեկավարը նաեւ այստեղ հետեւողականորեն շարունակում է վրեժ լուծել: Ինչպես Վիեննայի լրագրողների ակադեմիան էր գնահատականը տվել՝ վրեժխնդիր է փորձում լինել այն գործունեության համար, որ ես 2003 թվականից ծավալել եմ Լոս Անջելեսում այս իշխանությունների դեմ՝ այնտեղ լրջագույն զանգված ապահովելով՝ դժգոհ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների… Փաստորեն իշխանությունները ուղղակի ստիպված գնացին այս քայլին»: Արման Բաբաջանյանը հավելեց. «Վաղակետ-պայմանական ազատումից ինձ զրկելու իրենց որոշումը ավելի ընդգծում է այս իշխանությունների փոքրությունը եւ նրանց թուլությունը»:

Հարկ է հիշեցնել, որ միջգերատեսչական հանձնաժողովը, որը մերժել է Արման Բաբաջանյանի վաղաժամկետ-պայմանական ազատման խնդրանքը, ստեղծվել է երկրի նախագահի հրամանագրով՝ 2006 թվականի հուլիսին, եւ այդ հանձնաժողովի անդամներին նշանակում է երկրի նախագահը: Հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը:

Հանձնաժողովի կողմից իր դիմումի մերժում ը Բաբաջանյանը գնահատում է որպես քաղաքական որոշման արդյունք. «Պետք է ասել, որ այնտեղ ընդգծված վերաբերմունք է եղել իմ անձի նկատմամբ, եւ այնտեղ գտնվող ուժային կառույցների ներկայացուցիչներն ուղղակի կտրականապես նշան են տվել հանձնաժողովի այլ անդամներին, թե ինչպես պետք է քվեարկել»:

«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը նաեւ ասաց. «Նշեմ, որ այդ օրը դիմող մոտ 19 դատապարտյալներից չորսը ազատվել են: Նրանցից բոլորը եղել են կրկնակի դատվածներ, իսկ ես առաջին անգամ եմ դատապարտվել: Նրանցից մեկը, օրինակ, ավազակային հարձակմամբ սպանություն գործած մեկն է եղել, եւ նրան, փաստորեն, կամայականորեն հանձնաժողովը վաղակետ-պայմանական ազատման է ենթարկել»: Եվ հավելել է, որ իր միջնորդությունը մերժվել է «առանց որեւէ հիմնավորման», քանի որ հանձնաժողովը չուներ իր խնդրով որոշում կայացնելու իրավունք:

Բաբաջանյանին ձերբակալել են 2006 թվականի հունիսին, իսկ, իր պնդմամբ, նշված հանձնաժողովը նախագահի հրամանագրով ստեղծվել է նույն թվականի հուլիսին: Եվ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի հանձնաժողովը իր հարցը քննելու «իրավասություն չուներ»:

Այս կապակցությամբ Բաբաջանյանի փաստաբանը արդեն դիմել է առաջին ատյանի դատարան: Գործն ուղարկվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել